«Հիմա ես կպատմեմ, թե ինչպես եմ ծնվել...»


Հիմա ես կպատմեմ, թե ինչպես եմ ծնվել, ինչպես մեծացել ու ինչպես են իմ մեջ ի հայտ եկել հանճարի առաջին նշանները։ Ես ծնվել եմ երկու անգամ։ Դա պատահել է այսպես։

Հայրս մորս հետ ամուսնացել է 1902 թվականին, բայց ինձ լույս աշխարհ են բերել միայն 1905-ի վերջերին, որովհետև հայրիկը ցանկացել է, որ իր երեխան անպայման ծնվի Նոր տարուն։ Հայրիկի հաշվարկներով բեղմնավորումը պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին, և հենց այդ օրն էլ, երեխա ունենալու առաջարկով, ժամանել է մայրիկի մոտ։

Առաջին անգամ հայրիկը ժամանել է 1903 թվականի ապրիլի 1-ին։ Մայրիկը վաղուց էր սպա­սել այդ պահին և սաստիկ ուրախացել էր։ Բայց հայրիկը, ինչպես երևում է, կատակելու մեծ ցան­կություն է ունեցել և, իրեն չզսպելով ասել՝ այսօր ապրիլի 1-ն է։

Մայրիկը խիստ վիրավորվել է և այդ օրը հայրիկին իր մոտ չի թողել։ Ստիպված պետք էր սպասել հաջորդ տարվան։

1904 թվականի ապրիլի 1-ին հայրիկը նորից է նույն առաջարկությամբ ժամանում մայրիկի մոտ։ Բայց մայրիկը վերհիշելով նախորդ տարվա դեպքը, ասում է, որ ինքը չի ցանկանում հիմար դրության մեջ հայտնվել և հայրիկին նորից իր մոտ չի թողնում։ Որքան էլ հայրիկը մոլեգնում է՝ ոչինչ չի ստացվում։

Եվ միայն մեկ տարի անց է հայրիկին հաջողվում կոտրել մայրիկի համառությունն ու սերմանել ինձ։

Այսպիսով, իմ բեղմնավորումը տեղի է ունեցել 1905 թվականի ապրիլի 1-ին։

Սակայն հայրիկի հաշվարկներն ի չիք են դարձել, քանի nր ես օրապակաս եմ եղել և ծնվել եմ ժամկետից չորս ամիս շուտ։

Հայրիկն այնպես է կատաղել, որ մանկաբարձուհին վախեցած սկսել է ինձ հետ խցկել։

Ներկաներից՝ ռազմա-բժշկական ակադեմիայի մեզ ծանոթ մի ուսանող, հայտարարել է, որ հետ խցկելը չի ստացվի։

Սակայն, անտեսելով ուսանողի ասածը, ինձ հետ խցելը խցկել են, բայց շտապելուց ուրիշ տեղ են խցկել։

Այստեղ սարսափելի իրարանցում է սկսվել։

Մայրիկը բղավում է՝ ինձ տվեք իմ երեխային։ Իսկ նրան պատասխանում են՝ Ձեր երեխան գտնվում է ձեր մեջ։ «Ինչպե՞ս,- բղավում է մայրը։- Ինչպե՞ս է երեխան իմ մեջ, երբ ես նրան հենց նոր ծննդաբերեցի»։ «Բայց,- ասում են մորը,- միգուցե դուք սխալվու՞մ եք»։«Ինչպե՞ս թե սխալ­վում եմ,- բղավում է մայրիկը։- Մի՞թե ես կարող եմ սխալվել։ Ես ինքս տեսա, որ երեխան քիչ առաջ պառկած էր այստեղ՝ սավանին»։ «Ճիշտ է,- ասում են մորը,- բայց գուցե նա ինչ-որ տե՞ղ է սողոս­կել»։ Մի խոսքով՝ իրենք էլ չեն իմանում ինչ ասեն։

Իսկ մայրն աղմկում է և պահանջում իր երեխային։

Ստիպված փորձառու բժիշկ են կանչում։ Փորձառու բժիշկը քննում է մորը և ձեռքերով բաց անում, բայց և այնպես հասկանում է, թե բանն ինչումն է և մեծ բաժին անգլիական աղ է տալիս մորը։ Մայրիկի փորը լուծում է և, այսպիսով, ես երկրորդ անգամ եմ լույս աշխարհ գալիս։

Այստեղ հայրիկը նորից է կատաղում, թե՝ սա, իբր, դեռ չի կարելի ծնունդ համարել, որ դա, իբր, դեռ մարդ չէ, ավելի շուտ կիսավիժվածք է, և որ նրան կամ պետք է տեղը խցկել, կամ պահել ակվա­րիումի մեջ։

Եվ ինձ պահում են ակվարիումի մեջ։

25-ը սեպտեմբերի 1935թ.

Ակվարիումային շրջան

Ակվարիումի մեջ ես մնացել եմ չորս ամիս։ Հիշում եմ միայն, nր ակվարիումը ապակեպատ էր, թափանցիկ և ջերմաչափ ուներ։ Ակվարիումի մեջ ես բամբակի վրա էի։ Ուրիշ ոչինչ չեմ հիշում։

Չորս ամիս անց ինձ հանում են ակվարիումից։ Դա տեղի է ունենում 1906 թվականի հունվա­րի 1-ին։ Իմ ծննդյան օրը համարում են հենց հունվարի 1-ը։

1935

Բնագրից թարգմանեց Արմեն ֆօն Գևորգյանը


Ռուս գրող Դանիիլ Խարմսը (իսկական անունը՝ Դանիիլ Իվանովիչ Յուվաչյով), ծնվել է 1905 թվականի դեկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում:

  • 1915-1918 թթ. սովորել է միջնակարգ դպրոցում, 1922-24 թթ. միասնական աշխատանքային դպրոցում, 1924 թվականից Պետերբուրգի առաջին էլեկտրտեխնիկումում: Մոտավորապես 1921-1922 թվականներին Դանիիլ Յուվաչյովն իր համար ընտրում է Խարմս կեղծանունը:
  • 1924-26 թթ. Խարմսն սկսում է մասնակցել Լենինգրադի գրական կյանքին:
  • 1920-30-ական թթ Խարմսը ակտիվորեն համագործակցել է մանկական ամսագրերի հետ, որտեղ տպագրվել են նրա բանաստեղծությունները, պատմվածքները, հումորային գովազդները և գլուխկոտրուկները:
  • 1931 թվականի դեկտեմբերին գրողը ձերբակալվում է հակասովետակյան գրողների խմբին մասնակից լինելու մեղադրանքով, ընդ որում ձերբակալման հիմք են դառնում մանկական գրական աշխատանքները: Նրան աքսորում եմ Կուրսկ:
  • Սանկտ Պետերբուրգ Խարմսը վերադառնում է 1932 թվականի հոկտեմբերի 12-ին: Երկրորդ անգամ ձերբակալվել է 1941 թվականի օգոստոսի 23-ին: 
  • Վախճանվել է 1942 թվականի փետրվարի 2-ին: