Չորրորդ իշխանության կալանավոր Արմեն ֆօն Գևորգյան կամ ընդհակառակը


Ինքնատեղեկանք

  • Հայ եմ 1963 թվականի օգոստոսի 2-ից։
  • Աստղերով՝ ԿատվԱռյուծ եմ։
  • Սկզբունքս՝ "Кот, который гуляет сам по себе"։
  • Դեմ եմ սեռական խտրականությանը, այդ պատճառով չեմ կիրառում «տիկնայք և պարոնայք» դիմելաձևը։
  • Նախընտրում եմ կոնյակ կամ վալիդոլ։
  • Ինձ համբերությունից կարող հանել միայն աղմուկը՝ մեծ «բազառը»։
  • Նպատակս՝ ճաղատանալ և մորուք պահել։
  • Երազներ չունեմ։ Երազանքների փոխարեն ծրագրեր եմ պահում՝ 100-120 տարվա համար, որ եթե չիրականացնեմ՝ ամոթ ինձ։
  • Կողմնակիցներիս փոխում եմ հետևորդներիս հետ՝ ըստ մամուլի կուրսի։
  • Սև Հենդոն ոխերիմ բարեկամս է։
  • «ՌԵ» նոտան հզոր ազդեցություն ունի ներքնաշխարհիս վրա։

- Ինչի՞ս սկսեց Ձեր ժուռնալիստական կարիերան։

- Տպագրվելուց։ 1987 թվականին, երբ «Գարուն»-ում առաջին անգամ տպագրվեցի, հասկացա, որ Հայաստանը լուրջ մամուլի կարիք ունի։ 1988-ից, հայտնի ավանգարդիստ Հենրիկ Խաչատրյանի (Սև Հենդոյի) հետ ձեռնամուխ եղանք այդ ժամանակվա ինքնահրատ միակ գեղարվեստական ամսագրի՝ «Այսօրի» տպագրմանը, թեև «Այսօր» անվանումը 86 թվականի օգոստոսի 16-ին էր գտնված։ Ամսագիրը դադարեց լույս տեսնել, երբ հրավիրվեցի աշխատելու «Անդրադարձ» թերթում, որտեղ աշխատելու ընթացքում լիովին տիրապետեցի թերթարտադրության բոլոր գաղտնիքներին, հետո ազատվեցի, երբ Արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցեցի «ԱՅՍՕՐ» թերթը՝ իր տասներեք հավելվածներով։ Առաջին հայկական մասնավոր թերթերից մեկը։

- Ի՞նչ թերթեր եք հիմա հրատարակում։

- Ցավոք «Այսօր» թերթն այսօր սուզված է, հրատարակում եմ նրա «ֆօնֆօն», «Էս-Էքսպրես», «Պուլիկ», «Մադմուազել Ֆիֆի» և «Պրոֆեսիոնալ» հավելվածները։ Գործում է նաև «Այսօր» լրատվականը։

- «Այսօրը» առաջին թերթն էր, որ ընդհարվեց Արդարադատության նախարարության հետ։ Ի՞նչ դասեր եք քաղել դրանից։

- Եթե իմ ծնողները չեն կարողացել ինձ դաստիարեկել իրենց քմահաճույքով, ուրեմն ոչ ոքի չի հաջողվի կոտրել իմ ազատությունը, որն իմ միակ հարստությունն է և ուժը, ապրելու իմաստը։ Ազատությունը իմ հոգևորն է, իմ ֆիզիկականն է, իմ ԵՍ-ն է։ Եվ իմ միակ դատավորն իմ ազատությունն է։

- Ի՞նչ  է թերթը։

- Թերթն իր բառարանային ձևակերպմամբ զանգվածային լրատվամիջոց է, իսկ իրական կյանքում, դրանից բացի, ունի մի շարք կենցաղային զվարճալի ֆունկցիաներ, որի հետ հաշվի չնստելը ջայլամի քաղաքականություն է։ 

- Այսօր Հայաստանում գործում է երկու հզոր երգիծաթերթ, մեկը «Ոզնին» է, մյուսը Ձեր հրատարակած «Ֆօնֆօնը»։ Ի՞նչ տարբերություն կա «Ոզնու» և «Ֆօնֆօնի» միջև։

- Առաջինը կոչվում է իր թերթի անունով, «Ֆօնֆօնը»՝ ընդհակառակը։

- Բնորոշեք բուլվարային մամուլը Հայաստանում։

- Բուլվարային մամուլ համարում եմ կեղծ լրատվություն տարածող թերթերը։ Դրանց պակասը Հայաստանում չի զգացվում և կատարվում է շատ գռեհիկ ու պրիմիտիվ քողարկմամբ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ թերթերում կեղծիք չի եղել։

- Ձեր թերթերը հաճախ են մեղադրվել, որ «ռաբիս» են։

- Մինչև նման մեղադրանք ներկայացնելը պատասխանեք իմ մի հարցին. «Հայաստանի Հանրապետութիւն» կամ «Հայք» թերթերն են ավելի «ռաբիս», թե՞ ասենք «Ֆօնֆօնը»։

- Հայաստանում կա՞ն ժուռնալիստիկայի դպրոցներ։

- Իմ կարծիքով ձևավորման փուլում է և դպրոցի ձևավորման մեջ մեծ դեր ունի «Այսօր» թերթը՝ գումարած «Չորրորդ իշխանություն» թերթը։ Այս թերթերը վաղվա ընթերցողի համար են։

- Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում ժուռնալիստիկայում։

- Լավ պատասխանները կարող են լինել միայն լավ հարցերի դեպքում։ Սա է լավ ժուռնալիստիկայի հիմքը։

- Ժունալիստիկայի ժանրերից ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ։

- Ինքնահարցազրույցը, որովհետև լավագույն հարցազրույցի համար պետք է լավագույնս ճանաչել մարդուն, իսկ աշխարհում ինձանից լավ ինձ ճանաչող չկա։ Ամենասկանդալային հարցազրույցը, որ դեռ չի եղել, կլինի իմ ինքնահարցազրույցը։

- «ԱՅՍՕՐ» թերթի հարցերից մեկն ուղղենք Ձեզ. նշեք երեք գիրք, որ շրջադարձային են եղել Ձեր կյանքում։

- Հ.Բարսեղյանի «Տերմինաբանական-ուղղախոսական-ուղղագրական բառարանը»՝ 150 հազար բառապաշարով, երկրորդը՝ Փոլ Վալերիի «Ապրելու և մեռնելու ժամանակը», երրորդ՝ Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»։

- Դուք կյանքի ցանկացած երևույթին նայում եք տիեզերական հայացքով, իսկ Ձեր անձնականի՞ն։

- Մռայլ։ Շնորհակալություն բարձրագոչ հայացքի համար։

- Քանի՞ ԵՍ է ապրում Ձեր մեջ։

- Մինչև 1987 թվականը իմ մեջ ապրել է երկու ԵՍ, մեկը ես՝ Արմեն Գևորգյանս, մյուսն էլ իմ ցանկալի ԵՍ-ը՝ Արմէն ֆօն Գէորգեանը։ 1992-ին տեղի ունեցավ դաժան ճակատամարտ, որից հետո երկուսն էլ հերոսաբար զոհվեցին։ Առաջ Արմեն Գևորգյան ասելով ֆօն Գևորգյան չէր հասկացվում, իսկ ֆօն Գէորգեան ասելիս պոետ էր հասկացվում։ Հիմա նույնացվել են։

- Ո՞վ է Ձեր մեջ ի վերջո հաղթել՝ պոե՞տը, ժուռնալի՞ստը, բիզնեսմե՞նը, թե՞ հոգեվերլուծողը։

- Կարճ ասած՝ բոլորն էլ նույն զիբիլն են։ Ես ընդունում եմ, որ պոեզիան և ժուռնալիստիկա է, և բիզնես, և հոգեվերլուծություն, ժուռնալիստիկան՝ և բիզնես, և պոեզիա, և հոգեվերլուծություն, բզնեսն էլ՝ և ժուռնալիստիկա, և պոեզիա։ Իսկ վաղը, որ տանկիստ դարձա, դա ինձ համար կլինի և րոեզիա, և ժուռնալիստիկա, և բիզնես, և հոգեվերլուծություն։

- Ի՞նչ կցանկանայիք, որ Ձեզանից սովորեին։

- Թիմով աշխատելու կարողություն։

- Ի՞նչ ապագա է սպասվում հայ պոեզիային։

- Նայած ում գիրքը երբ լույս կտեսնի։

- Ինչո՞ւ չեք հրատարակում Ձեր բանաստեղծությունների գիրքը։

- Առողջ էգոիզմից դրդված։ Ում պետք է իմ գիրքը, արդեն ունի, իսկ ով ուզում է ունենալ՝ կարող է ձեռք բերելօրինական ճանապարհով՝ առանց պոետի իրավունքները ոտնահարելու։

- Ասում են, Դուք ներդաշնակ ընտանիք ունեք։ Կարո՞ղ եք Ձեր կնոջ փոխարեն բնորոշել Ձեզ այնպես, որ բնորոշումը համընկնի։

- Առանց դժվարության։ Բուռն սիրո բռնկման պահերին նա սովորաբար ինձ անվանում է «նահապետական քոսոտ ավանգարդիստ»։

- Ի՞նչ հարց կտաք Ձեզ։

- Ո՞վ է վերջապես Արմէն ֆօն Գէորգեանը։

- Եվ ի՞նչ կպատասխանեք Ձեր հարցին։

- Սպասեք իմ ինքնահարցազրույցին։ 

- Եթե չորրորդ իշանությունը գա իշխանություն, ի՞նչ պաշտոն կտաք Ձեզ այդ կառույցում։

- Խորը ուսումնասիրելով «Չորրորդ իշխանություն» թերթում այս հարցի բոլոր պատասխանները և ի մի բերելով դրանք, ինձ կարող եմ համարել սոսկ չորրորդ իշխանության կալանավոր... կամ ընդհակառակը։

Արմեն ֆոն Գևորգյանի կնոջ՝ Հեղինեի կարծիքը ամուսնու մասին. «Նույնիսկ Աստված իդեալական չի. ես Արմենին սիրում եմ»։

Խմբագրությունը շնորհավորում է «Այսօր» թերթին և նրա խմբագրակազմին՝ գոյության 5 ամյակի առթիվ։

«Չորրորդ իշխանություն», 1996 թվական