Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 21


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

1991 - Խորհրդային բանակի վերջին զորամասերը դուրս եկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից:
1991 - Ուկրաինան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1955 - Վտանգավոր հանցագործների համար նախատեսված ռուսասկան Վլադիմիրի կենտրոնական բանտում մահացավ ազգային ազատագրական պայքարի երախտավոր Գարեգին Նժդեհը:

  • 1944 թվականի հոկտեմբերին նրան Բուլղարիայում ձերբակալել էին Խորհրդային բանակային հակահետախուզության աշխատակիցները:
  • 1946 թվականին Նժդեհին Մոսկվայից տեղափոխում են Երևան: 1948 թվականին նրան դատապարտում են 25 տարվա բանտարկության:
  • Նժդեհին հուղարկավորում են Վլադիմիրի բանտի պարսպի հարևանությամբ:
  • 1980-ականների սկզբին Նժդեհի ազգականները մասունքների մի մասը գաղտնի տեղափոխում են Հայաստան և հուղարկավորում Գլաձորի Սպիտակավոր եկեղեցում: 2005-ին մասունքների մի մասը հուղարկավորում են Կապանում:

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը։
1917 - Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը։
1912 - Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1851 - Արփիար Արփիարյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1908), հայ գրող, հրապարակախոս

  • Սպանվել է 1908 թվականին Կահիրեում, ենթադրաբար, իր քաղաքական հակառակորդների վարձկանների կողմից։ Նրա վերջին խոսքերն էին. «Ես հայ եմ»: Արփիարյանի սպանությունից կարճ ժամանակ անց՝ 1909 թվականին, նոր խմբագիրը «Շիրակ» ամսագիրը տեղափոխում է Կոստանդնուպոլիս, որտեղ իշխանության են գալիս երիտթուրքերը։

1849 - Պետրոս Ադամյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1891), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ

  • Համլետի և Օթելլոյի դերակատարումներով դասվել է աշխարհի մեծագույն ողբերգակների շարքում, իր ժամանակի հայ թատրոնի առաջատարն էր և ամենախոշոր ողբերգակը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը։