Ողջախոհության ճրագը բոցավառված է


Նվաստացուցիչ պարտությունից հետո հարյուրավոր սովորական մարդիկ իսկույն հասկացան, որ տարիներ շարունակ խաբված են եղել, որ... Լևոնը ճիշտ էր։ Եվ շատ-շատերն սկսեցին հրապարակայնորեն՝ հատկապես ֆեյսբուքյան տարածքում անկեղծորեն զղջալ, որ անտեղի են մեղադրել Լևոնին։ Շատերն փնտրեցին ու գտան «Պատերազամ, թե խաղաղություն» հոդվածը։ 2017 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հանրային հեռուստատեսությանն ու Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցների դիտումները, որ 2020-ի նոյեմբերի վիճակով 100 հազարի կարգի էին, մի քանի օրում գերազանցեցին մեկ միլիոնը։ Ովքեր լավ չէին հասկանում, խնդիրն իմացողներից խնդրում էին բացատրել Արցախյան հարցի բուն էությունը։ 

Այսպիսին է անկեղծ մարդկանց վերաբերմունքն իրենց երկրի նկատմամբ։ Ինքնաբուխ կերպով սկսեց շրջանառվել այն համոզմունքը, որ եթե Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունն առաջադրի առաջիկա համապետական ընտրություններում, անկասկած ջախջախիչ պարտության կմատնի բոլոր հակառակորդ քաղաքական ուժերին։ 

Սակայն այստեղ կա մի մտայնություն, որ սովորական մարդկանց ակնհայտ պարզ չէ. Հայաստանում վաղուց են վերացել քաղաքական ուժերը։

Հոկտեմբերի 27-ով իր իշխանությունը վերջնականապես ամրապնդած Ռոբերտ Քոչարյանը, գլխիվայր շրջելով Հայաստանի և արտաքին, և ներքին քաղաքականության ուղղությունները, ձեռնամուխ եղավ Հայաստանի համար ևս մեկ կործանարար գործի. նա սկսեց ամայացնել քաղաքական դաշտը։ 

2007-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով այլևս ոչ միայն կենսունակ ընդդիմադիր քաղաքական ուժ չէր մնացել, այլև քաղաքականությունն ամբողջովին վերածվել էր սոսկ խամաճիկության. 2007-ին Հայաստանում միակ քաղաքական գործոնը Ռոբերտ Քոչարյանն էր։ 

Իմ խորին համոզմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հենց 2007 թվականին  մեծ քաղաքականություն վերադառնալու գլխավոր շարժառիթներից մեկը Հայաստանում քաղաքական դաշտի վերակենդանացումն էր։ Եվ նա ընդամենը մի քանի ամսում համաժողովրդական համախմբում ստեղծեց։ Այդ համախմբումն այնպիսի հզոր քաղաքական գործոն դարձավ, որ Քոչարյանը միայն արյունով կարողացավ ճնշել։ Ճիշտ է, Քոչարյանին հաջողվեց արյունոտ այդ իշխանությունը փոխանցել Սերժ Սագսյանին, բայց այնուամենայնիվ, անկախ քաղաքական հետապնդումներից և արտագաղթի ծավալների մեծացումից, ավազակապետությունը մերժող հսկայաթիվ ընտրազանգվածը որպես քաղաքական գործոն կայացավ։ Եվ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակահատվածում, որպես Քոչարյանի ժառանգորդ, չկարողացավ մնալ Հայաստանի միակ քաղաքական գործոնը. թեկուզ առանց իշխանական լծակների ավելի հզոր քաղաքական գործոնը, ինչպես 90-ական թվականներին, դարձյալ դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հետագայում Սերժ Սարգսյանն սկսեց մեկիկ-մեկիկ պայթեցնել Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբման շրջանակներում ներդրված ականներն ու քաղաքական «պղպջակները», իսկ անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ ՀԱԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալուց անմիջապես հետո. Սերժ Սարգսյանը քանդում էր Հայ Ազգային Կոնգրեսը՝ իր վերահսկողությունից դուրս մնացած միակ քաղաքական ուժը։

Ի հակադրություն դրան, Տեր-Պետրոսյանն էլ, շարունակելով սկսած գործը, քանդում էր ավազակապետական բուրգը՝  ոսկերչական ճշգրտությամբ դյուզն ինչ վնաս չհացնելով պետությանը։ «Բուրժուա-դեմոկրատական» հեղափոխության գաղափարի շրջանակներում Տեր-Պետրոսյանին հաջողվեց Գագիկ Ծառուկյանի 2007-ի ընտրություններում ձևավորված 500 հազարանոց ընտրաձայների զգալի մասն ավելացնել ավազակապետությունը մերժող ձայներին։ Դրա արդյունքները նախ երևակվեցին 2013-ին՝ ի օգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, և ապա հօգուտ 2018-ի հեղափոխության։ Առաջին դեպքում ձայների փոշիացման խնդիրը լուծեց Րաֆֆի Հովհաննիսյանը, երկրորդ դեպքում՝ Փաշինյանը՝ Հայաստանի և Արցախի համար աղետալի հետևանքներով։

Սովորական քաղաքացին՝ պարզ հայրենասերը, 44-օրյա մղձավանջից անմիջապես հետո արագորեն ըմբռնեց կատարվածի էությունն ու ելք փնտրող հայացքն ուղղեց դեպի Լևոն Տեր-Պետրոսյանը՝ համարձակորեն խոստովանելով «հակալևոնական» քարոզչության ազդեցության իր մտայնությունները։ Այսօր ողջախոհության ճրագը կրող մեր այդ քաղաքացին ավելի գրագետ քաղաքական գործիչ է, քան ԱԺ արտահերթին մասնակցող ավելի քան 20 քաղաքական ուժերում ներգրավված թեկնածուներից որևէ մեկը։

Ավաղ, զուր ջանքեր են Լևոն Տեր-Պետրոսյանից զատ քաղաքական կոչվող դաշտում փնտրել ողջախոհության կրակ, քանի որ քաղաքական դաշտի դերակատարումն ստանձնած ոչ մի ուժ, ոչ մի գործիչ իր ներսում չի կրում անգամ ազնվության թույլ մի ճրագ. աղետալի պարտությունից հետո նրանցից ոչ մեկն առայսօր համարձակություն չի ունեցել հայտարարելու ճշմարտությունը (թերևս Սերժ Սարգսյանը կարող էր դա անել՝ նա նման փորձ ունի)։

Քաղաքական դաշտն զբաղեցրած ազգակործաններից մինչև արյունախումները այժմ զբաղված են միմիայն ողջախոհության կրակը մարելու գործով. մինչև ընտրությունների օրն էլ ոչ մեկս նրանցից ոչ մի քաղաքական դրսևորում չենք տեսնելու։ Սակայն նրանց այս պահի խուճապային պահվածքը խոսում այն բանի մասին, որ ողջախոհության ճրագը բոցավառված է։

Արմեն Գևորգյան