Պատմության այս օրը. հունիսի 26

Պատմություն 26.06.2021   10:30   466

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015 - ԱՄՆ բարձրագույն դատարանը բոլոր 50 նահանգներում թույլատրում է միասեռ ամուսնությունները։
1979 - Մուհամեդ Ալին հայտարարեց, որ հեռանում է բռնցքամարտից։
1977 - Ինդիանապոլիսում տեղի է ունենում Էլվիս Փրեսլիի վերջին համերգը։
1960 - Մադագասկարն անկախություն է ստանում։
1954 - ՍՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով հաստատվեց «Սովետական Միության Գեներալիսիմուս» կոչումը (1 օր անց շնորհվեց Ստալինին)։
1945 - Ստորագրվեց Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կանոնադրությունը։
1925 - Կայացավ Չարլի Չապլինի «Ոսկու տենդ» ֆիլմի պրեմիերան։
1896 - Նոր Օռլեանում բացվում է աշխարհի առաջին մշտական գործող կինոթատրոնը։

  • Այն նախատեսված էր 400 հոգու համար։

1243 - Կոսե-Դաղի ճակատամարտում մոնղոլները ջախջախեցին սելջուկ-թուրքերին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2010 - Մինսկի խմբի եռանախագահների` Միացյալ Նահնագների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի առաջնորդները Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարություն են ընդունում Կանադայում` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում։

  • «Այժմ նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը և ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը հնարավորություն կստեղծի անցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը»,- նշել էին Դ.Մեդվեդեւը, Բ.Օբաման և Ն. Սարկոզին։ Գերտերությունների առաջնորդները նաև հիշեցրել էին ավելի վաղ հրապարակված այդ սկզբունքները` Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում, անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»։

2009 - ԵԽԽՎ-ում իշխանամետ հայ պատգամավորը զայրացած են Զարուհի Փոստանջյանի նաձեռնությունից՝ մարտի 1-ի զոհերի հարցով նշանակել հատուկ զեկուցող, որի տակ ստորագրել են նաև ադրբեջանցի և թուրք պատգամավորներ:
2005 - Ձերբակալվում է Երևանում և Լոս Անջելեսում տպագրվող «Ժամանակ» թերթի խմբագիր, 30-ամյա ՀՀ քաղաքացի Արման Բաբաջանյանը: 

  • Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել էր շաբաթ օրը՝ «2002 թվականի նոյեմբերին փաստաթղթեր կեղծելու և խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու փաստի առթիվ»։  

2001 - Գառնիում բացվում է Տիեզերքի թանգարանը։ 

  • Հայ աստղագետները Տիեզերքում իրենց նյութական հետքն են թողել 1971-ի ապրիլի 19-ից, երբ Սալյուտ-1 տիեզերակայանում տեղադրվեց Օրիոն-1 աստղադիտակը, շնորհիվ որի հայտնաբերվեց 200-ց ավելի թույլ աստղ։ 
  • Եվս մեկ աստղադիտակ տեղադրելուց հետո ըստ էության ավարտվում է հայկական կիրառական աստղագիտության պատմությունը՝ փող չկա: 

2001 - Օրվա հիմնական թեմաներից է հոկտեմբերի 27-ի գործով միանգամից 6 ամբաստանյալի նկատմամբ մեկ շաբաթ առաջ համաներումի կիրառումով քրեական հետապնդում դադարեցնելու վերաբերյալ դատավոր Ուզունյանի կայացրած որոշումը։ 

  • Տեսակետ կա, որ համաներումն իրականացվել է հատուկ այս 6-ին ազատ արձակելու համար։

2001 - Անհայտ անձինք հրդեհել են հոկտեմբերի 27-ի իրական մեղավորների փնտրտուքով զբաղվող լրագրող Վահագն Ղուկասյանի կաշվե իրերի արհեստանոցը։ 

  • Ղուկասյանն իր ավտոբուսը համարում էր նաև քաղաքական փոքրիկ դպրոց, որտեղ ուսանող և ուսանողուհիներ էին մտնում։ Ինքն ասում է, որ զգուշացված էր այսպիսի մի բանի մասին։  

2001 - Խորհրդարանը երկրորդ անգամ մերժեց կառավարության ներկայացրած քաղաքացիական ծառայության մասին օրենսգրքի նախագիծը։ 

  • Արշակ Սադոյանն իր տարերքի մեջ էր՝ նա պատգամավորներին կոչ է անում չքվեարկել։ Ընդդիմադիրների չքվեարկելը բավարար էր, քանի որ իշխանության պատգամավորների մի մասը դահլիճում չէր։

2001 - Ազգային Ժողովում քննարկում էին «Սևան-Որոտան կասկադի», Երևանի Պշեկը, Ագարակի, Կապանի և Քաջարանի պղնձամետալուրգիական գործարանները մասնավորեցնելու կարգը։ 

  • Պատգամավորները համաձայնության են գալիս սրանք առանձին օրենքով մասնավորեցնելու շուրջ։ Արշակ Սադոյանն ընդհանրապես առաջարկում է դրանք հանել 2001-2003 թվականների մասնավորեցման ցուցակից։  

1999 - Սահմանադրական դատարանն ավարտում է խորհրդարանական ընտրություններին վերաբերող բողոքների լսումը։ 

  • Համասմասնական ընտրակագի թերությունների վերաբերյալ Էդվարդ Եգորյանի դիմումի մասին դատարանի վճիռը մուրճի հարվածի նման է՝ դրանք օրենսդրորեն հիմնավորված չեն և բավարար չեն համամսնական ընտրություններն անվավեր ճանաչելու համար։ 
  • Դատարանն անփոփոխ թողեց նաև մեծամասնական ընտրակարգով երկու ընտրատարածքների ընտրությունների արդյունքները։

1998 - «Մեր գործարարները սխալ են»- կառավարության նիստում հայտարարում է վարչապետ Արմեն Դարբինյանը։ 

  • Նրա կառավարությունն այլևս մտադիր չէ հանդուրժել ստվերը, որի մեջ գործում են գործարարները։ Վարչապետն սկսելու է բացատրական աշխատանքից։ Եթե չօգնի, պիտի որ անցնի կոշտ միջոցների։

1993 - Ազատագրվեցին Մարտակերտի հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները:

  • Նույն օրը 4-րդ ՊՇ-ի զորամասերը մտել են Մարտակերտ քաղաքը, որով փաստորեն ավարտվել է մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ-ների զորամասերն անցել են տիրապետող բարձունքների, մասնավորապես Եդդիխրման, Բոզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափրավենդ, Թազախաչինյալ, Աղդարա լեռնաշղթայի վրայով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը։
  • Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև հնարավորություն է ստեղծել՝ վնասազերծելու Աղդամի հզոր կրակակետերը։ Մյուս կողմից, տեղական ուժերով անցկացված ռազմագործողությունների շնորհիվ Հադրութի շրջանում ազատագրվել են Նորաշենը, Այգեստանը և, վերահսկողության տակ են առնվել կարևոր, շրջակայքում տիրապետող բարձունքներ և ոչնչացվել հակառակորդի՝ Հադրութ շրջկենտրոնը և շրջակա բնակավայրերը հրետակոծող կրակակետերը։

1993 - Հայկական ուժերի առաջխաղացմանը զուգահեռ`սրվում էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը:

  • Ղարաբաղյան մարտերում հաջողության հասած գնդապետ Ս.Հուսեյնովը զինված ապստամբություն էր բարձրացրել, Գյանջայում նրա զինվորների ու կառավարության ուժերի միջև բախումներ էին սկսվել, զոհվել էր առնվազն տասը մարդ: Ապստամբները գերևարել էին Ադրբեջանի գլխավոր դատախազին, և երբ հասել էին Բաքվի մատույցներին, նախագահ Էլչիբեյը անակնկալ հեռացել էր Նախիջևան`առանց հրաժարական ներկայացնելու:
  • Միլի Մեջլիսը նրա լիազորությունները փոխանցել էր Խորհրդային ղեկավարներից Հ.Ալիևին, ով ամիսներ անց ընտրվեց նորանկախ երկրի նախագահ ու պաշտոնավարեց տասը տարի`մահվանից առաջ իշխանությունը փոխանցելով որդուն` Իլհամին:

1993 - Կառավարության նիստերի դահլիճում հրավիրվում է ՀՀՇ 5-րդ համագումարը, որտեղ քննարկվում է ՀՀՇ գաղափարախոսների մշակած հետխորհրդային Սահմանադրության նախագիծը։ 

  • Կուսակցության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանն ասում է, որ նախագծում շեշտը դրված է ուժեղ խորհրդարանի պայմաններում նախագահական համակարգի կառավարման վրա։ 
  • Համագումարին մասնակցող նախագահ Տեր-Պետրոսյանը մեղադրում է ընդդիմությանը ՀՀՇ-ին և նրա Սահմանադրության նախագծի դեմ ոչ կառուցողական քննադատության համար։

1981 - Պայթյուն Լոս Անջելեսի Swiss Banking Corporation բանկի գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ պահանջելով շվեյցարական բանտերից ազատ արձակել 1981 թվականի հունիսի 9-ին ձերբակալված Հայ Գաղտնի Բանակ (ASALA) հայդուկ Մարտիրոս Ժամկոչեանին։
  • Այս կազմակերպությունը հաջորդաբար ստանձնում է մի շարք գործողություններ շվեյցարական հաստատությունների դեմ, որոնք դադարում են 1982 թվականի հունվարի 21-ին, Հայ Գաղտնի Բանակ (ASALA) հրապարակած կոչից հետո։

1974 - Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը։


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 26

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon