«Ինտելեկտուալ» բանավեճ ԱԺ-ում


Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության կողմից «Լաչինի միջանցքը» փակելու վերաբերյալ հրավիրվել էր խորհրդարանական լսումներ: Ընդդիմադիրներից մի մասն ասում էր, որ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Հայաստանը միջանցք է խոստացել և չի տալիս։ Մյուս մասն էլ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանի պրահյան հանդիպումից հետո է փակվել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, իսկ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանն էլ շատ ավելի առաջ էր գնացել ու ասել, որ Հայաստանն է փակել «Լաչինի միջանցքը»։ 

Ինչպես տեսնում ենք ընդդիմադիրները տարբեր պատճառներ են ներկայացնում «Լաչինի միջանցքի» փակ լինելու վերաբերյալ, բայց նրանք բոլորը նույն կարծիքն ունեին, որ մինչև էս դավաճան իշխանությունները չհեռանան, «Լաչինի միջանցքը» չի բացվի։ Մի խոսքով՝ ընդդիմադիրները իշխանափոխություն են ուզում։ 

Իշխող կուսակցությունից լսումներին ներկա է գտնվել միայն Գուրգեն Արսենյանը, իսկ նրանք, ովքեր չեն մասնակցել լսումներին սոցցանցերում գրառումներով են հակադարձել իրենց գործընկերներին, որ ընդդիմադիրները պարզապես շահարկում են հումանիտար աղետը և իշխանափոխություն են ուզում, որ իշխանության գան, բայց դե ժողովուրդը իրենց է ընտրել, իրենք լեգիտիմ են։ Իսկ պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ներկա է գտնվել միայն նրա համար, որ մտածել է, թե քաղաքական մտքի դրսևորում է լսելու, բայց պատահական լսում է վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք, ինչը պարոն Արսենյանին անչափ զայրացրել էր, որ իրենք լեգիտիմ են, իրենց ժողովուրդն է ընտրել, քաղաքակիրթ իշխանություն են, սպասարկում են պետական շահը, պատասխանատու են երկրի համար, ժամանակներն անցել են, որ Ղարաբաղի հարցը շահարկելով հասնեն իշխանության ու իրենց ղեկավարման տարիներին ամեն ինչ ձախողված է եղել (մեջբերումը մոտավոր է): 

Արդար կլիներ, եթե պարոն Արսենյանը մի քիչ էլ իրենց ձախողումներից խոսեր, բայց դե պատգամավորը պնդում է, որ իրենք պետական շահով են առաջնորդվում։ Մեր օրերում պետությունը կործանման եզրին հասցնելը կոչվում է պետական շահով առաջնորդվել ու ամենևին էլ հոխորտալ չի կոչվում։ 

Պարոն Արսենյանը, որ «վռնդվածներին» մեղադրեց հոխորտալու մեջ, մենք էլ որոշեցինք մինչև վերջ լսել էդ «ինտելեկտուալ» բանավեճը, տեսանք, որ իրենց մոտ էլ հոխորտալը վատ չի ստացվում։ Բայց դե ինչ ունենք՝ ունենք։ 

Պետությունը հասցրել են կործանման եզրին, նստել ու հաշվում են, թե ով ոնց է հոխորտում։ Անառարկելի է, որ իշխանությունները պիտի հեռանան, բայց նրանց հեռացնողները չպիտի լինեն նախկինները, որ հիմա ընդդիմադիր են իրենց հռչակել ու դեռ վերադարձ են ուզում. էս աղետի պատասխանատվությունը պիտի կիսեն իշխանությունների հետ, իրենք 20 և ավելի տարիներ ձգձգել և չեն լուծել Ղարաբաղի կոնֆլիկտը, շրջափակված փոքրիկ Հայաստանը, որ արնաքամ էր լինում, չէին հասկանում, որ երկիրն այլևս դիմադրելու ռեսուրս չունի, ժամանակը մեր օգտին չէր աշխատում, թշնամին էլ զինվում էր, իսկ մեր երկրում դղյակաշինությունն էր զարգանում։ 

Իշխանությունների մեղքը միայն այն չէ,որ երկիրը ներքաշեցին պատերազմի, բա մինչև պատերա՞զմը... «Հեղափոխությունից» հետո իշխանության հասան ու իրավաքաղաքական գնահատական չտվեցին նախկինների 20 տարիների գործունեությանը։ Եթե նման գործընթաց սկսեին, ապա նախկինները գոնե որոշ ժամանակ կդադարեցնեին քաղաքական գործունեությունը և քաղաքական դաշտում կլիներ իսկական ընդդիմություն։ Բայց դե Փաշինյանի ծրագրում նման բան չի եղել, պարզապես հպարտ քաղաքացիներին «դուխ» է տվել, ու ասել, որ դրանց թալանածը հետ է բերելու։ Այդքանը, ոչ ավել։ 

Դեռ 7-րդ գումարման ԱԺ ընտրություններից առաջ էր, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, եթե նախկիները լինեն ընդդիմություն, իրենք հավերժ կլինեն իշխանություն։ Այդպես էլ արեց։ Նախկիններից կերտեց ընդդիմադիրի կերպար։ Ունեցավ անսահմանափակ իշխանություն։ Իսկ հիմա նախկիններին մեղադրում են, որ Ղարաբաղի հարցը շահարկելով դարձյալ իշխանության գալ են ուզում՝ եթե ընդդիմություն են պիտի իշխանության ձգտեն։ 

Բա մի անգամ էլ հիշեք, թե ինչ խոստումներ էր տալիս ընդդիմադիր Փաշինյանը, որ հասնի իշխանության, իշխանության հասնելուց հետո ոչ մի խոստում էլ չկատարեց, միայն իր թիմի (այս պարագայում թիմ ասելը չափազանցություն կլինի, խմբակի) բարեկեցությունն ապահովեց ու երկիրն էլ ներքաշեց պատերազմի։ 

Այս լսումներն էլ մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իշխանություն ընդդիմութուն համարժեք են։ Մի կողմն ուզում է ամեն գնով իշխանությունը պահել ու անխնա վայելել իշխանական բարիքները, մյուս կողմն էլ ուզում է ամեն գնով նորից իշխանության հասնել ու պահպանել կուտակած կապիտալը։ Իսկ մեր երկիրը այլևս ռեսուրս չունի, պիտի ձևավորվի այնպիսի իշխանություն, որ անկեղծ լինի թե՛ հանրության, թե՛ արտաքին աշխարհի հետ։ Միայն փոխադարձ վստահության պայմաններում գուցե հնարավոր լինի աղետը մեղմել։ 

Ջավահիր Այվազյան




avatar