Օրը կգա, բարին՝ հետը

Ցույցեր և երթեր, մեծ տոնախմբություն Գյումրիում

Հայաստան 151 0.0

Ապրիլի 23-ին Գյումրիում երթերի, ցույցերի ու հանրահավաքի օր էր:

Գյումրեցի ցուցարարները՝ մեծից փոքր մեծ ոգևորությամբ մասնակցեցին «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Երթեր և ցույցեր տեղի էին ունենում հանրապետության երկրորդ քաղաքի տարբեր հատվածներում:
Փողոցներով քայլող ցուցարարներին էին դիմավորում շենքերի բնակիչները և այլ քաղաքացիներ: Այդ օրը ոստիկանությունը որևէ կերպ չխանգարեց ցուցարարներին:

Ժամը 18:00-ին, երբ Գյումրու Թատերական հրապարակում մեծ թվով մարդիկ էին հավաքվել, Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար էր եղել: Աննախադեպ քանակի մեքենաների կուտակումը շարունակվեց ժամեր շարունակ: Գյումրիում իսկական տոնախմբություն էր: Բոլորը տոնում էին վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մինչև ուշ երեկո Թատերական հրապարակը մարդաշատ էր:

Երգ, ուրախություն, պար, մեծ ոգևորություն: Այսպիսին էր իրավիճակը Գյումրիում:

Ըստ գյումրեցիների, սա մի նոր սկիզբ է իրենց համար, գոնե հույսեր կան, որ Հայաստանում կարելի է  ինչ-որ բաներ շտկել, կանգնեցնել արտագաղթը և մարդկանց աշխատատեղերով ապահովելու համար քայլեր ձեռնարկել: Տարեցներից մեկն էլ, թե վերջապես ազատվեցինք մի մեծ բեռից, և այսուհետ մեր երկիրը զարգացման ուղի է  բռնելու:

Նշենք որ ապրիլի 20-ին «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում հանրապետության երկրորդ քաղաքում տեղի  էր ունեցել բողոքի ակցիա, որի շրջանակներում ցուցարարները փակել էին Գյումրի-Արմավիր մայրուղին: Գյումրեցիներին միացել են նաև տեղի գյուղերի՝ մասնավորապես Լուսաղբյուրի և Շիրակավանի գյուղացիները:

Այնուհետև ցույցի մասնակիցները վանկարկել էին.«Ոստիկանը մե´րն է, ոստիկանը մե´րն է», «միացե´ք», «միացե´ք»:

Ցույցերին պարբերաբար մասնակցող ակտիվիստներից Հայկ Բարսեղյանին ոստիկանները բերման էին ենթարկել Աշտարակի մայրուղուց:

Վերջինս իր ֆեյսբուքյան էջին գրառում էր կատարել, որի համաձայն, ոստիկաններն իր մեքենան են վնասել: Նա իր էջին տեղադրել էր նաև վնասված մեքենայի լուսանկարը նշելով.«Մեքենաս վնասել են ոստիկանները, ինձ ազատ արձակեցին, մեքենաս չէ։ Բազմաթիվ ապօրինի գործողություններից հետո, ես չեմ նեղանում, ապրեք տղեք։ Ես վերադառնում եմ շարքեր։ Շնորհակալություն բոլորին անհանգստության համար»։

Ապրիլի 18-ին ևս Գյումրիում ցույցեր էին տեղի ունեցել: Առավոտվանից Գյումրու Թատերական հրապարակում ցուցարարներին միացել էին ապրիլի 17-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի գյումրեցի մասնակիցները:

Վերջիններս ցանկացել էին փակել երթևեկելի ճանապարհները, ոստիկանները ակայն խոչընդոտել էին, արդյունքում բախումներ էին եղել: Երկու անձ բերման էր ենթարկվել: Նրանցից մեկն Արման Գևորգյանն էր:

Միաժամանակ հանրապետությունում տեղի ունցող բողոքի ակցիաների ֆոնին, որոշակի հանգամանքների բերումով, որոշ ոլորտի աշխատակիցներ ձեռնպահ էին մնում ներքաղաքական գործընթացներին մասնակցելուց: 

Խոսքը մասնավորապես զբոսաշրջության ոլորտի զարգացման պատասխանատուների մասին է:

Այս ոլորտի թվով 175 ներկայացուցիչներ համացանցում հետևյալ բովանդակությամբ հայտարարություն էին տարածել.«Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ՝ ընկերներ և գործընկերներ: Վերջին օրերին մեր հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն ու դրանց հետևող դժգոհության հասարակական ալիքն անտարբեր չի թողել ՀՀ զբոսաշրջության ոլորտի մի շարք աշխատակիցների:

Չնայած հանրապետությունում տիրող լարված իրավիճակին՝ մենք անում ենք ամեն հնարավորը՝ երկիր այցելած զբոսաշրջիկին մատուցվող ծառայությունները հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Անկախ քաղաքական հայացքներից ու տիրող իրավիճակի հանդեպ ունեցած դիրքորոշումից՝ մենք՝ արհեստավարժ մասնագետներս, կարողանում ենք պահպանել ոլորտի աշխատակցի էթիկային հարիր չեզոքություն՝ շատ հաճախ երկիր այցելած հյուրերին ներկայացնելով ցանկալին՝ իրականության փոխարեն, այսպիսով փորձելով հնարավորինս դրականորեն պահպանել հայրենիքի և պետության իմիջը աշխարհի քաղաքական և զբոսաշրջային քարտեզի վրա:

Հատկանշական է, որ չնայած ՀՀ տարածքում գնալով ակտիվանում է դասադուլների և գործադուլների ալիքը, սակայն մեր ոլորտը սպասարկող մասնագետները ձեռնպահ ենք մնում՝ օգտագործել մեր սահմանադրական իրավունքն ու բացեիբաց հայտնել մեր քաղաքացիական դիրքորոշումը՝ միանալով բողոքի ակցիաներին: Պատճառը քաղաքացիական բարձր գիտակցությունն է: Քանի որ մենք շատ լավ հասկանում ենք մեր կատարած աշխատանքի տնտեսական, քաղաքական և միջազգային նշանակությունը:

Սակայն ցանկանում ենք նշել, որ մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում ՀՀ ողջ տարածքում բողոքի ալիք բարձրացրած մեր համաքաղաքացիներին:

Միաժամանակ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և ուժային կառույցներին ձեռնպահ մնալ ՀՀ ողջ տարածքում խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից:

Այլապես մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, խոստանում ենք օգտագործել ՀՀ սահմանադրությամբ մեզ տրված իրավունքն ու գործադուլ հայտարարել՝ կաթվածահար անելով ՀՀ զբոսաշրջության ոլորտը: 

Մենք լիահույս ենք, որ բանը դրան չի հասնի, և բարձրացված արդար ու իրավական հարցերը կստանան խաղաղ և մեր պետության համար օգտակար լուծում»:

Ինչ վերաբերում է հավաքներին ու ցույցերին երեխաների մասնակցությանը, ըստ Եվրոպական դատարանի փաստաբան   Ռուբեն Այվազյանի, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ:

«Տվյալ դեպքում գտնում եմ, որ օրենսդիրը սահմանափակել է միայն մինչև 14 տարեկան անձանց հավաք կազմակերպելու իրավունքը, այլ ոչ թե` մասնակցելու»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է առհասարակ ցույցերի և երթերի կազմակերպմանը, ներկայումս հանրային հավաքների անցկացումն ՀՀ տարածքում կարգավորվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, քանի որ 02.05.2011թվականից ուժը կորցրել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը:

«Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը թույլատրված է ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածի դրույթով, իսկ խաղաղ հավաքների ազատությունը վավերացված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին (փոփոխված՝ 11-րդ արձանագրությամբ, Հռոմ, 04.11.1950 թվական) կոնվենցիայի 1112 -րդ հոդվածով:

Հանրային հավաքները թույլատրելի են, եթե` լիազոր մարմինն հավաքի անցկացման իրազեկումն ի գիտություն է ընդունել, կազմակերպչի հիմնավոր կարծիքով հավաքին մասնակցելու է ոչ ավելի, քան 100 մասնակից, որի դեպքում իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ, հավաքն ինքնաբուխ է, որն անցկացվում է որոշակի իրադարձությանն անմիջապես արձագանքելու նպատակով, որի դեպքում իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ: Ինքնաբուխ հավաքը չի կարող տևել վեց ժամից ավել, հավաքը շտապ է, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում, որի դեպքում իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ: Շտապ հավաքը չի կարող տևել վեց ժամից ավել»։

Ըստ փաստաբանի, ինքնաբուխ, կամ շտապ հավաքների 6-ժամյա սահմանափակումը լրանալուց հետո կրկին ինքնաբուխ, կամ շտապ հավաքների որևէ արգելք օրենքը չի նախատեսել:

Անահիտ Սիմոնյան

Մեկնաբանություններ: 0
avatar
+18

ArmenLur.am` հարթակ անկախ լրագրողների համար