Գրավյա՞լ տարածքներ, ազատագրվա՞ծ տարածքներ, թե՞ անվտանգության գոտի

Հեղինակային 24.11.2019   15:37   54

1994 թ. Արցախյան պատերազմում հրադադար կնքելուց հետո, Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա սահմաններից դուրս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների ամբողջությանը տրվել է երեք տերմին՝ 

  1. «անվտանգության գոտի», 
  2. «գրավյալ տարածքներ», 
  3. «ազատագրված տարածքներ»։

Սկզբում շրջանառվում էր «անվտանգության գոտի» տերմինը, ինչը նշանակում էր, որ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքն են. երաշխիք, որպեսզի ադրբեջանական արկերը չհասնեն Ղարաբաղի տարածք։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին էր։

Քոչարյանական ժամանակաշրջանում, երբ Արցախն այլևս բանակցային գործընթացից դուրս էր, այդ տարածքներին տրվեց «գրավյալ տարածքներ» անվանումը։ Ճիշտ է, Քոչարյանի արտգործնախարար Օսկանյանը ներքին քաղաքականության մեջ փորձեց դա թյուրըմբռնմանը վերագրել, բայցևայնպես տերմինն արդեն մտել էր շրջանառության մեջ։

Քոչարյանից հետո, Սերժ Սարգսյանի իշխանավարման օրոք շրջանառության մեջ դրվեց «ազատագրված տարածքներ» տերմինը և, անկախ այն բանից, թե բանակցությունների սեղանին քննարկվող փաստաթղթում ինչ տերմին է գործածվում, հայկական միջավայրում այն կիռարվում է առայսօր։ Այսինքն, եթե նախորդ երկու տերմիններն ուղղված էին միջազգային հանրությանը, «ազատագրված տարածքները» մնացել է բացառապես ներհայկական միջավայրում շրջանառվող տերմին։

Նկատի առնենք, որ Արցախյան պատերազմը չի սկսվել որպես ազգային-ազատագրական պայքար, այսինքն՝ Հայաստանը պատերազմ չի սկսել հայկական պատմական հողերը գրավելու նպատակով, այլ, իրականությունն այն է, որ հայկական ուժերը ներքաշվել են գոյապայքարի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում էթնիկ բնակչության՝ հայերի գոյությունը բնաջնջելու դեմ։ Եվ բնական էր, որ հրադադարի պահին հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող այդ հողերը կոչվեին «անվտանգության գոտի», ինչը հասկանալի և ըմբռնելի էր միջազգային հանրությանը և այդ հիմնավորումն էր, որ Հայաստանը չէր դիտվում ագրեսոր, հակառակ դեպքում հայտնված կլինեինք միջազգային պատժամիջոցների ճնշման ներքո։

Ավելորդ է քննել «գրավյալ տարածքներ» տերմինը, քանի որ ակնհայտ է, որ այն ադրբեջանահաճո ակունքներ ունի։

Սակայն, 20 տարիների ընթացքում ինչու՞ տեղի ունեցավ նման տերմինափոխություն։ Մի քանի պարզունակ հարց ու պատասխան հնչեցնենք. ի՞նչ է նշանակում «ազատագրված տարածքներ» և ո՞վքեր են այդ տարածքներն ազատագրել. պարզ է՝ հայերը։ Բայց ո՞ր հայերը. Հայաստանի Հանրապետությո՞ւնը ներկայացնող հայերը, թե՞ Արցախի Հանրապետությունը… թե՞ երկու հանրապետություններն էլ միասին։ Այսինքն, ո՞ր իրավաքաղաքական միավորն է իր վրա վերցրել մեր պատմական տարածքները ազատագրելու պատասխանատվությունը՝ Հայաստա՞նը, Արցա՞խը, թե՞ Հայաստանն ու Արցախը համատեղ։

Հասարակ մահկանացուներս չենք այս հարցերին պատասխան տվողները։ Այս հարցերի պատասխանն առաջին հերթին պետք է ունենան  ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական գործիչները։ Առավել ևս, այս հարցերի հստակ պատասխանն ակնկալվում է օրվա իշխանություններից։

Գրիգոր Բաղդասարյան

 Լուսանկարներ


 Պիտակներ
         արցախյան հակամարտություն, Գրիգոր Բաղդասարյան

 Նմանատիպ նյութեր

Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2019 Fon Яндекс.Метрика Design created by Fon