Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 7


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Երկրաշարժի զոհերի հիշատակի օրը

 

  • 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, հազարավոր հայերի համար ժամանակն ընդմիշտ կանգնեց, իսկ Հայաստանի նորագույն պատմության մեջ արձանագրվեց ամենատխուր էջերից մեկը՝ տասնյակ հազարավոր կյանքեր խլած սարսափելի երկրաշարժ:
  • Էպիկենտրոնից հարյուր կիլոմետր հեռավորությամբ բնակվողներն անգամ զգացին, որ աղետալի ինչ-որ բան է կատարվում: Սակայն արհավիրքի իրական ծավալները պատկերացնելու համար պետք էր տեսնել Գյումրին, Սպիտակը և տասնյակ այլ բնակավայրեր ցնցումներից րոպե հետո:
  • Վնասի գոտու մակերեսը 10000 կմ քառակուսի էր‚ որտեղ ապրում էր 1 միլիոն բնակիչ, ավերվեցին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342:
  • Հանրապետության երկրորդ քաղաք, մշակութային խոշոր կենտրոն Լենինականի՝ այժմյան Գյումրիի պատմությունն ընդմիշտ բաժանվեց երկու մասի՝ աղետից առաջ և հետո: Երբեմնի ճարտարապետական գեղեցիկ ձեռագրից, պատմական շենքերից և Գյումրվա կոլորիտից չէր մնացել գրեթե ոչինչ: Քարի և թոզի էր վերածվել քաղաքի 60 տոկոսը: 230 հազար բնակչից երկրաշարժի հետևանքով մահացել էին 17 հազարը:
  • Զոհերի թվով երկրորդ տեղում Սպիտակն էր, որտեղ 18500 բնակչից կյանքից զրկվել էին 4000-ը: Քանի որ էպիկենտրոնը հենց Սպիտակի մոտ էր՝ Նալբանդ գյուղում, այստեղ բնակչության առավել մեծ տոկոսը զոհվեց:
  • Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին 113 երկրի կառավարություններ, կազմակերպություններ և անհատներ, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կառույցներ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2018 - Սանկտ Պետերբուրգ. Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը երրորդ` ոչ պաշտոնական հանդիպումն են ունենում։

  • Հանդիպումից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին, Փաշինյանը պատմել էր`«Ալիևի հետ զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված և, ցավոք, համաձայնության չենք եկել: Իրենք առաջարկում են «բոլորը բոլորին», բայց մենք այդտեղ խնդիր ունենք, և Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք»,֊ասել էր վարչապետը։
  • Ավելի ուշ հայկական կողմը վերահաստատեց`պատրաստ է փոխանակել մոլորված մարդկանց , բայց ոչ նրանց, ովքեր դատապարտվել են հանցագործության համար:

2017 - Համանախագահող երկրների արտգործնախարարները հորդորում են կողմերին փոխիզիջումների գնալ։

  • Վիեննայում` ԵԱՀԿ նախարարական հերթական խորհրդում հրապարակված հայտարարությամբ երեք երկրների արտգործնախարարները հիշեցնում են` դեռ մեկ տարի առաջ` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները մնացել են թղթի վրա: Դրանցով,մասնավորապես, կողմերը համաձայնել էին շփման գծում հրադադարի խախտման մեխանիզմներ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: «Մենք հանձնարարել ենք համանախագահներին շարունակել իրենց միջնորդական ջանքերը՝ առաջ մղելու կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկները, սակայն շեշտում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա է»,֊արձանագրում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ԵԱՀԿ֊ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականի համատեղ հայտարարությունը:

2014 - Վախճանվեց Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի հայերեն թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը։
2001 - 102 հազար քաղաքացի ամբողջ Հայաստանից միացել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության ստորագրահավաքին: 

  • Ազգային Միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը վստահեցնում է, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ ստորագրել են ձեռքերն Աստվածաշնչի դրած: 

1999 - Հայաստանի վարչապետ Արամ Սարգսյանը Մոսկվայում առանձնազրույց է ունենում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: 

  • Պուտինը գոհ չէ, որ նվազել է երկու երկրների միջև ապրանքափոխանակությունը, նույնը չի կարելի ասել ռազմական համագործակցության մասին:

1998 - Ռոբերտ Քոչարյանն այցելում է աղետի գոտի և վստահեցնում, որ երեք տարի հետո «աղետի գոտի» հասկացությունն այլևս չի լինի:
1997 - Երևանի շուկաներում վաճառականներն իրականացնում են այն օրերին դեռևս չլսված ֆլեշմոբ՝ վաճառասեղանին բնամթերքի կողքը վառվել են մոմեր ի հիշատակ երկրաշարժի զոհերի:
1995 - Բուդապեշտ. ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի եզրափակիչ փաստաթուղթը նշում է` խաղաղապահների տեղակայման նախապատրաստական աշխատանքն ավարտված է, պայմաններ, սակայն, չկան։

  • Նախարարական խորհուրդը ընդգծել էր`անհրաժեշտ է առանց հապաղելու հասնել քաղաքական համաձայնության, մանրամասնելով` այդ համաձայնագիրը կվերացնի հակամարտության հետևանքները և հնարավորություն կտա որոշում կայացնել ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ: Համատեղ հայտարարությունը նաև պնդել էր, թե կողմերը ուղիղ շփումներ սկսելու հանձնառություն են հայտնել, ընդգծված հորդորելով հնարավորինս արագ դա իրագործել:

1988 - Հայաստանի տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, մահացավ ավելի քան 25.000 մարդ, մոտ 31.000-ը վիրավորվեցին, անօթևան մնաց ավելի քան կես միլիոն մարդ։
1985 - ASALA. Երկու պայթյուններ Փարիզի հռչակավոր Գալերի Լաֆայեթ և Բրենդան վաճառատներում։

  • Կա 41 վիրավոր։ Հայ Գաղտնի Բանակ մոտ «3 Մարտ Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Լիլիթ Հովհաննիսյան, փոփ երգչուհի
1980 - Դեն Բիլզերյան (ծնվ. Թամփ), ամերիկացի վենչուրային կապիտալիստ, պոկերիստ

  • 2011 թվականի մարտի 9-ին, 385 000 դոլար գրազով մասնակցել է ընկերական ավտոմոբիլային մրցավազքի փաստաբան և ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ Թոմ Գոլդշտեյնի հետ։ Մրցավազքը տեղի է ունեցել Լաս Վեգասում և ավարտվել Դանի հաղթանակով: 
  • Նա մեկ միլիոն դոլար է ներդրել «Փրկվածը» ֆիլմի ստեղծման համար, որտեղ կատարել է դերերից մեկը։ 

1971 - Վլադիմիր Հակոբյան, շախմատիստ, գրոսմայստեր, 2010 թ. Աշխարհի փոխչեմպիոն (ԱՄՆ-ի հավաքականի կազմում)
1969 - Երջանիկ Ավետիսյան, հայ և ռուս հրաձիգ, Ռուսաստանի, Եվրոպայի և ստենդային հրաձգության աշխարհի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ 
1962 - Էդիկ Բաղդասարյան, «Վերսուս» ստուդիայի տնօրեն, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ
1955 - Վարդան Օսկանյան (ծնվ. Հալեպ), ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)
1925 - Ռաֆայել Ավագյան, հայ թարգմանիչ
1925 - Եկատերինա Վերմիշևա (ծնվ. Մոսկվա, մ. 1998), կինոռեժիսոր-վավերագրող: ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ
1923 - Սիմոն Կրկյաշարյան (ծնվ. Աթենք), գրող, պատմաբան, թարգմանիչ

  • Հայերեն թարգմանել է հին և նոր հունական գրականության առավել նշանակալի ստեղծագործությունները՝ Քսենոֆոնի «Կիրոպեդիա», Միտսոս Ալեքսանդրոպուլոսի «Հայերը», Հոմերոսի «Ոդիսական»։

1911 - Գուրգեն Ադամյան (ծնվ. Օդեսա, մ. 1987), կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1968)

  • Հայտնի է որպես թավջութակի և կամերային արվեստի հանրահռչակիչ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
  • Ա. Սպենդիարյանի անվան Հայաստանի պետական քառյակի հիմնադիրներից է, նրա անփոփոխ մասնակիցը՝ 1932-64։

1910 - Նատալյա Գևորգյան (մ. 1973), թատրոնի, կինոյի, էստրադայի դերասանուհի

  • Հ. Բեկ-Նազարյանի «Պեպո» հայկական առաջին հնչյունային ֆիլմում Էֆեմիայի դերակատարը:

1897 - Աստղիկ Երամյան, հայկական խորհրդային դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ