Օրը կգա, բարին՝ հետը

Պատմություններ Սերժ Սարգսյանի մասին

Տեսակետ Սմբատ Բունիաթյան 208 0.0

Մեծ առաջնորդներն ու քաղաքական գործիչները ևս ունենում են անձնական կյանք։ Ի՞նչ կյանքով է ապրում Հայաստանի Հանրապետության մեծն Առաջնորդը։ Ի վերջո, մարդկային ի՞նչ նկարագիր ունի մեր Նախագահը։ Կան հրաշալի դրվագներ, որոնք լավագույնս կբնութագրեն Սերժ Սարգսյան մարդուն։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1

Մի անգամ, Սերժ Սարգսյանն իր 1988 թվականի արտադրության «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնում էր ձկնորսության։ 

«Մեքենայիս մեջ մարդ կա»- բարձրաձայն մտածեց Նախագահը։

Սերժ Սարգսյանը խոսում էր իր մասին։

 ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 2

Մի անգամ, Հայաստանի Հանրապետության Նախագահը գնում էր ընտրությունների։ Արդեն չէր հիշում, թե քանի անգամ է գնացել ընտրությունների ու թե քանի անգամ է ընտրել ինքն իրեն։ Ճանապարհին պառավ մի կին հանդիպեց ։

- Բարև բալա ջան,- ասաց պառավը,- եթե չեմ սխալվում՝ Սերժ Սարգսյանն եք։

- Այո, տատի ջան, պատասխանեց Նախագահը։

- Էդ ո՞ւր ես գնում, բալա։

- Գնում եմ ինձ ընտրելու, սիրելի մորաքույր,- պատասխանեց Սարգսյանն ու մտքում ավելացրեց. «Քեզ ի՞նչ, այ ջադու»։

- Բա՜…. ոտքով ես գնո՞ւմ։ 

Սերժ Սարգսյանը շատ տխրեց, որովհետև փող չուներ։ Ստիպված վաճառել էր 1988 թվականի արտադրության «Օպել» մակնիշի իր ավտոմեքենան։

Ահա թե ինչ զրկանքներ են կրում մեծ առաջնորդներն ու քաղաքական գործիչները։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 3

Սերժ Սարգսյանը շատ էր մտահոգվում մատաղ սերնդի դաստիարակությամբ։ Նստում էր իր աշխատասենյակի պատուհանի մոտ ու տխուր-տրտում նայում երկնքին։

«Գնամ, տեսնեմ ո՞նց են սովորում Գեղարքունիքի երեխաները,- մի օր մտածեց Նախագահը։

Ասածն՝ արած է։ Վեր կացավ, նստեց  1988 թվականի արտադրության «Օպել» մակնիշի իր ավտոմեքենան ու բռնեց Սևանի ճանապարհը։ Ի դեպ, ժողովուրդը շատ է սիրում իր Նախագահին։ Մարդիկ վարկ էին վերցրել բանկերից, փող էին հավաքել, գնել էին 1988 թվականի արտադրության «Օպել» մակնիշի ավտոմեքենան ու սիրով վերադարձրել իրենց Նախագահին։

Գեղարքունիքի թիվ 13 միջնակարգ դպրոցում Նախագահին կարագ հյուրասիրեցին։ 

- Դե, երեխաներ, ինչպե՞ս եք սովորում,- կարագը հացին քսելով՝ հարցրեց Սարգսյանը։                                                                           

Ոչ ոք ձայն չհանեց, որովհետև 1 կգ. կարագ գնելու համար երեխաները չորս ամիս աշխատել էին դաշտերում ու մոռացել մեսրոպյան այբուբենը։

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է վարձատրվում հոգատարությունը։ Նախագահն անձամբ գնաց Գեղարքունիք, իսկ մատաղ սերունդը հավատում էր ապագային։ Ահա թե ինչպես է կառուցվում մեր երկիրը։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 4

«Իմ ժողովուրդը պիտի ծառ տնկի, տներ կառուցի ու երեխաներ ունենա»,- մտածում էր Սերժ Սարգսյանը։

Ժողովուրդն ամեն տարի ծառ էր տնկում։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 5

Մի անգամ, Սերժ Սարգյանը հոգնած-ջարդված գնում էր ատամը պլոմբելու։ Ոչ ոք չգիտի, թե Երկրի Նախագահը ինչ զրկանքներ է քաշում։ Հիմա կասեմ գաղտնիքը։ Ամսվա կենտ օրերին Սերժ Սարգսյանը տարբեր տեղեր է գնում  1988 թվականի արտադրության «Օպել» մակնիշի իր ավտոմեքենայով, իսկ ամսվա զույգ օրերին տարբեր տեղեր գնում է մետրոյով, որովհետև խնայում է Հայրենիքի ռեսուրսները. տվյալ դեպքում՝ ավտոմեքենայի գազը։

«Եթե Վլադիմիր Պուտինն էլ իմ նման հայրենասեր լիներ,- մտածում էր նա,- ապա գազի գները կտրուկ կնվազեին ու իմ ժողովուրդը լավ կապրեր։ Չնայած՝ ժողովուրդը հիմա էլ վատ չի ապրում, բայց ես շա՜տ կուզենայի, որ բոլորը բարեկեցիկ կյանք ունենային։ Հիմա ես ի՞նչ անեմ…»։ 

Ճիշտն ասած՝ ատամը շատ էր ցավում։ 

Եկեք բոլորս միասին, համախմբվա՛ծ, մտնենք մեր Նախագահի ծանր կացության մեջ։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 6

Չեմ կարող ասել, թե որտեղ է գտնվում Սերժ Սարգսյանի ամառանոցը, որովհետև Նախագահը օր ու գիշեր շնորհակալական բացիկներ ու ծաղկեփնջեր է ստանում, երբ իր նստավայրում է, բայց երբեմն գնում է իր գաղտնի ամառանոցը մի քիչ հանգստանալու, ու եթե ասեմ, թե որտեղ է ամառանոցը, երախտապարտ ժողովուրդը նրան օր ու արև չի տա։ Ուրեմն, մի անգամ, Սերժ Սարգսյանը փայտ էր կոտրում իր գաղտնի ամառանոցում։ Հարևանները չգիտեին, որ իրենց հարևանը, ոչ ավել-ոչ պակաս, Սերժ Սարգսյանն է։

«Ի՜նչ լավ մարդ է,- իրար մեջ խոսում էին հարևանները,- գլուխը կախ փայտ է կոտրում, խմում է իր քաշած օղին և սուս ու փուս քնում։ Ոչ ոքի նեղություն չի տալիս…»։ 

«Ի՜նչ լավ ժողովուրդ է,- հաճախ մտածում էր Սերժ Սարգսյանը,- գլուխը կախ փայտ է կոտրում, խմում է իր քաշած օղին և սուս ու փուս քնում։ Ոչ ոքի նեղություն չի տալիս…»։  

Ահա մի օրինակ, որը հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին պիտի լինեն ժողովուրդ-նախագահ-ժողովուրդ ճշմարիտ փոխհարաբերությունները։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 7

Սերժ Սարգսյանը գիշերները չի քնում. իմացե՛ք սա։ Մտածում է աշխատավարձերը բարձրացնելու, կրթական համակարգը բարելավելու և ծնելիությունը բարձրացնելու մասին։ Այո, Նախագահը շատ է մտածում ծնելիությունը բարձրացնելու մասին։ Հատկապես՝ կովերի, ոչխարների և այլ չորքոտանիների ծնելիությունը բարձրացնելու մասին։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 8

Սերժ Սարգսյանը հաճախ շատ հասարակ շորեր է հագնում, որպեսզի ժողովրդից չտարբերվի։ Նստում է որևէ համեստ սրճարանում ու վայելում է «Արաբիկա» սուրճ։ Սուրճը խմում է փոքր կումերով՝ հեղուկն ըմպելու հաճույքը հնարավորինս երկարաձգելով։ Մոտենում են պատահական մարդիկ, խոսում իրենց կյանքից, իսկ Նախագահը խնամքով գրի է առնում նրանց հոգսերը։  

Բայց ապերախտ մարդիկ ամեն օր արտագաղթում են։

Մի անգամ, Ամանորի նախօրեին, Սերժ Սարգսյանը դարձյալ գնացել էր սրճարան, որպեսզի երեխաների հետ տոնածառ զարդարի։ Բայց, չգիտես թե ինչու, ոչ ոք նրան բանի տեղ չէր դնում։  

- Լսե՛ք, համբերությունից դուրս գալով՝ բղավեց Նախագահը, ես Սերժ Սարգսյանն եմ։ 

Բոլորը լիաթոք ծիծաղեցին։

(Շարունակելի)

Պատմությունները խնամքով հավաքեց ու գրի առավ՝ Հայր Էնիքը

Ընդամենը մեկնաբանություն : 6
avatar
Լավ է ասված․․․
avatar
Ի՞նչն է լավ ասված
avatar
լավ ասվածն է լավ ասված
avatar
Հահահահահ
avatar
+18

ArmenLur.am` հարթակ անկախ լրագրողների համար