Հաղթողի դափնիներին հավակնողները


«Հաղթանակը երևի մեզ չէր սազում: Հոգեբանորեն չկարողացանք համակերպվել հաղթածի կարգավիճակին: 25 տարի հաղթածի կարգավիճակում գտնվելուց ու այդ կարգավիճակին այդպես էլ չհարմարվելուց հետո, ընտրեցինք հաղթանակի հետ կապ չունեցող, հաղթանակը և հաղթողներին ատող մի իշխանություն» (7օr.am 16․12․22թ)։

Գիտեք այս տողերի հեղինակն ո՞վ է։ Մի զարմացեք։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն է։ Անչափ հետաքրքիր է, թե պարոն Ալումյանը 1998թ․ որտե՞ղ է եղել։ Նայում ես ու մտածում, որ այդքան էլ երիտասարդ չէ, որ չհիշի 1998թ․ չարաբաստիկ դեպքերը, թե ինչպես իր շեֆը եկավ «հաղթողական» և Լևոն Տեր-Պետրոսյանի Արցախի հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակը հռչակեց «պարտվողական»։ Այնուհետև սկիզբ առավ «փսիխոզը», որ Լևոնը ծախում է Ղարաբաղը, հաղթանակի տարիները հռչակեցին «ցուրտ ու մութ»։ Այո, հաղթանակը մեզ չէր սազում։ 

Անչափ հարգելի պարոն Ալումյան, փոքրիկ «սպրավոչկա»՝ Ձեր բնորոշմամբ «հաղթանակը և հաղթողներին ատող իշխանություն» ընտրելու պատճառը ոչ թե հաղթանակի հետ չհամակերպվելն էր, այլ Ձեր շեֆի ղեկավարման տարիների 10-ամյա մղձավանջը և նրա շարունակությունը։

Պարոն Ալումյան, Ձեր ասած հաղթածի կարգավիճակը չէր կարող երկար պահպանվել, պետք էր խնդիրը կարգավորել, ստատուս-քվոյի վերջը պատերազմն էր, իսկ Վարդան Օսկանյանը հայտարարում էր, թե 100 տարի էլ կզարգանանք։ Ո՞նց կարող է շրջափակված երկիրը տնտեսապես զարգանալ։ Դա աբսուրդ է։ Ամենայն հավանականությամբ կենտրոնի բնակիչներին սեփականությունից զրկելով երկնիշ տնտեսական աճ գրանցելն ու «Հյուսիսային պողոտա» կառուցելն է պարոն Օսկանյանին թվացել տնտեսապես զարգացում։ Իսկ «հաղթանակը և հաղթողներին ատող իշխանությունը» եթե մինչև հիմա իշխանություն ունի պատճան այն է, որ ընդդիմադիր դաշտում Ձեր շեֆն է։ Այնպես, որ մարդիկ հիշողություն ունեն։ 

Հաղթողի դափնիներին հավակնողների պատճառով չէինք կարող համակերպվել հաղթածի կարգավիճակին և հայտնվեցինք այնտեղ, որտեղ պիտի հայտնվեինք։ Ցավալի է, բայց փաստ է։

Ջավահիր Այվազյան