Դանիիլ Խարմս. Նոր տաղանդավոր գրողը


Անդրեյ Անդրեևիչը այսպիսի պատմվածք էր հորինել։

Մի հնամյա դղյակում ապրում էր արքայազնը՝ ահավոր խմող։ Իսկ արքայազնի կնիկը, ընդհա­կառակը, թեյ անգամ չէր խմում, միայն ջուր ու կաթ էր խմում։ Իսկ մարդը օղի ու գինի էր խմում։ Դե նրա կնիկն էլ էր իրականում օղի խմում, բայց թաքուն։ Իսկ մարդը անամոթ էր ու չէր թաքցնում։ «Կաթ չեմ խմում՝ արաղ եմ խմում»,– ասում էր նա։ Իսկ կնիկը թաքուն, գոգնոցի տակից հանում էր շիշն ու հո՜պ, ուրեմն՝ խմում էր։

Նրա մարդը՝ արքայազնը, ասում է. «Ինձ էլ տայիր, էլի՜»։ Իսկ կնիկը՝ արքայադուստրը, ասում է. «Չէ, իսկի ինձ չի հերիքում։ Խյու»։«Ախ, դու,– ասում է արքայազնը,– լե՛շ»։ Ու այդ խոսքերով կնկան գետնովն է տալիս։

Կնիկը՝ մռութն այլանդակ­ված, պառկել է գետնին ու լացում է։ Իսկ արքայազնը փարաջայով փաթաթվում ու գնում է իր մոտ՝ աշտարակ. այնտեղ վանդակներ կան։ Նա, իմացար, այնտեղ հավ է բուծում։ Գալիս է արքայազնը աշտարակ, իսկ այստեղ հավերը ղժժում են, ուտելիք են ուզում։ Մի հավ, մինչև անգամ, սկսում է զռ­ռալ։ «Դե, դու,- ասում է նրան արքայազնը,– շանտիկլո՛ր, սսկվի՛ր, քանի բերնիդ չես կերել»։ Հավը բառ չի հասկանում ու շարունակում է զռռալ։ Ստացվում է, ուրեմն, որ հավը աշտարակում ղժղժում է, արքայազնը, ուրեմն, մեր է քրֆում, կնիկը ներքևում հատակին է պառկել, մի խոսքով՝ իսկական Սո­դոմ։

Ահա թե ինչպիսի պատմվածք էր հորինել Անդրեյ Անդրեևիչը։ Եվ արդեն այս պատմվածքից կարելի է դատել, որ Անդրեյ Անդրեևիչը խոշոր տաղանդ է։ Անդրեյ Անդրեևիչը շատ խելացի մարդ է։ Շատ խելացի ու շատ լավ։

12-30 հոկտեմբերի, 1938 թ.

Բնագրից թարգմանեց Արմեն ֆոն Գևորգյանը