Ձեռքերից բռնող չեղավ


Ծնողների ու էրեխեքի գլուխները կերել էին, թոռներն ու ծոռներն էին միայն մնացել։ Գաղթականի թոռներ ու ծոռներ էին՝ տուն-տեղ վաղուց կորցրած, ճնշված, խեղճ ու անգետ։

Մի տուն ուզեցին ունենալ, ունեցան, բայց անգետ էին՝ չիմացան ոնց սարքեն։ Խարխուլ հիմքեր դրեցին ու տունը փլվեց։ Որբանոց դարձավ։ Կարմիր որբանոց։

Երբ որբանոցն էլ փլվեց, կռվի մեջ ընկան՝ դարձյալ խեղճ, անզեն ու միայնակ։

Հայտնվեց Պապը, կռիվը տարավ ու տունը սարքեց։ Բայց թշնամին մտել էր տուն ու թույն շաղախել, որ Պապը գնա։

Եկավ Բորենին ու արյուն թափեց, ճնշեց, կեղեքեց, էղած-չեղածը տնից դուրս հանեց։ Թոռներն ու ծոռները նորից որբացան՝ անտեր մնացին ու սսկվեցին։ Մի պահ Պապն եկավ, Բորենուն սանձեց, բայց կրակեցին Պապի ուղղությամբ։

Նորից վախ, սարսափ մի քանի տարի։ Անգետ Պողոսը եկավ, թոռների ցասմամբ Բորենիներին հեռացրեց գահից։ Խեղճ, ճնշված, անգետ ու մոլոր մի երկու տարի գրկախառնված մնացին կանգնած։

Որ ուզում էին ինչ որ բան անել, անգիտությունից կռիվ սարքեցին։ Շատ զոհեր եղան՝ անիմաստ զոհեր։ Բորենիները արյան հոտն առած փողոցներն ընկան։ Տունն էլ հրդեհվեց։ Ընտրություն էր պետք։ Պետք էր կատաղի հրդեհը մարել և ուղի ընտրել։ Անգետ Պողոսի, Բորենու ու Պապու միջև։

Մի ոտ առաջ Պապին ասում էր՝ հրդեհը մարենք։ Մի ոտ հետ Բորենին՝ պատրաստ խժռելու, կրակի յուղը չէր դադարեցնում։ Անգետ Պողոսի հրդեհն էր։

Գաղթականի թոռներ ու ծոռներ էին՝ տուն-տեղը կորցնելու սովոր, խեղճ ու վախեցած։ Ձեռքերից պիտի բռնեին ու կրակից անցկացնեին։ Ձեռքերից բռնող չեղավ։ Մնացին Պողոսի փեշերին կպած։

Արմեն Ֆոն Գևորգյան
Նկարը՝ Ժանսեմի