Ամալյա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Այս բաժնում ներկայացված խոհարարական բոլոր բաղադրատոմսերն արդեն ճաշակել են շատ շատերը՝ նրանք, ովքեր բախտ ունեն ծանոթ լինելու Ամալյա Բաղդասարյանին, ովքեր դրդել են հեղինակն ի մի բերել իր լավագույն ճաշատեսակները, աղցանները, խմորեղենները, պահածոները և այլն։ Համարձակորեն փորձեք, վայելեք համի հաճույքը...



ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
 
Ամեն մի ժողովուրդ բնութագրվում է իր ազգային նկարագրով ու առանձնահատկություններով, որոնցից մեկն էլ նրա խոհանոցն է, որով արտահայտվում են ժողովրդի նախասիրությունները այս կամ այն կերակրատեսակների նկատմամբ, հնարամտություններն ու կարողությունները, որոնք դարձել են ընտանեկան օջախը հաստատուն պահելու առաջնահերթ երաշխիքներից մեկը: Համեղ և բազմատեսակ կերակուրներ ու թխվածքներ պատրաստելու հմտությունը յուրաքանչյուր տնտեսուհու բազմաթիվ շնորհալի հատկություններից թերևս ամենակարևորն է, որը սույն գրքի ստեղծման դրդապատճառն է հանդիսացել: Հեղինակի նպատակն է մասսայականացնել այնպիսի կերակրատեսակների և մասնավորապես թխվածքների պատրաստման եղանակները, որոնց գերակշռող մասը ոչ միայն ամբողջությամբ չեն արտացոլվել հրապարակված խոհարարական գրքերում, այլև որոշ տնտեսուհիների «մեղքով» լայն տարածում չեն գտել, որովհետև ոմանք փորձում են գաղտնի պահել դրանք` բարձր որակն ու պատրաստման մենաշնորհն իրենց վերապահելու միտումով: Այդպիսի մոտեցումը միանգամայն սխալ է: Չպետք է մոռանալ, որ ազգային հարուստ խոհանոցի համար այսօր մենք երախտապարտ ենք մեր նախնիներին, որոնք իրենց հմտությունները, համեղ կերակուրներ պատրաստելու գաղտնիքները ժառանգելով իրենց ավագ սերնդից ժամանակի ընթացքում հարստացրել են նոր որակներով ու տեսակներով և փոխանցել մեզ: Հետևապես մեզանից յուրաքանչյուրն այսօր պարտավոր է արժանապատվորեն պահպանել այդ սուրբ ավանդույթը, նույնությամբ շարունակել և լավագույնը ժառանգել գալիք սերունդներին: Չէ՞ որ դա պատմություն է, ժողովրդի կենցաղը, նրա բնավորությունը, որոնցով պայմանավորված է սննդով ապահովված նրա ապրելակերպը:
 
Որքան թանկ ու անփոխարինելի են մեր տոհմիկ ժողովրդի լեզուն ու հողը, նրա մշակույթը, հոգևոր հարստությունները, նույնքան էլ նրա կենցաղի հետ առնչվող շնորհքն ու տաղանդը, որոնցով ընդգծվում է մեր ժողովրդի ազգային նկարագիրը: Սույն գիրքը հասցեագրված է առաջին հերթին նորաստեղծ ընտանիքներին և ապա` նրանց, ում համար խոհարարությունը ամենահաճելի զբաղմունքն է: Ամենևին պարտադիր չէ, որ տնտեսուհին նույնությամբ օգտագործի միմիայն գրքում առաջարկված մթերքներն ու համեմունքները` կաշկանդվելով տրված չափերի շրջանակում: Հմուտ տնտեսուհին ոչ միայն պետք է ազատորեն օգտվի տվյալ պահին ձեռքի տակ եղած մթերքից` և տաք և սառը կերակուրներ պատրաստելու համար, այլև ցուցաբերի իր նորամուծությունը, ինչ-որ բան փոփոխելով` կատարելագործել դրանք: Չէ՞ որ ամեն մի տնտեսուհի նաև նորարար է: Կարևորն այն է, որ արդյունքում ստացվի համեղ և սննդարար կերակուր կամ թխվածք:
 
Բոլոր տնտեսուհիները, անշուշտ, հաճույքով են նախապատրաստվում ընտանեկան միջոցառումներին՝ ջանք ու եռանդ չխնայելով ոչ միայն տոնական սեղանը գեղեցիկ սպասքավորելու, ծաղիկներով, անձեռոցիկների յուրատեսակ ծալվածքներով զարդարելու, այլև համադամ ուտեստների, մատուցվող կերակուրների՝ աչք շոյող, ախորժակ գրգռող գեղարվեստական ձևավորման համար, որոնք գեղագիտական հաճույք կպատճառեն հյուրերին: Դա անհրաժեշտ է ոչ միայն հատուկ, այլև ամենօրյա ճաշի ժամանակ: Սիրելի կանայք, երբեք մի՛ զլացեք և մի՛ հրաժարվեք նորը փնտրելու և յուրացնելու հնարավորությունից և Ձեր խոհարարական հմտությունները շարունակ կատարելագործելուց, սեփականն ավելացնելուց, նաև գալիք սերունդների համար բարի գործ կատարելուց, լիարժեք սննդարարությամբ հագեցած Ձեր ստեղծած կերակրատեսակների, թխվածքների, զանազան քաղցրավենիքների տեսակներն ու պատրաստման եղանակները ժառանգելու պարտականությունից: Ընդունեք, որ դա չգրված օրենքով ավանդաբար հայ տնտեսուհուն տրված և՛ իրավունքն է, և՛ պահանջը: Հետևաբար բոլորիս պարտքն է մնալ ազգային ավանդույթներին հավատարիմ և սիրով կատարել նախորդ սերնդից ժառանգած այդ սուրբ առաքելությունը:
 
Ժողովածուն կազմելիս հեղինակը հրաժարվել է խոհարարական գրականության մեջ ընդունված ավանդական դասավորումից` նկատի ունենալով այն հանգամանքը, որ բոլորի համար ավելի դյուրին կլինի այբբենական ցանկից օգտվելը, հետևաբար նպատակահարմար ենք համարել այբբենական դասակարգումը: Գիրքն ունի երեք բաժին.
 
ա) կերակրատեսակներ, աղցաններ, սառը նախուտեստներ,
բ) թխվածքներ, այլ կարգի քաղցրավենիքներ,
գ) մուրաբաներ։
 
Հիմնականում առաջարկվում են մեծ ընդունելություն գտած կերակրատեսակների, թխվածքների, աղցանների պատրաստման «գաղտնի» պահված և հեղինակի փորձած կամ ստեղծած եղանակները:
 
Սիրելի՛ կանայք, խոհարարության վերաբերյալ յուրաքանչյուր գիրք կամ բրոշյուր միշտ էլ իրենց մեջ նորություններ են պարունակում: Կարդացեք և Ձեր գիտելիքներին ավելացրեք նորն ու համեղը: Խոհարարությունը հաճելի զբաղմունք է: Այն առավել բավականություն կպատճառի, եթե մշտապես Ձեզ ուղեկցեն կատակն ու հումորը, որոնք ինչ-որ չափովկթեթևացնեն Ձեր առօրյան:
 
Այ հավաքածուում հեղինակը փորձել է նաև առաջին անգամ Ձեր ուշադրությանը ներկայացնել մեր ամենօրյա կերակրատեսակների վերաբերյալ իր մի քանի կատակ-ստեղծագործություններ: Էլ ինչ տնտեսուհի, որը չկարողանա արտասովոր կերակուրներով, դրանց մասին կատակելով ու սրամտելով՝ ընտանեկան մթնոլորտը դարձնել ջերմ ու տրամադրող, որից, անշուշտ, Ձեր ամուսինները կցանկանան անմասն չմնալ: Վայելեք սրամտելով, կատակելով ու ծիծաղելով, որոնք կյանքի անփոխարինելի «համեմունքներն» են: Հայաստանյան արևի ջերմությունից գերքաղցրությամբ հագեցած մրգերը վայելեք ոչ միայն ամռան շոգ ու տապ օրերին, այլև ցրտաշունչ ձմռանը՝ յուրաքանչյուր պահ զգալով հայոց աշխարհի քաղցրահամ մրգերի համն ու բույրը, այդ նպատակով գրքում տեղ են գտել նաև գրեթե բոլոր մրգերից պատրաստվող մուրաբաների բաղադրատոմսերը։
 
Վերջում տրվում են մի քանի օգտակար խորհուրդներ:
 
Հային հացն է սովից փրկել,
Քանզի գիտե հերկել, ցանել,
Հետո հնձել, ալյուր դարձնել,
Եվ ալյուրից նա դարերով
Պատրաստել է համեղ, տեսքով
Կերակուրներ ու թխվածքներ,
Իր ազգային խոհանոցով
Օտարներին միշտ հիացրել:
 
Իսկ մեր կանանց՝ շնորհալի,
Հնարամիտ ու գեղանի,
Եթե դուք տաք ոսպ, մակարոն,
Բրինձ ու միս, հազար «կրճոն»,
Տեսեք ինչեր նա կարարի,
Իր ձեռքերով հանպատրաստից,
Միայն խաղաղ սրտով ապրի,
Հեռու մնա ցավ-փորձանքից:
 

 
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
 
1. Թ/բ - թեյի բաժակ
2. Թ/գ - թեյի գդալ
3. Ճ/գ - ճաշի գդալ
 
ԲԱՌԱՐԱՆ
 
Աղցան - տապակած կանաչի (սիբեխ, սպանախ և այլն)
Սալաթ - զանազան մթերքներով պատրաստած բուսական յուղով և համեմունքներով սառը ուտեստ։
Բարակաբլիթ - բլինչիկ։
Խավարտ - գարնիր։
Կարոս - մաղադանոս։
Թանձրահյութ - սոուս (подливка)։
Լցոն - խճողակ (фарш)։

 
Copyright © 2019 Fon Яндекс.Метрика Design created by Fon