Դժբախտ ու դժգույն «Նաիրիտ»


Օրեր առաջ Հ1-ի լրատվականը անդրադարձել էր «Նաիրիտ» գործարանին, ինչը մտահոգության և կասկածի առիթ էր տվել նրանց, ովքեր հույս ունեն, որ «Նաիրիտը» դեռ կարող է վերագործարկվել։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են մեծ լռությունից հետո նոր հիշում, որ գործարանում պայթյունահրդեհավտանգ նյութեր կան և տարածքն էլ 150 հեկտար է։ 

Դժվար չէ կռահել, թե նման ռեպորտաժի հետևից ում ականջներն են երևում։ Այո, գործարանում կա պայթյունահրդեհավտանգ նյութեր և գործարանի ղեկավարությունը ամեն ինչ արել է և անում է անվտանգությունն ապահովելու համար, իսկ պայթյունահրդեհավտանգ նյութերի վնասազերծումը ֆինանսական ծախսեր է պահանջում։ 

«Նաիրիտը» պետական սեփականություն է, վերագործարկման ու պայթյունահրդեհավտանգ նյութերի վնասազերծման համար պայմաներ պիտի ստեղծի կառավարությունը։ «Նաիրիտի» չաշխատելու հիմնական պատճառը կուտակած պարտքերն են: Թե ինչպես են կուտակվել պարտքերը և փոշիացել վարկերը, այս մասին իշխանությունները եթե մինչև հիմա չեն կարդացել, դե թող հիմա կարդան. կարող են վերընթերցել 2013թ. Hetq.am-ի էջերը։ 

Արդեն չորս տարի է իշխանություն ունեն, եթե փոքրիկ ցանկություն ունենային այս տարիների ընթացքում «Նաիրիտը» վերագործարկելու, հիմա արդեն քլորոպրենային կաուչուկը շուկայում կլիներ, իսկ իրենք համաշխարհային շուկայում պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկ արտադրող գործարանն են ուզում լիկվիդացնել։ Աբսուրդ է։ 

Զարգացած երկրներ կան, որ նոր են ուզում նախագծել բութադիենային եղանակով կաուչուկի ստացման տեխնոլոգիան, իսկ «Նաիրիտի» բութադիենային եղանակով քլորոպրենի ստացման և պոլիմերիզացիայի արտադրամասերն իրենց օժանդակ ծառայություններն ու թանկարժեք սարքավորումներով առայժմ իրենց տեղերում են։ 

«Նաիրիտը» սնանկ են ճանաչել, էներգետիկ ծախսերի համար պարտքեր է կուտակում, 200 աշխատակիցների համար բյուջեից աշխատավարձ են վճարում, դե խեղճ կառավարությանն էլ այլ բան չի մնում, քան հռչակել դժբախտ ու դժգույն. հավաստի աղբյուրներն ասում են, որ 150 հեկտար տարածքը պատրաստվում են բիզնես կենտրոնի վերածել։

Իսկ ինչ վերաբերվում է գերթանկարժեք սարքավորումներին, ամենայն հավանականությամբ կվաճառվի որպես մետաղի ջարդոն։ Սա նշանակում է․ սեփական տնտեսությունը սեփական ձեռքերով քարուքանդ անել։ Արտաքին պարտքն արդեն հատել է 10 միլիարդի սահմանը, տարատեսակ անիմաստ ծախսեր է արվում հարկատուներիս հաշվին, պարգևավճարներ են ստանում, բայց «Նաիրիտը» վերագործարկելու համար փող չկա։ Սա մեկ պատասխան ունի. պարզապես անավարտ չեն ուզում թողնել նախկինների սկսած գործը և երկրի երեսից վերացնել քլորոպրենային կաուչուկ արտադրող գործարանը։

Ջավահիր Այվազյան