Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 2


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Կղեմես Հայրապետն առաջինն է «Առաքելական հայրերի» շարքում, որոնց գրվածքներից տեղեկանում ենք մ.թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորույթների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության մասին:
  • Կղեմեսը Հռոմում հանդիպում է Ս. Պետրոս առաքյալին, որի քարոզների շնորհիվ մկրտվում է, ձեռնադրվում և 92 թվականին դառնում Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները` հայտնի «Բ առաքելական կանոններ» կամ «Կղեմեսի կանոններ» անվանումով: Հայսմավուրքը քիչ տեղեկություններ է հայտնում Կղեմեսի մասին: Նա հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ քաջաբար խոստովանել է Քրիստոսի աստվածությունը: Նահատակվել է 98 թվականին: Ս. Կղեմեսի վզից քարեր են կախել և ծովը նետել:
  • Ս. Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտել է Ս. Պետրոս առաքյալին, որն էլ նրան ձեռնադրելով ուղարկել է Սիլիկիա:  Նա դարձել է Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ վերացրել կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, Ս. Բագարատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է արել նրան: Քաղաքապետը պատժել է չարագործին, իսկ սրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփել տապանի մեջ` «որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար»:
  • Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Կղեմես Հռոմի Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-12-01, 2023-11-30, 2024-11-28, 2025-11-27, 2026-11-26, 2027-12-02, 2028-11-30, 2029-11-29, 2030-11-28։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2015 - Մինսկի խմբի համանախագահող երկրները դատապարտում են ծանր զենքերի կիրառումը` կոչ անելով կողմերին վերսկսել հիմնարար սկզբունքների շուրջ առարկայական քննարկումները։

  • «Լեռնային Ղարաբաղի հակամարտւթյունը ռազմական լուծում չունի, և ոչինչ չի արդարացնում անմեղ մարդկանց մահը: Կոչ ենք անում կողմերին հնարավոր սեղմ ժամկետներում նվազեցնել լարվածությունը և խնայել մարդկանց կյանքը»,֊ Բելգրադում` ԵԱՀԿ նախարարական խորհրդում հայտարարում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը:

2007 - Մադիրդում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց Մադրիդյան դրույթները:
2003 - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացրած Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին:
2001 - Հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ ամբաստանյալ Կարեն Հունանյանին հարցաքննում է եղբայրը՝ Նաիրի Հունանյանը: 

  • Նրանք միմյանց դիմում են դուք-ով: Նաիրին հարցնում է՝ ու՞մն էր զինված ապստամբության գաղափարը: Կարենը պատասխանում է՝ գաղափարը ձերն էր, ինչպես նաև՝  իմը: 

2000 - ԱԺՄ-ն հրավիրում է արտահերթ համագումար: 

  • Մեկ տարվա ընթացքում ԱԺՄ-ի ներսում ձևավորվեց երեք կուսակցություն: Իրենց կուսակցություններն են բացել Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանը:

2000 - Ազգային Ժողովը պետական տոների մեջ վերականգնում է մարտի 8-ն ու մայիսի 1-ը: 

  • Սա կոմունիստ պատգամավորների ներկայացրած օրինագիծն էր: Այս երկու տոնին դեմ պատգամավորների թիվը շատ չէր:

1999 - Մեկ ամիս առաջ նշանակված վարչապետ Արամ Սարգսյանն իր կառավարության ծրագիրն է ներկայացնում խորհրդարանին: 

  • Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի եղբայրը եկել է ասելու, որ ստվերային տնտեսության դեմ առավել համակարգված են պայքարելու, ինչպես նաև՝ քաղաքական ահաբեկչության դեմ:

1998 - ԱԺՄ նախագահ և խորհրդարանի անդամ Վազգեն Մանուկյանը 1996-ի սեպտեմբերյան անկարգություններից հետո առաջին անգամ մտնում է Ազգային Ժողով:

  • Մարդը եկել էր էլեկտրաէներգիայի սակագնի մասին Էդվարդ Եգորյանի օրինագծի քննարկումներին մասնակցելու: 

1998 - Օսլոյում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը որոշում է Ղարաբաղի հարցով Բարձր մակարդակի պլանավորման խումբ ստեղծել` հնարավոր խաղաղապահ առաքելությունը նախապատրաստելու համար։

  • Նախարարները նշել էին, որ բազմազգ խաղաղապահ առաքելության մասին որոշումը կայացվել է 1994 -ի Բուդապեշտի փաստաթղթով: Դրա իրագործումն ապահովելու համար էլ հիմնվում էր նոր խումբը,որը պետք է ուսումասիրեր իրավիճակը տեղում և առաջարկներ ներկայացներ հնարավոր առաքելության թվի, զենքերի ու տեղակայման սցենարների վերաբերյալ:

1997 - Մինսկի խումբը ԵԱՀԿ֊ին է ներկայացնում կարգավորման «փուլային» տարբերակը, որը նախատեսում էր նախ լուծել հրադադարի ու անվտանգության հարցը, ապա` կարգավիճակի։

  • Տարեվերջին` ԵԱՀԿ նախարարական խորհրդին ներկայացված զեկույցում միջորդները գրել էին`այդ տարբերակը համապարփակ լուծում է առաջարկում` երկու փուլով: Առաջինը ներառում է անհապաղ քայլեր`զինված հակամարտությունը դադարեցնելու, զորքերը դուրս բերելու, միջազգային խաղաղապահներ տեղակայելու, տեղահանվածներին վերադարձնելու և ողջ տարածաշրջանում կոմունիկացիան վերականգնելու ուղղությամբ: Երկրորդ փուլի խնդիրն է որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը պետք է արժանանա Մինսկի խորհրդաժողովի հավանությանը»: Միջնորդները նշել էին, որ այս փուլերը չպետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն, և քայլերից մեկը կարող է իրագործվել ավելի արագ, քան մյուսը, «բայց, բոլորի համար պետք է պարզ լինի, որ ի վերջո բոլոր հարցերը լուծվելու են»֊նշել էին համանախագահները:
  • Հայաստանն ու Ադրբեջանը , որոշ վերապահումներով, բայց` ընդունել էին այս տարբերակը որպես հիմք`հետագա բանակցությունների համար: Ստեփանակերտը մերժել էր:
  • Տարիներ շարունակ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հետևող միջազգային Conciliation resources կազմակերպությունը հրապարակել է նաև այդ նախագիծը:

1996 - ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Հայաստանը վետո կիրառեց և տապալեց ԼՂ հարցի կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կանխորոշող բանաձևի ընդունումը։

  • Բաքուն սպառնում էր ինքը վետո կիրառել հանդիպման եզրափակիչ փաստաթղթի վրա, եթե այն չարձանագրի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Հայաստանն իր հերթին է օգտվում վետոյի իր իրավունքից: Որպես փոխզիջում` ԵԱՀԿ գործող նախագահն է առանձին հայտարարություն տարածում` ներառելով Բաքվի առաջարկած դրույթները: Գագաթնաժողովն անցնում է թեժ մթնոլորտում, արդյունք չի տալիս անգամ Հ. Ալիև ֊ Լ. Տեր-Պետրոսյան դեմ առ դեմ հանդիպումը:
  • Ադրբեջանի նախագահն իր ելույթում հայտարարում է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կազմում ստեղծվի երկրորդ հայկական պետություն»:
  • Հայաստանի նախագահն իր հերթին պնդում է` «Ղարաբաղի ժողովրդին պե՛տք է ինքնորոշման իրավունք տրվի, քանի որ Ադրբեջանն անկարող է երաշխավորել նրանց անվտանգությունը»:

1958 - Երևանում հիմնվում է սովետա-բուլղարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունք։
1920 - ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի Հայաստանը հայտարարվեց անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։
1920 - Լենինը ողջույնի հեռագիր է հղում Հայաստանի Ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սարգիս Կասյանին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու առթիվ։
1920 - Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիայի և Հայաստանի միջև, որն ավարտեց թուրք-հայկական պատերազմը։

  • Պայմանագիրը կնքվել է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։  
  • Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։
  • Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրով, իսկ հետո՝ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։

1816 - Ջորջ Բայրոնը գալիս է Վենետիկ՝ հայոց լեզու սովորելու և ծանոթանալու հայ գրականությանը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Հովհաննես Բաչկով (ծնվ. Գյումրի), բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն (2017), Տոկիոյի 2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
1989 - Մատեո Դարմյան, իտալացի հայազգի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
1953 - Ստեփան Ներսեսյան (ծնվ. Սան Պաուլո, Բրազիլիա), դերասան, բրազիլացի հասարակական գործիչ

  • Ծնվել է հայազգի Կարապետ Ներսեսյանի և իտալուհի Լիուզա Բորյելոյի ընտանիքում:
  • Ստեփան Ներսեսյանը դարձել է հայկական լոբբիի ձևավորման «հեղինակը»։ Ներսեսյանը զգալիորեն ամրապնդել է կապերը Արգենտինայի, Ուրուգվայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ։ 

1938 - Լև Սարկիսով (ծնվ. Վորոնեժ), ալպինիստ, ալպինիզմի ԽՍՀՄ չեմպիոն

  • 1999 թվականի մայիսի 12-ին առավոտյան ժամը 10 - ին «Կովկաս-99» Հիմալայան արշավախմբի գրոհային ջոկատի մասնակիցներ Բենո Կաշակաշվիլին, Աֆի Գիգանին, Բիձինա Գուջաբիձեն, Լև Սարկիսովը, շերպեր Չավան Ռիտան և Նավենգլանը ոտք դրեցին աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը:
  • Սարկիսովն Էվերեստը նվաճող ամենատարեց և առաջին հայ ալպինիստն է։

1918 - Նիկոլայ Նիկողոսյան, նկարիչ, քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965), ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1970), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1982)
1916 - Գրիգորի Յաղջյան (ծնվ. Երևան, մ. 1983), թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954 թ.)
1910 - Արտաշես Մամիջանյան, հայ խորհրդային ճարտարապետ
1897 - Հովհաննես Բաղրամյան (ծնվ. Չարդախլու, Արցախ, մ. 1982), զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս

  • Հարձակողական գործողության արդյունքում խորհրդային զորքերը դուրս են եկել Բալթիկ ծով, և հրամանատար գեներալ Բաղրամյանը որոշել է ուրախացնել Ստալինին՝ նրան ուղարկելով Բալթիկ ծովի ջրով շիշ։ Բայց մինչ այդ շիշը հասել էր Կրեմլ, գերմանացիներին հաջողվել էր հետ մղել պլացդարմը և ափերից դուրս մղել մեր զորքերը։ Ստալինն արդեն գիտեր այդ մասին և երբ նրան շիշը հանձնեցին, ասաց՝ թող նա այս շիշը ետ լցնի Բալթիկ ծովը։
  • Լատվիական ԽՍՀ Գերագույն Խորհրդի առաջին նիստում նախագահողը խոսեց լատիշերեն և նրան հաջորդողները ելույթներն սկսեցին լատիշերենով։ Նիստին որպես պատգամավոր ներկա Բաղրամյանը խոսք է վերցրել և ելույթ ունեցել հայերեն։ Դրանից հետո բոլոր նիստերը անցկացվել են ռուսերեն, որը հասկանում էին բոլոր ներկաները։

1891 - Խորեն Սարգսյան (մ. 1970), հայ գրականագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
1868 - Գևորգ VI Չորեքչյան (ծնվ. Դոնի Նախիջևան, Ռուսաստան, մ. 1954), Ամենայն Հայոց Կաթողիկոս (1945-1954), ազգային-եկեղեցական գործիչ

  • 1941 թ. Ստալինը Մոսկվա կանչեց տեր Գևորգին և նրանց միջև տեղի ունեցավ կարևոր զրույց, որի ժամանակ արքեպիսկոպոսը խնդրեց Խորհրդային պետության ղեկավարին վերադարձնել ձերբակալված հայ հոգևորականներին։ «Նրանք այլևս չկան»,- պատասխանել է Ստալինը։
  • Գործող բանակին, ճակատին, մասնավորապես տանկիստներին, մեծ օգնություն է ցուցաբերվել սփյուռքահայ հավատացյալների կողմից՝ կաթողիկոս Գևորգ VI Չորեքչյանի գլխավորությամբ։ Նվիրատվությունների միջոցով հավաքվեցին զգալի նյութական միջոցներ, կառուցվեցին և բանակին հանձնվեցին «Սասունցի Դավիթ» և «Հովհաննես Բաղրամյան» տանկային շարասյուները:

1772 - Քրիստափոր Արետին (ծնվ. Ինգոլշտադտ, մ. 1824), Մյունխենի կենտրոնական գրադարանի գլխավոր պահապանը

  • Արետինները հայկական ծագմամբ բավարական բարոնների տոհմ են, որոնցից շատերն իրենց վաստակն ունեն պետական ծառայության և գրականության ասպարեզում։