Հաջողության 8-րդ գաղտնիքը. Առաջին հերթին ինքդներդ Ձեզ վճարեք

Ուղենիշ 04.01.2020   17:20   609

Վաստակածի մի մասը պետք է խնայել,
իսկ եթե չեք կարողանում գումար տնտեսել,
ուրեմն ձեր մեջ չկան վեհության սերմեր։
Ու.Կլեմենտ-Սթոուն

Այսօր ևեթ որոշում կայացրեք ձեր ողջ աշխատանքային կյանքում խնայել և ներդրում կատարել միայն ձեր եկամուտի առնվազն 10 տոկոսի չափով: Յուրաքանչյուր աշխատավարձը կամ կանխիկ և անկանխիկ այլ եկամուտն ստանալուն պես 10 տոկոսը փոխանցեք հատուկ կուտակման համար բացված ձեր բանկային հաշվին: Եթե ​​ձեր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարողանաք տնտեսել ամսական գոնե 100 դոլար և այդ գումարը ներդնել տարեկան 10 տոկոս վճարում կատարող սովորական ներդրումային հիմնադրամում կամ բանկում, ապա մինչ թոշակի անցնելը մեկ միլիոնից ավել դոլար կկուտակվի: Այստեղից հետևում է, որ ցանկացած ամերիկացի, նույնիսկ նվազագույն աշխատավարձ ստացող, եթե բավականին շուտ սկսի գումար խնայել և կարողանա երկար ժամանակ դա անել, կարող է միլիոնատեր դառնալ մինչ ծերության հասնելը:

Ողջ կյանքում գումար խնայելու և խելամիտ ներդրումներ կատարելու սովորություն զարգացնելը հեշտ չէ: Դա մեծ վճռականություն, նպատակասլացություն և կամք է պահանջում: Դուք պետք է ինքներդ ձեզ նման խնդիր առաջադրեք որպես ձևական նպատակ, գրեք այն թղթի վրա, կազմեք պլան և ամբողջ ժամանակ աշխատեք դրա իրականացման վրա: Բայց հետո, երբ այդ գործողությունը սովորույթ է դառնում, դառնում է ինքնաբերաբար կատարվող գործողությունը, ֆինանսական հաջողությունը գործնականում երաշխավորված է:

Ամեն ինչում գործադրեք խնայողություն, խնայողություն, մեկ անգամ ևս խնայողություն: Չափազանց զգույշ եղեք յուրաքանչյուր լումա ծախսելիս: Յուրաքանչյուր ծախս կասկածի տակ դրեք: Կարևոր գնում կատարելու ցանկացած որոշում կասեցրեք կամ հետաձգեք առնվազն մեկ շաբաթով, եթե ոչ մեկ ամիսով: Որքան երկար ձգձգեք գնում կատարելու ձեր վերջնական որոշումը, այնքան ավելի լավ որոշում կընդունեք և ավելի հարմար գին կվճարեք դրա համար:

Մարդկանց աղքատ վիճակում թոշակի անցնելու հիմնական պատճառն այն է, որ նրանք պահի թելադրանքով են գնումներ կատարում: Նրանք տեսնում են մի բան, որն իրենց դուր է գալիս և երկար չմտածելով տեղում գնում են: Նրանք մի ծուղակում են հայտնվում, որը կոչվում է «Պարկինսոնի օրենք», ըստ որի ծախսերն աճում են համամասնաբար՝ եկամտին զուգահեռ: Սա նշանակում է, որ վաստակածից անկախ մարդը հակված է ծախսել հենց այդքան և նույնիսկ մի փոքր ավելին: Այս դեպքում երբեք խնայողություն չի լինի և մարդը երբեք պարտքերից չի ազատվի:

Բայց ոչ մեկը պարտավոր չէ Պարկինսոնի օրենքի զոհը լինել: Եթե ​​ի վիճակի չեք տնտեսել ձեր եկամտի 10 տոկոսը, ապա այսօր ևեթ սկսեք խնայել եկամտի առնվազն 1 տոկոսը հատուկ կուտակման համար բացված ձեր բանկային հաշվին: Յուրաքանչյուր ամիս փոխանցեք այդ գումարն այնտեղ և, ընդ որում, կատարեք դա նախքան հրատապ պարտքերը մարելը: Ապրեք ձեր եկամտի մնացած 99 տոկոսով: Երբ սովորեք տեղավորել այդ 99 տոկոսում, խնայողությունների մակարդակը բարձրացրեք եկամտի 2 տոկոսի չափով, ապա՝ 3 տոկոսի, 4 տոկոսի և այլն:

Մեկ տարվա ընթացքում դուք կսովորեք, թե ինչպես խնայել 10 տոկոսը, հնարավոր է նույնիսկ ձեր եկամտի 15 կամ 20 տոկոսը, իսկ մնացած միջոցներով ապրելն այնքան էլ անհարմարավետ չի լինի: Միևնույն ժամանակ ձեր կուտակային հաշիվը կսկսի աճել: Դուք կդառնաք առավել զգույշ և ուշադիր ձեր ծախսերի նկատմամբ, ինչպես նաև աստիճանաբար կսկսեք մարել պարտքերը: Մեկ կամ երկու տարում ձեր ֆինանսական կյանքը լիովին կվերցնեք ձեր վերահսկողության տակ և կբռնեք սեփական ուժերով միլիոնատեր դառնալու ուղին: Այս գործընթացը հաջողություն է բերել բոլոր նրանց, ովքեր լրջորեն փորձել են ընթանալ այս ճանապարհով: Փորձեք ինքներդ և անձնական փորձով համոզվեք:

Գործնական վարժություն

Այսօր ևեթ հատուկ հաշիվ բացեք միջոցների կուտակման համար: Որքան էլ ձեր ավանդը փոքր լինի, փոխանցում կատարեք այդ հաշվին: Այնուհետև փնտրեք բոլոր հնարավոր միջոցները համալրելու ձեր կուտակային հաշիվը։ Սովորեք ուսումնասիրել ֆինանսները՝ պարզելու համար, թե ինչպես կարելի է աճեցնել այդ գումարը: Այս թեմայի վերաբերյալ կարդացեք փորձագետների կարծիքները, գրքերը և հանդեսները: Ոչ մի րոպե մի դադարեք խնայել, սովորել և աճել, քանի դեռ ֆինանսապես չեք անկախացել:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

Նախաբան, գաղտնիք 1գաղտնիք 2գաղտնիք 3գաղտնիք 4գաղտնիք 5գաղտնիք 6գաղտնիք 7, գաղտնիք 8, գաղտնիք 9, գաղտնիք 10,  գաղտնիք 11, գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21, Վերջաբան։     


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ 

Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ

© Արմեն Գևորգյան, թարգմանության համար

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         խորհուրդներ, Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները, միլիոնատեր, Բրայան Թրեյսի


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon