Կարեկցանքի ավելցուկն էր ստիպում


Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Վազգեն Մանուկյանն արձագանքել է. «Խղճուկ մարդ, ո՛չ գիտելիքներ, ո՛չ տրամաբանություն, ո՛չ խիղճ: Խեղճ պետություն, խեղճ ժողովուրդ․․․» (7or.am 11․01․2023թ)։

► Չենք առարկում։ Եթե մարդը չունի գիտելիք, չունի տրամաբանություն, չունի խիղճ, իհարկե խղճուկ է։ Բայց եթե մեկը խոսում է մեկ այլ մարդու մարդկային որակների պակասի մասին, համոզված պետք լինի, որ ինքն ունի էդ որակներից։ Սա իմիջիայլոց։ 

Այն, որ Նիկոլ Փաշինյանի մտավոր կարողություները բավարար չէ երկիր ղեկավարելու համար, ակնհայտ է։ Ապացույցը՝ ղեկավարման տարիներն են։ Ամեն ինչ տանուլ է տվել։ Արդար լինելու համար փաստենք, որ, եթե մեր երկիրը կանգնած է կործանման եզրին, պատասխանատուն միայն Նիկոլ Փաշինյանը չէ, մեր երկրի թշվառ վիճակի պատասխանատուներից է նաև Վազգեն Մանուկյանը։ 

Վազգեն Մանուկյանը մաթեմատիկոս է պետք է որ տրամաբանությունից լավ լիներ, իսկ եթե տրամաբանությունից լավ լիներ, Նիկոլ Փաշինյանին պետք է չմեղադրեր խիղճ չունենալու մեջ, ոչ այն պատճառով, որ Փաշինյանը բարեգութ է, այլ միայն նրա համար, որ մաթեմատիկոս Վազգեն Մանուկյանը պիտի հիշեր իր անցած քաղաքական ճամփան և տրամաբաներ, որ ինքն էլ պետության ու ժողովրդի հանդեպ ամենևին էլ կարեկցանքի զգացում չի ունեցել։ 

Ամենայն հավանականությամբ Վազգեն Մանուկյանը կարեկցանքի մեծ, շատ մեծ զգացում ուներ պետության ու ժողովրդի հանդեպ, որ ոչնչի առջև կանգ չառնելով ջարդելով ԱԺ ցանկապատները, ինչպես ինքն է ասում՝ խեղճ ժողովրդին տանում էր ԱԺ, որ դաժան ծեծի ենթարկեն ԱԺ նախագահին ու փոխնախագահին, միայն նրա համար, որ «բարեգութ» Վազգեն Մանուկյանը «նախագա» դառնալ էր ուզում, որ իրականացնի իր մանկության կապույտ երազանքը։ 

Վազգեն Մանուկյանի կարեկցանքի ավելցուկն էր ստիպում, որ «խեղճ ժողովրդին» ապակողմնորոշում էր, թե մենք համաշխարհային ազգ ենք, ու մեր զարգացմանը Լևոն Տեր-Պետրոսյանն է խանգարում։ Այն Լևոն Տեր-Պետրոսյանը, որ պատերազմ էր հաղթել ու հաղթական զինադադար կնքել. բա մաթեմատիկոսի տրամաբանությունը որտե՞ղ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման փոխզիջումային տարբերակը հռչակում էր «պարտվողական»։

Պետությունը ու ժողովուրդը խեղճ էին դեռ այն ժամանակներից, երբ 1998թ վազգենմանուկյանները Քոչարյանին նախագահ հռչակեցին։ Գոնե ձեր կերտած աղետից հետո լռեք։

Ջավահիր Այվազյան




avatar