Պատմության այս օրը. հուլիսի 5

Պատմություն 05.07.2021   11:00   323

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Լոնդոնում բացվում է The Shard (բեկոր) անունով և 310 մետր բարձրությունով Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը:
1996 - Դոլլի անունով ոչխարը դառնում է առաջին կլոնավորված կաթնասունը:
1986 - Մոսկվայում տեղի ունեցավ «Բարի կամքի խաղերի» առաջին բացումը։
1954 - Էլվիս Փրեսլին ձայնագրեց «That's All Right» («Ամեն ինչ լավ է») անունով իր առաջին երգը:
1946 - Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ մոդելյոր Լուի Ռիերդը ներկայացրեց նոր կանացի լողազգեստ:

  • Մանեքենուհի Միշլեն Բերնարդինին պոդիում դուրս եկավ՝ ծածկված կտորի երկու բարակ շերտերով: Այն լավագույնս ներկայացրեց նորաձևության ցուցադրությունները մեկնաբանող խորհրդային մի վարող. «Այստեղ գիծ է և այնտեղ գիծ է, մեծ հաշվով ոչինչ չկա»: Լողազգեստը համարեցին «ապտակ» հասարակությանը և անվանեցին «բիկինի»՝ այն կղզու անունով, որի վրա 4 օր առաջ ԱՄՆ-ն փորձարկել էր ատոմային ռումբերը։ Հավանաբար այս հագուստից հետո առաջացած շոկային վիճակը նույնն էր, ինչ ատոմային ռումբից:
  • Պատմությունը փաստում է, սակայն, որ դեռևս 1600 տարի առաջ Հռոմեական կայսրությունում կանայք կրում էին լողազգեստներ, բաղկաղած երկու դետալից: Այդ պատկերները կան 4-րդ դարի հռոմեական խճանկարներում: 
  • Բիկինին միանգամից արգելեցին մի քանի հանգստյան գոտիներում: Այդպես շարունակվում էր մինչև 1950-ական թվականները: 
  • Ամեն ինչ փոխվեց, երբ էկրաններ բարձրացավ «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմը: Դրանում Բրիջիտ Բարդոն նկարահանվեց բիկինիով, ինչը խարխլեց շատ արգելքներ: Ֆիլմի ցուցադրումից հետո բիկինին մեծ հռչակ ձեռք բերեց իտալական և ֆրանսիական հանգստյան գոտիներում: 

1922 - Ներդրվեցին «Նանսենյան անձնագրերը» փախստականների համար:

  • Նանսենյան անձնագիրը անձը հաստատող ժամանակավոր վկայական է, որը տրվել է փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Մտցրել է Ազգերի լիգան՝ Ֆրիտյոֆ Նանսենի (այստեղից էլ՝ անվանումը) նախաձեռնությամբ ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ (1922 հուլիսի 3-ից 5-ը)։
  • Գերբի փոխարեն անձնագրում ամրացվել է Նանսենի դիմանկարով նամականիշ։
  • «Նանսենի անձնագիր» ստացած անձինք օգտվել են կոնֆերանսի մասնակից երկրներում բնակվելու, ազատ տեղաշարժվելու իրավունքից, նրանց նկատմամբ դադարել են գործել քաղաքացիություն չունեցողների համար նախատեսված սահմանափակումները: Ազգերի լիգայի որոշմամբ (1924 թ․-ի հուլիսի 12) Մեծ եղեռնից փրկված շուրջ 320 հազար հայեր, որոնք դեգերում էին տարբեր երկրներում, ստացել են «Նանսենյան անձնագիր»։

1881 - Եգիպտական թանգարանի աշխատակից Էմիլ Բրուգշը կատարեց սենսացիոն հայտնագործություն:

  • Լուքսորի մոտ Թագավորների հովիտից դեպի արևելք գտնվող Դեր էլ- Բահրի ժայռերի մեջ նա գտավ ստորգետնյա պալատ՝ փարավոնների մումիաների տասնյակ դագաղներով, ավելի կոնկրետ՝ Ամենհոթեպ 1-ինի, Թութմոս 3-րդի, ինչպես նաև լեգենդար նվաճող Ռամզես 2-րդ Մեծի:
  • Ակնհայտ է եղել, որ մինչ Բրուգշի այստեղ հայտնվելը փարավոնների դամբարանում եղել են նաև գողեր:

1841 - Անգլիացի Թոմաս Կուկը բացեց աշխարհում առաջին տուրիստական գործակալությունը:
1811 - Հարավային Ամերիկայի գաղութներից Վենեսուելան առաջինը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1996 - Ստոկհոլմում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո երեք կողմերը` Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը, շարունակում են բանակցությունները` առանց որևէ առաջընթացի:

  • «Կողմերը որևէ քաղաքական կամք չցուցաբերեցին, հիմնական տարաձայնությունը մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, անվտանգության, փախստականների վերադարձի և ապառազմականացման շուրջ»,֊Ֆրանսպրեսին ասել էր Շվեդիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ինգրիդ Տերսմանը, ով հետևել էր բանակցություններին:

1995 - Ընդունվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
1992 - 11 պետությունների առաջին խորհրդաժողովը Հռոմում`ԵԱՀԽ (ԵԱՀԿ) նախագահող Իտալիայի նախաձեռնությամբ։

  • Ընդհանուր առմամբ, կազմակերպվում է բանակցությունների 5 փուլ, որոնց ընթացքում էլ , փաստացի, ձևավորվում է Մինսկի խումբը: Հանդիպումների 4-րդ փուլին (հուլիսի 31-օգոստոսի 5) մասնակցում են նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները՝Բորիս Առուշանյան, Ռոբերտ Քոչարյան, Հրանտ Խաչատրյան:
  • «Մինսկի խմբի նախնական այդ հանդիպումը, մեղմ ասած, խճճված էր: Ներկա էին հակամարտության կողմերը, և,իհարկե, ռուսներն ու թուրքերը, որոնք առանցքային շահեր ունեին այդ խնդրում ու տարածաշրջանում: Մասնակից մյուս երկրները, սակայն, այնքան էլ հետաքրքրված չէին և հանդիպմանը գործուղել էին ցանկացած մեկին, ով կարող էր հետևել իրադարձությունների զարգացմանը: Պատվիրակներից մեկն, օրինակ, ով Իտալիայում ներկայացված էր որպես իր երկրի դեսպան, կեսօրին` բանակցությունների կեսից հեռացավ, որպեսզի իր շանը տանի զբոսանքի: Բարեբախտաբար, ինձ ուղեկցում էր մեր արտգործնախարարության երիտասարդ աշխատակիցներից մեկը`Մարի Յովանովիչը, ով տիրապետում էր ռուսերենին և լավ գիտեր տարածաշրջանը: Հետագայում նա նշանակվեց ԱՄՆ դեսպան Ղըրղըզստանում և Հայաստանում»: Մինսկի խմբի առաջին ամերիկացի համանախագահի`Ջոն Մարեսկայի հուշերից

1988 - Տեղի ունեցան «Զվարթնոց» օդանավակայանի ողբերգական իրադարձությունները:

  • Այդ օրը խորհրդային զինվորները, ԽՍՀՄ գեներալներից մեկի՝ Ալբերտ Մակաշովի առաջնորդությամբ, նպատակ ունենալով կանխել «Զվարթնոց»  օդանավակայանի աշխատակիցների գործադուլը, նախ զգուշացնում են, որ 30 վայրկյան անց կսկսեն ցրել ցուցարարներին, ապա, դեռ 30 վայրկյանը չլրացած, հարձակվում են ցուցարարների վրա: 
  • «Զվարթնոց»-ի շրջափակման կապակցությամբ խաղաղ նստացույցի ժամանակ սպանվեց լրագրող Խաչիկ Զաքարյանը։
  • Զոհված երիտասարդի հուղարկավորությունը հարյուր-հազարավոր հայերի է դուրս բերում փողոց և փոխում շարժման ընթացքն ու ուղղվածությունը. հանրահավաքներում սկսում են հայտնվել հակախորհրդային կարգախոսներ։
  • Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը երեք հիմնական պահանջ է առաջադրում. Հայաստանի հետ ԼՂ վերամիավորում, Սումգայիթյան դատավարությունների վայրի փոփոխություն և իրադարձությունների ամբողջական լուսաբանում:

1921 - Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանական ՍՍՀ-ի հետ, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հուլիսի 5

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon