Անպտուղ պարզաբանումներ


ԱԺ նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի պարբերաբար փակելու առնչությամբ հայտարարության նախագիծ էր ներկայացրել և բացասական եզրակացություն ստացել, որովհետև ՔՊ-ն չէր մասնակցել քվեարկությանը։ Իսկ հիմնական զեկուցող Անդրանիկ Թևանյանն էլ հայտարարել է, որ սույնով ՔՊ-ն ցույց է տալիս, որ նախընտրական խոստումները չի կատարում, խոստացել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը հետապնդել, խոստացել է Շուշիի ու Հադրութի վերադարձնելու մասին, խոսել են «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին ու չեն արել, իսկ հիմա էլ թևեր են տալիս Ալիևին՝ առաջին դեմքի մակարդակով հակառուսական հիստերիա բարձրացնելով։ Թևանյանը նաև ասել է, որ ՔՊ-ն պատերազմի կուսակցություն է (մեջբերումը մոտավոր է): 

Իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասել է, որ իրենք փորձել են ամիսներ առաջ ընդդիմադիր գործընկերների հետ համագործակցել և հայտարարություն ընդունել այդ հարցի կապակցությամբ, որ ունենան միասնական տեքստ, բայց դարձյալ չի հաջողվել. եթե ընդդիմադիրները խոսում են Ղարաբաղյան հարցի առկա անվտանգային իրավիճակի շուրջը, ըստ էության հանդես են գալիս Այիևի պաշտպանության դիրքերից, որ իրենք ՔՊ-ին պատերազմի կուսակցություն են ասում, բայց ՔՊ-ն խոսում է խաղաղությունից։ Կոնջորյանը նաև հիշեցրել է, որ Թևանյանը ներկայացնում է Քոչարյանի խմբակցությունը, ով ժամանակին բանակցում էր ընդհանուր պետության շուրջ, համաձայն որի ԼՂ հայությունը պետք է ունենար ադրբեջանական անձնագրեր (դարձյալ մեջբերումը մոտավոր է):

Երկուսն էլ ճիշտ են։ Միքիչ մանրամասնենք։ Երկիրը կանգնած է կործանման եզրին, փաստորեն օտարներն են որոշում մեր երկրի ճակատագիրը, իսկ մեր իշխանությունն ու ընդդիմությունը պարզաբանումներ են անում, թե իրենցից որ մեկն է պատերազմի կուսակցությունը, թե իրենցից որ մեկն է թշնամու ջրաղացին ջուր լցնում։ 

Այն, որ երկուսն էլ պատերազմի կուսակցություն են, ակնհայտ է։ Երբ 1998թ․Քոչարյանը «հաղթողական» եկավ և մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման փոխզիջումային տարբերակը և այն «պարտվողական» համարեց ու հանուն սեփական իշխանության փորձեց պահպանել ստատուս-քվո, պահպանեց ստատուս-քվո որի վերջը պատերազմն էր։ Աքսիոմատիկ է։ 

Իսկ հիմա դառնանք ՔՊ-ականներին։ Իշխանության եկան, կարծես Ղարաբաղի կոնֆլիկտ գոյություն չուներ, հարմար տեղավորվեցին, վայելեցին իշխանության բարիքները, մեկ-մեկ էլ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր հայտարարություններ էր անում՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», որ սեփական կետից է բանակցելու, ՊՆ էր հայտարարում՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», և դարձյալ փորձում էին պահպանել ստատուս-քվո, ինչը չհաջողվեց։ Ստացանք այն, ինչ որ պիտի ստանայինք։ Պատերազմ։ 

Այո, ՔՊ-ն նախընտրական խոստումները չի կատարել, բայց մեկ տասնամյակ իշխանություն ունենալով Քոչարյանը նույնպես չի կատարել խոստումները և չի լուծել Ղարաբաղի կոնֆլիկտը։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս երկուսն էլ պատասխանատու են երկրը կործանման եզրին հասցնելու համար։ Այո, թե՝ իշխանությունը, թե՝ ընդդիմությունը ջուր են լցնում Ալիևի ջրաղացին իրենց անպտուղ պարզաբանումներով, իզուր ժամանակ են վատնում, իսկ ժամանակը մեր օգտին չի աշխատում։ 

Իսկ հիմա՝ էս օրհասական պահին եկել են պարզաբանումներ են անում, ինչը որ վաղուց, շատ վաղուց հանրությանը պարզ է։ Ելքը մեկն է՝ երկուսն էլ պիտի հեռանան քաղաքական դաշտից, որ հանրությունը ձևավորի նոր այլընտրանքային քաղաքական միավոր, որը կկարողանա պահպանել այն, ինչը որ հնարավոր է պահպանել։ 

Ջավահիր Այվազյան