Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 20


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Պետական և ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների օրը
Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան նահատակվել են 303 թվականին Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Լինելով քրիստոնյա` նա ընդդիմացել է թագավորին` չերկրպագելով կուռքերին, որի համար վառված հնոցի մեջ է նետվել: Սակայն սուրբը հրաշքով փրկվել է, և թագավորն ավելի է զայրացել և նրան բանտ նետել: Այդ ժամանակ թագավորը կանչել է Թեովնաս մոգին և խնդրել, որ կախարդություններով հաղթի Ս. Թեոպոմպոսին: Սակայն Թեովնասը պարտվելով վերջինից՝ հավատում է Հիսուս Քրիստոսին, որի պատճառով էլ կենդանի թաղվում է խոր փոսում, իսկ Թեոպոմպոսը` գլխատվում: 
  • Ս. Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը նահատակվել են նույն ժամանակ Նիկոմիդիայում, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Նրանք այն չորս զինվորներն էին, որոնք պահպանում էին Ս. Թեոպոմպոսին: Բայց տեսնելով նրա համբերությունն ու անկոտրում հավատը` դարձի են գալիս և քրիստոնյա դառնում: Դիոկղետիանոս կայսրն, իմանալով այդ մասին, կանչում է նրանց, պատիվներից, հարստություններից զրկում և բանտարկում: Անասելի տանջանքներ կրելուց հետո Քրիստոսի երանելի վկաները նահատակվում են:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-20, 2023-12-19, 2024-12-17, 2025-12-16, 2026-12-15, 2027-12-20, 2028-12-19, 2029-12-18, 2030-12-17:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2006 - Աղմկահարույց սպանություններ. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել և սպանվել:
1994 - Ձևավորվում է խաղաղապահ գործողությունը ծրագրավորող խումբը, որտեղ աշխատում էին 17 երկրներից գործուղված շուրջ 3 տասնյակ սպաներ:

  • Մինչև 1995թ. հուլիս այս խումբը ներկայացնում է հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի թվաքանակը և կառուցվածքը:
  • Սակայն այս ծրագիրն իրականություն չի դառնում, քանի որ ռուսական ստորաբաժանումների տեղակայմանը դեմ էին ադրբեջանցիները, իսկ հայկական կողմն էլ անընդունելի էր համարում թուրքական ստորաբաժանումների ներկայությունը շփման գծում:

1991 - Մոնղոլիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1988 - Ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվեց Շառլ Ազնավուրի հեղինակած խոսքերով «Քեզ համար, Հայաստան» երգը:
1975 - Տեղի ունեցավ Կիրովաբադի (Գանձակի) հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ վերանորոգված եկեղեցու Ավագ սեղանի օծման արարողությունը:

  • Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հանձնարարությամբ Գանձակ էր մեկնել Ադրբեջանի Հայոց թեմի առաջնորդ տեր Հուսիկ եպիսկոպոս Սանթուրյանը, որին ուղեկցում էին եկեղեցական երաժշտության դասախոս Հայկ Ֆրունջյանը և Հակոբ սարկավագ Խաչատրյանը:
  • Դեկտեմբերի 21-ին տեր Հուսիկ եպս. Սանթուրյանը Սուրբ պատարագ է մատուցում Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որին մասնակցում էին բազմաթիվ հավատացյալներ:

1920 - Բանկերի պետականացումը և միասնական բանկի ստեղծումը Խորհրդային Հայաստանում:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1947 - Լյուդմիլա Տեր-Պետրոսյան (օրիորդական ազգանունը՝ Պլեսկովսկայա, ծնվ. Լենինգրադ), գերմանագետ, հեռուստալրագրող, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը, Հայաստանի առաջին տիկին (1991-1998)
1920 - Քրիստափոր Իվանյան, հայ ռազմական գործիչ, Արցախի հերոս
1864 - Ստեփան Եգիզարով, հայ օպերային երգիչ, բաս-բարիտոն (մ. 1938)