Հեղաշրջումը պիտի տեղի ունենար 95-ի գարնանը


1994-95 թվականների ձմռան ամիսներին «հայտնի ուժերից» մեկը Վանո Սիրադեղյանին առաջարկել է Լևոն Տեր-Պետրոսյանին 3-4 ամսով ուղարկել արտասահման՝ «արձակուրդ», այսինքն՝ «ժամանակավորապես» մեկուսացնել իշխանությունից, համատեղ ստանձնելով իշխանական լիազորությունները:

Հիշեցնենք, որ «3-4 ամսվա» միտքը հնչել է նաև 1998 թվականի հունվարի չարաբաստիկ անվտանգության խորհրդի նիստին: Այն իմաստով, որ Տեր-Պետրոսյանը այդքան ժամանակով իրենց զիջի նախագահական լիազորությունները: Բացատրությունն այն էր, որ իրենք, իբր, հնարավորություն ունենան այդ միջոցին վարել «կոշտ» արտաքին քաղաքականություն: Կստացվի-կստացվի, չի ստացվի... Որ չստացվեր՝ ի՞նչ, պիտի վերադարձնեի՞ն լիազորությունները: Ի դեպ, այդ անգամ (98 թվականին) «3-4 ամսվա» միտքը հնչել է Սերժ Սարգսյանի բերանից:

Դա՝ 98 թվականին, երբ, իբր, կար կոշտ ու փափուկ պրոբլեմ: Բայց արտառոց ի՞նչ էր պատահել 1995 թվականի գարնանը, որ անհրաժեշտություն կար պաշտոնազրկել նախագահին: Տարածքները գրավված էին, զինադադարը կնքված էր, հովհարային անջատումները հիշողություն էին դառնում, երկրի ճանապարհներին մարդատար մեքենաներ էին երևացել, տարագիր ընտանիքների վերադարձ էր նշմարվում, և «պարտվողական քաղաքականության» հեռավոր շունչն անգամ չկար: Պիտի ենթադրել, որ պատճառը 95 թվականին սպասվող պառլամենտական ընտրություններն էին և Սահմանադրության ընդունման «սպառնալիքը»: Սահմանադրությունը գուցե առաջին հերթին, որովհետև Սահմանադրությունով է, որ երկիրը ձեռք է բերում քաղաքական համակարգ, իսկ նման Հայաստան այդ պահին պետք չէր ոչ միայն քաղաքական ընդդիմությանը, ոչ միայն բազմաթիվ արտաքին ուժերի, այլև պոտենցիալ դավադիրներին: Վերջին հաշվով, թիվ ու սահման չկար քաղաքական հացկատակներին ու կուսակցական բախտախնդիրներին, ովքեր ուզում էին Հայաստանի Գլխավոր օրենքը տեսնել ոչ թե այնպիսին, ինչպիսին կա, այսինքն՝ միջազգային իրավական նորմերին բռնող փաստաթուղթ, այլ՝ իբրև ծավալուն, տափակ մի հոդված՝ հայ ժողովրդի դժնդակ ճակատագրի մասին, և դրանից բխող պահանջատիրական կարգախոսների թվարկում գլուխումեջ:

Հայաստանի ու Ղարաբաղի բանակային վերնախավը զինադադարից հետո իրեն առավելագույնս ուժեղ էր զգում: Արդեն հաջողեցրել էին Հայաստանի սահմանի վրա, Ադրբեջանից Հայաստան մտնող Կազիմիրովի պատվիրակության մեքենաները գնդակոծելով՝ միառժամանակ սառեցնել Ելցինի և Հայաստանի քաղաքական ղեկավարության հարաբերությունները: Իշխանությունը դեռ դուրս չէր եկել Համբարձում Գալստյանի սպանությունից հետո ընդդիմության կողմից գրեթե անթերի հրահրած ճգնաժամից:

Ընտրություններից մեկ տարի առաջ նոր թափ էր առել ներքին գործերի մարմինների հանդեպ սանձազերծված կամպանիան բոլոր կողմերից՝ ընդդիմության, Մոսկվայի հայկական հանցագործ շրջանակների, նույնիսկ ՀՀՇ-ի, որը բոլոր լիբերալ շարժումներին հատուկ տկարամտությամբ ռեալության զգացումը կորցրած լինելով, երկու հաղթած բանակների հազարավոր սպաների ամբիցիաների վտանգը թողած, երկրի դեմոկրատիային սպառնացող վտանգը տեսնում էր մի քանի հարյուր ԳԱԻ-ի աշխատողների և քրեականի օպեր-լիազորների մեջ: Ազգային ժողովի ընտրություններին սպասվում էր, որ ՀՀՇ-ն առաջին անգամ կունենա մեծամասնություն: (Պիտի հիշել, որ մինչ այդ ՀՀՇ-ն պարզ մեծամասնություն անգամ չի ունեցել, և Պառլամենտը պատմական որոշումները ընդունել է անկախության շարժման հեղափոխականության բարենպաստ ֆոնի վրա): ՀՀՇ-ն կունենար մեծամասնություն, բայց սպասվում էր, որ կգոյանա նաև ուժեղ պառլամենտական օպոզիցիա: Ասել է թե պառլամենտը հնարավորություն ուներ դառնալու ավելի ազդեցիկ քաղաքական մարմին, քան մինչ այդ էր: Եվ քաղաքական համակարգը կդառնար անհամեմատ ամուր: Ասել է թե՝ ուժայինների քմահաճույքներից երկրի կայունությունը ապահովող: Իսկ այդ բանը, հասկանալի է, ընդունելի չէր ապագա ապստամբների համար: Այլ բան է, որ նրանք գերագնահատել էին ՀՀՇ-ի վոժդերի ողջամտությունը, ովքեր պառլամենտը երիտասարդ գաղափարակիցներով, նաև՝ պատերազմից վերադարձած ու ինքնահաստատվելու կարիք ունեցող մտավորական սպաներով համալրելու փոխարեն, նաև՝ Սահմանադրական որոշումներ ընդունելու համար բավարար 2/3-րդով բավարարվելու տեղ՝ անհեռատեսորեն գործի դրեցին ադմինիստրատիվ ռեսուրսների ողջ ծավալը, և մինչ ՆԳՆ-ն զբաղված էր հանցագործ շրջանակներին ապագա պառլամենտից հեռու պահելով, ընտրությունների պատասխանատուները իրենց շուրջը հավաքեցին մարդկային այն աղբը, որը երեք տարի անց հեշտությամբ անցավ «Երկրապահի» շարքերը, իսկ մեկ տարի անց (արդեն բուն հանցագործներով համալրված) լքեց նաև նրանց շարքերը:

1995 թվականի գարնանը նախագահին շանտաժի ենթարկելու նույն միջոցները կային, ինչ 98-ին, բացի մեկից (գուցե գլխավորից)՝ սպառնալիքից, թե՝ երբ փետրվարի 20-ին ցուցարարները գան նախագահի շենքի վրա, իրենք («հայտնիները») չեն պաշտպանելու նախագահին: Դա այն էր նշանակում, որ իրենք նույնպես կարող են կազմակերպել ցուցարարների գալը շենքի վրա: Իսկ 95 թվականին այդ շանտաժը չէր աշխատի, որովհետև առանձին կար ներքին գործերի նախարարությունը, որը կկատարեր հասարակական կարգը պահպանելու իր պարտականությունը: 

Բայց ինչի՞ վրա էին նրանք հույսները դրել, երբ 1995 թվականին նախագահին պաշտոնազրկելու առաջարկով դիմեցին Վանո Սիրադեղյանին: Առաջին հայացքից թվում էր, թե կոպիտ հաշվարկ էր՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ չնչին էր հավանականությունը, որ Սիրադեղյանը կդավաճանի երկրի նախագահին: Եվ այդուհանդերձ, խռովարարների հաշվարկը գրեթե անթերի էր:

Բանն այն է, որ, եթե Սիրադեղյանը մասնակցում էր հեղաշրջմանը՝ լավ, եթե չէր մասնակցում՝ ուրեմն դավադրության մասին զեկուցում էր նախագահին: Ի՞նչ է անում տվյալ դեպքում որևէ նախագահ: Ակնհայտ է, որ առնվազն սկսում է դավադիրներին մեկուսացնելու գործը: Եվ հենց այդ պահից ժամ առաջ սկսվում է հաղթած բանակի վրդովված սպաների խռովությունը՝ դաշնակների ու ԱԺՄ-ի միտինգներով խճճված: Ռուսական բանակը արդեն մտել էր Չեչնիա, երկրում քաղաքականություն էր թելադրում զինվորականությունը, և ռուսական կողմը կպաշտպաներ հեղաշրջումը: Բնականաբար, կպաշտպաներ նաև ընդդիմությունը, ինչ ոգևորությամբ պաշտպանեց 98-ին: Իսկ Ամերիկան Քլինթոնի՝ կովկասյան վայրիվերո քաղաքականության շնորհիվ, այն ժամանակ էլ ոչ մի ազդեցություն չուներ Հայաստանում: 

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Սիրադեղյանը դավադրության մասին չի զեկուցում նախագահին: Գուցե պարզ ընկերասիրությունից, գուցե ՆԳ ուժերի վրա վստահ լինելուց: Գուցե հասկանալով՝ ինչ է անում, գուցե՝ չհասկանալով, բայց փաստը մնում է փաստ, որ հետագայում էլ ոչ մեկը այդ մասին չի իմանում: Իսկ ամենատխուրը այս պատմության մեջ այն է, որ 98 թվականի հունվարին, արդեն քաղաքապետ ու անվտանգության խորհրդի սովորական անդամ լինելով՝ Սիրադեղյանը Անվտանգության խորհրդին տեղյակ է պահում, որ վերջին ամիսներին Իրանի վրայով Լիբանանից մի քանի տասնյակ ահաբեկիչներ են մտել Հայաստան (Ազգային անվտանգության հակահետախուզությունում գտնվեցին սպաներ, որ այդ օրերին կատարեցին իրենց պարտքը), և որ աշնան ամիսներին Հայաստանը լցվել է ԱՊՀ երկրներում բուն դրած հայ հանցագործներով, հատկապես՝ ադրբեջանական կլանի ներկայացուցիչներով (ովքեր, ի դեպ, հետագայում մեծ դեր ունեցան ընտրողներին ահաբեկելու գործում), ու երևի թե ինչ-ինչ բաներ են նյութվում: 

Բայց երևի արդեն ուշ էր: Սակայն 95-ի գարնանամուտին ինչ-որ բան արդեն շարժման մեջ էր դրված, և 95-ի ամռանը ծրագրվում է Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձի միջոցով երկրապահներին ու բանակը ՆԳՆ-ի դեմ հանելու, ապա և, խառնակության միջոցներին նախագահի նստավայր մտնելու ծրագիրը: Եվ քանի որ մտավոր կարողությունների տեսակետից հայտնի չէ՝ որտեղ է սկսվում դաշնակը և որտեղ վերջանում երկրապահը, խռովարարների շարքերն են ներգրավվում նաև երկրապահներ: Պիտի ենթադրել, որ Վազգենի շրջապատին այդ պլանը ներկայացվում է ի նպաստ Վազգենի և կատարումն էլ՝ ապահով իմիտացիա:

Բարեբախտաբար, Վազգեն Սարգսյանի մերձավորների մեջ գտնվում են ողջամիտ մարդիկ, որոնք կասկածում են, որ մահափորձ կոչվածը կարող է մահով վերջանալ (չէ՞ որ մահվան ելքը առավել կգրգռեր բանակին ՆԳՆ-ի դեմ), և խռովության նախապատրաստության մասին զեկուցում են ՆԳ նախարարին: Եվ այսպես, Անվտանգության խորհուրդը նեղ կազմով քննարկում է վիճակը: Լինում է հնարավոր գործողության երկու տարբերակ. թողնել, որ սկսեն խռովությունը, նոր միջոցներ ձեռնարկել, և երկրորդ՝ բնում խեղդել խռովությունը: Ընտրվում է անարյուն՝ կանխելու տարբերակը, թեև դա քաղաքականապես թույլ տարբերակ էր: Փոխարենը՝ երաշխավորված էր Վ.Սարգսյանի անվտանգությունը: Խռովարարներին հերթական հավաքի վայրում ձերբակալելը հանձնարարվում է ՆԶ հրամանատար Արծրուն Մարգարյանին: Բայց, հավանաբար, Մարգարյանի շտաբից (հո չի կարելի ենթադրել, թե Անվտանգության խորհրդից) մատնություն է լինում, և տեղում ձերբակալվում է միայն գնդացրի կրակով դիմադրող տանտերը՝ դաշնակցական Մանվելը: (Հիշենք Հունանյանի հանցակից Բեջանյանի զանգը ընկերոջը՝ «Այն, ինչ չէր արել Մանվելը 95-ին, ես եմ արել»): Բայց քաղաքում արդեն զինված խմբեր էին շրջում, և խմբերից մեկին զինաթափելու փորձի ժամանակ Հալաբյան փողոցի վրա սպանվեց երկու ոստիկան: 

Փաստորեն տապալվեց ներքին զորքերի օպերացիան, բայց վիժեցվեց նաև, փաստորեն, 95 թվականի գարնանային իշխանափոխության նկրտումներով հրահրված ամառային խռովությունը: Եվ երկիրը գնաց ընտրությունների ու Սահմանադրության հանրաքվեի:

Ավետիս Հարությունյան
12.03.2002, «Գյադաների ժամանակը»