Օրը կգա, բարին՝ հետը

Ի՞նչ է բիթքոյնը

Տեսակետ բիթքոյն 129 0.0

Բոլորն են հիշում Wanna cry` լացող կրեպտովիրուսի մասին: Ծածկագրված վիրուսը հայտնվում էր ձեր համակարգչում, այն դարձնելով միանգամայն անպիտան: Դուք կամ վճարում էիք հաքերին և նա վերացնում էր վիրուսը ձեր համակարգչից, կամ էլ համակարգչում ամբարված ամբողջ ինֆորմացիան գրողի ծոցն էր կորչում: Բայց ցանցահեններին կարող էին վճարել քչերը, բայց ոչ այն պատճառով, որ վճարունակ չէին: Ուղղակի՝ վճարման արժույթն էր տարբեր: Բիթքոին նորահայտ արժույթի մասին գիտեն քչերը:

2008 թ. նոյեմբերին համցանցում հայտնվեց մի փաստաթուղթ, որտեղ կրպիտոգրաֆիայի միջոցով հանգամանալից բացատրվում էր վիրտուալ փողերի էությունը: Մեկ տարի անց՝ 2009թ-ին, հանրությանն անծանոթ Սատոշի Նակամոտոն հրապարակեց բիթքոինների հաճախորդների ծրագրային ապահովումը: Հենց Սատոշի Նակամոտոն էլ համարվում է էլեկտրոնային արժույթի ստեղծողը: Թե իրականում ով է կանգնած այս կեղծանվան հետևում, ոչ ոք չգիտի: Կան միայն բազմաթիվ ենթադրություններ, բազմաթիվ հոդվածներ, որոնք իրենց բովանդականությամբ սկանդինավյան դետեկտիիվներ են հիշեցնում: Բայց շատ կարճ ժամանակում բոլոր միֆերը հօդս են ցնդում, իսկ կրեպտոհանճարը մինչև օրս շարունակում է մնալ անանուն:

Ի՞նչ է բիթքոյնը

Եթե փորձենք կարճ բնութագրել, ապա այն նոր սերնդի դեցենտրալիզացված թվային արժույթ է, որը ստեղծվել և գործում է միայն համացանցում: Ոչ ոք այն չի կառավարում, արժույթը ստեղծվում է (էմմիսիա) ամբողջ աշխարհի միլիոնավոր համակարգիչներում՝ մաթեմատիկական ալգորիթմներ վերլուծող ծրագրի միջոցով: Բիթքոյններով դուք կարող եք կատարել ցանկացած օնլայն վճարում, ինչպես ստանդարտ արժույթներով (դոլար, դրամ, ռուբլի, եվրո ևն): Բայց ամենակարևոր հատկանիշը դեցենտրալիզացիան է: Աշխարհի ոչ մի կազմակեպություն, ոչ մի անհատ չի կառավարում բիթքոյնը: Որոշ մարդկանց դա դնում է փակուղու մեջ, քանի որ դա նշանակում է, որ ձեր միլիարդները բառի բուն իմաստով մնում են օդից կախված, և ոչ մի բանկ պատասխանատվություն չի կրում դրա համար:

Սա նշանակում է, որ ոչ մի կենտրոնական մարմին չի կարող իր կանոնները թելադրել բիթքոյնի սեփականատիրոջը, ինչպես օրինակ 2013-ի սկզբին՝ Կիպրոսում: Նույնիսկ, եթե ցանցի ինչ որ հատված դուրս գա օնլայն հարթակից, վճարման համակարգը շարունակելու է կայուն աշխատել: Արժույթը կախված չէ ոչ ոսկուց, ոչ արծաթից, ոչ էլ նավթից: Հիմքը մաթեմատիկական ալգորիթմներն են:

Ոչ ոք չի ստեղծում բիթքոյնը: Պրակտիկորեն, սեփական բիթքոյն կարող է ստեղծել յուրաքանչյուրը և իրեն զգալ ինչպես մինի Կենտրոնական բանկ: Բայց մի տարվեք բիթքոյններով արագ հարստանալու երազանքով: Նախ, բիթքոյնի կոդ գրելու համար մաթեմատիկական լուրջ գիտելիքներ են անհրաժեշտ: Սկզբնական շրջանում բիթքոյններ տրամադրում էին միայն մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելուց և սեփական խնդիրն առաջադրելուց հետո: Դրան գումարած, եթե 2-3 տարի առաջ բիթքոյններով արագ հարստանալը ավելի քան իրական էր, ապա հիմա դա մեծ ծախսեր է պահանջում: Բիթքոյնի ալգորիթմը գեներացնելու համար ստեղծվել են հատուկ չիպեր և պրոցեսորներ, որոնք շատ թանկ արժեն: Միայն այդպիսի պրոցեսորների վրա է հնարավոր գեներացնել համապատասխան մաթեմատիկական ալգորիթմը:

Ինչո՞ւ այսքան կարճ ժամանակում բիթքոյնները այսքան լայն տարածում գտան և ինչո՞ւ են ցանցահենները վճարումներ պահանջում միայն բիթքոյններով: Չնայած համակարգի, այսպես ասած բյուրեղյա թափանցիկությանը, ոչ մի կերպ հնարավոր չէ հետևել դրա ընթացքին. այսինքն, եթե ինչ որ մի ֆիզիկական անձ, անվանենք նրան ասենք՝ Բոբ, ցանկանում է մեկ այլ անձի, ենթադրենք՝ Եվային, փոխանցել մեկ, տասը կամ հազար բիթքոյն, դրա մասին իմանում են բոլորը, բայց ոչ մի կերպ հնարավոր չէ որոշել, թե որտեղից՝ որտեղ, ինչպես և ինչ ճանապարհով է այդ բիթքոյնը տեղ հասնում: Այն հնարավոր չէ կեղծել, հնարավոր չէ կրկնել, ոչ մի կոդ երբևէ չի կրկնվում: Այն չի արժեզրկվի նույնիսկ ֆինանսական համակարգի ամբողջական փլուզումից հետո: Դրանով վճարում կատարելն առավել դյուրին է: Հարկավոր է միայն սմարթֆոնի վրա ներբեռնել համապատասխան հավելվածը, մեկ հպումով կատարել ցանկացած վճարում և ձեզանից չի գանձվի և ոչ մի լումա, քանի որ միջնորդ պարզապես չկա:

Ինչպե՞ս ձեռք բերել բիթքոյն

Գոյություն ունեն բիթքոյն վաստակելու բազմաթիվ ձևեր: Առաջինը ստանդարտ ձևն է, լուծել համապատասխան ցանցերում առաջարկվող մաթեմատիկական խնդիրը, հետո առաջարկել ևս երկու խնդիր և վաստակել բիթքոյններ: Եթե հումանիտար եք, հոգ չէ: Կան բազմաթիվ խաղարկություններ, որտեղ գլխավոր մրցանակը բիթքոյնն է: Բիթքոյններ վաճառվում են բազմաթիվ բորսաներում, օնլայն փոխանակման կետերում կարող եք այն պարզապես փոխանակել այլ արժույթի հետ: Նույնիսկ Երևանի Նոր Զովք սուպերմարկետների ցանցում կարող եք ձեռք բերել բիթքոյն, կամ այն փոխարինել այլ արժույթով:

Ի՞նչ սպասել

Էլեկտրոնային արժույթը ֆինանսական միասնական կայսրությունում նման է այն վիրուսներին, որոնց վրա հակաբիոտիկներն այլևս չեն ազդում: Բիթքոյնները չեն ենթարկվում գործող ֆինանսական օրենքներից և ոչ մեկին, և դրան զուգահեռ, շարունակում են կայանալ, որպես ինքնուրույն ֆինանսական միավոր: Ոչ ոք չի կարող արգելել դրա կիրառումը, չի կարող արժեզրկել, չի կարող կեղծել և նույնիսկ՝ գողանալ: Միևնույն ժամանակ այն տարածում է գտնում կայծակնային արագությամբ: Նման տեմպերի դեպքում ավանդական արժույթներն արդեն բառի բուն իմաստով կկորցնեն իրենց հեղինակությունն ու արժեքը: Բանկերն այլևս ոչ ոքի պետք չեն գա, քանի որ բիթքոյներով գործարքների ժամանակ միջնորդ հարկավոր չէ: Նման տեմպերի դեպքում պետք է սպասել մեկ բան՝ այնպիսի ֆինանսական ճգնաժամ, որի նմանը մարդկության պատմությունը դեռ չի տեսել: Հետևանքների մասին միայն ենթադրել կարելի է, եթե հաշվի առնենք, որ աշխարհի շատ կետերում ինտերնետի մասին գաղափար անգամ չունեն, կամ հնարավորություն չունեն դրանից օգտվելու:

Ո՞ւմ է դա հարկավոր

Բիթքոյնների մասին վերլուծական հոդվածներից գերթե բոլորում հանդիպում է այս հարցը: Ո՞ւմ էր հարկավոր ստեղծել բիթքոյնը: Կան կարծիքներ, որ անանուն «կրեպտոհանճարը» աշխատում էր պետության համար: Այս կարծիքը շատ արագ մերժվեց, քանի որ այն փողերի լվացման իդեալական հարթակ է ու հետո, այն առաջին հերթին խանգարում է Կենտրոնական հետախուզական վարչությանը:

Շրջանառվող մի կարծիքի շուրջ թեժ բանավեճեր են ընթանում: Գոնե այն միակն է, որը դեռ չի մերժվել ոչ մի հիմնավորմամբ: Ում է հարկավոր, որպեսզի միլիարդավոր համակարգիչներ կատարեն մեկ գործողություն: Ամենտարածված ու դեռ չմերժված միֆը. Սատոշիին հարկավոր է գրանդիոզ չափերի հասնող մի ծրագիր ստեղծել և հաշվարկներ կատարելու համար մեկ համակարգչի հզորությունը բավարար չէր և խորմանակ մաթեմատիկոսը, բառի բուն իմաստով որոշել է աշխատեցնել ամբողջ աշխարհին: Այդ դեպքում մեկ այլ հարց է առաջանում: Ինչո՞ւ նա հեռացավ ծրագրից 2010թ-ին, հայտարարելով, որ ուրիշ բանով է հետաքրքրված: Իսկ բիթքոյններ դեռ շարունակում են ստեղծել: Այս գլուխկոտրուկը դեռ ոչ մեկ չի կարողացել պարզել: Ութ տարի անց դեռ չեն կարողացել բացահայտել, թե ով է Սատոշի Նակամոտոն: Մի բան պարզ է, նման տեմպերի դեպքում, կարելի է վստահ ասել, որ համշխարհային ֆինանսկան համակարգի հետհաշվարկը սկսված է:

Աղվան Ասոյան

Ընդամենը մեկնաբանություն : 0
avatar
+18

ArmenLur.am` հարթակ անկախ լրագրողների համար