Լավագույն ռազմական սաղավարտները


Սաղավարտ՝ գլուխը պաշտպանող զրահ։

Փայտից, կեչու կեղևից, հյուսված ճյուղերից, կաշվից սաղավարտները երևան են եկել նախնադարյան ժամանակաշրջանում։ Մետաղյա (պղնձե և ոսկե) սաղավարտներ են գտնվել Ուրի (մ․թ․ա․ III հազարամյակ) թագավորական դամբարաններից։ Հին Եգիպտոսում զինվորները կրել են կաշվե և վուշե (երբեմն՝ մետաղյա վահանակներով)՝ կլոր, Բաբելոնում՝ պղնձե կամ բրոնզե՝ ցածր, Ասորեստանում՝ կոնաձև սաղավարտներ։ Հունաստանում բրոնզե սաղավարտներն ունեցել են բարձր կատարներ։ Հին Հռոմում ավելի ուշ․ օգտագործել են երկաթե սաղավարտներ։

Հայկական լեռնաշխարհում բրոնզե առաջին սաղավարտները հայտնի են մ․թ․ա․ II հազարամյակից։ Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններից գտնվել են կիսաշրջանաձև, թասակատիպ, տարբեր տեսակի կատարներով բրոնզե սաղավարտներ, որոնք կրել են մարտակառքերին կանգնած զինվորները։

Ուրարտական բրոնզե սաղավարտը նույնպես կոնաձև էր և նման ասուրականին։ Ուրարտական արվեստի լավագույն ստեղծագործություններ են հատկապես Արգիշտի Ա-ի, Սարդուրի Բ-ի սաղավարտները, որոնք զարդարված են կենաց ծառի, աստվածությունների, վիշապների, առյուծների, մարտակառքերի և այլ քանդակապատկերներով։ Սաղավարտներ են պատկերված նաև ուրարտական այլ առարկաների (վահաններ, կապարճներ և այլն) վրա։

Ըստ Հերոդոտոսի, մատիենները, ալարոդիները, սայսպերները կրել են ճյուղերից հյուսված կամ փայտե սաղավարտներ։ Վաղ և միջնադարյան հայկական զորաբանակներում շարունակում էին գործածել սաղավարտներ։ Մատենագրական տեղեկությունների համաձայն, հայ մի շարք զորավարների սաղավարտները զարդարված են եղել առյուծի, վագրի, գայլի, վիշապի պատկերներով։


Արտահայտվել
avatar