Օշականի ճակատամարտ (1827)


Օշականի ճակատամարտը (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ), տեղի է ունեցել հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որ 1827 թվականի օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։

Ճակատամարտն ավարտվել է հայ-ռուսական զորքերի հաղթանակով։

Երևանի՝ պաշարումից հանելը

Հունիսի 15-ին Երևանի պաշարման համար ժամանեց 20-րդ հետևակային դիվիզիան, որը գլխավորում էր գեներալ Կրասովսկին։ 1827 թվականի ամառը անչափ շոգ էր և չորային։ Ջերմաստիճանը հասնում էր մինչև 43 °R (53.7 °C) տապի արևի տակ և 33 °R (41.2 °C) ստվերում։ Տեղի կլիման նպաստում էր զինվորների շրջանում մասսայական հիավանդությունների տարածմանը, ովքեր վերջերս էին ժամանել Ռուսաստանից Տենդերի և դիզենտերիայի բռնկված համաճարակի պատճառով 20-րդ դիվիզիայում մնաց ոչ ավելի, քան 4000 մարտունակ զինվոր։

Օգոստոսին Կովկասյան կորպուսի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Իվան Պասկևիչը, նկարագրելով Կովկասում ռուսական բանակի գործերի ընդհանուր դրությունը, զեկուցում էր Նիկոլայ I, որ շոգը շարունակվում էր, արոտավայրեր չկային, ձիերը հյուծված էին, իսկ զորքի ⅓ գտնվում էր հոսպիտալներում։ 1800 մարդուց բաղկացած գնդում շարքերում մնացել էին մոտ 1000-ը (բացառությամբ գվարդիայի, որում հիվանդների թիվը կազմում էր ոչ ավելի, քան 200 մարդ, իսկ 900 մնացել էին զինված)։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակ՝ որոշում կայացվեց դադարեցնել Երևանի պաշարումը և մինչ աշուն քաշվել դեպի լեռները։

Պաշարման դադարեցման պատճառներից էր նաև այն, որ պարենով և պաշարման զինամթերքվ տրանսպորտը սպասվում էր օգոստոսից ոչ շուտ։

Հունիսի 21-ի (հուլիսի 3-ի) գիշերը դիվիզիան հանվեց պաշարման դիրքերից և նահանջեց դեպի Էջմիածնի վանք։ Վանքում ստեղծվեց հոսպիտալ հիվանդ զինվորների համար։ Վանքի երեք աշտարակների վրա տեղադրեցին մեկական դաշտային հրանոթ։ Հունիսի 24-ին (հուլիսի 6-ին) մոտ 2000 զինվորներ սկսեցին նախապատրաստել պարենը։

Մատակարարելով վանքին բավականաչափ պարեն՝ Կրասովսկին հունիսի 30-ին (հուլիսի 12-ին) իր զորաջոկատով շարժվեց դեպի Բաշ-Ապարանյան բարձրավանդակը և ճամբարեց Ջենգուլի բնակավայրի մոտ։ Վանքում մնացել էին Սևաստոպոլի հետևակային խմբի գումարտակը (մինչև 500 սվին), 5 հրանոթ, հայերի հեծյալ կամավորական ջոկատի հարյուրյակ, որը Կրասովսկուց օգնություն էր խնդրել վանքի պաշտպանության համար, և 700 հիվանդ զինվորներ։

Ճակատամարտի ընթացքը

Խախտելով զինադադարը, պարսկական զորքերը թագաժառանգ Աբաս-Միրզայի գլխավորությամբ օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը` նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը,հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ՝ կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ։ 

Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին։ Օգոստոսի 15-ին` պաշարում և հրետակոծում են Էջմիածինը։ Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին։

Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա, էջմիածին տանող ճանապարհի վրա՝ Քասաղի կիրճում։ Օգտվելով ուժերի նպաստավոր դասավորությունից, Աբաս-Միրզան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուսական զորախումբը։ Սակայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը, ռուսական զորքը դուրս է գալիս Քասաղի կիրճից և շարժվում դեպի Էջմիածին։ Սկսված սվինամարտի ժամանակ ռուսական զորքին օգնության են հասել Էջմիածնի գումարտակը և հայ կամավորները։ Մարտում իրենց մեծ ավանդով նշանավորվել են 39-րդ և 40-րդ եգերական գնդերը։

Ճակատամարտի վճռական պահին հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը, որին բռնի զորակոչել էին պարսիկները, անգլիական ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկական դիրքերը։ Ռուսական զորախումբը, օգտվելով թշնամու ճակատում առաջացած խուապից, ճեղքել է պարսկական զորաշղթան և մտել Էջմիածին։ Ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին։ Հակոբ Հարությունյանը փորձել է փախչել, սակայն պարսիկները նրան բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթարկել. հանել են աչքերը, կտրել են ականջները, կրունկները, շրթունքները և նետել դիակներ մեջ։ Հերոսը ուշքի գալով կարողացել է հասնել Էջմիածին։