Պատմության հայկական օրը, օգոստոսի 17

 Պատմություն  17.08.2021   09:00    168
Պատմության հայկական օրը, օգոստոսի 17

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2010 - Հրապարակվում է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ թիվ 5 արձանագրության նախագիծը, որի ստորագրությունը նախատեսված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում։

  • Նախագծի 3-րդ հոդվածը վերախմբագրվում է այսպես՝ Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

2001 - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրչի մի հարվածով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը դարձել է քաղաք։

  • Դա հայտնի է դարձել, երբ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացել է, որ մեկ շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանն իրեն շնորհել է Հայաստանի քաղաքացիություն։ Ինքը քաղաքացիության հարցով դիմել էր 10 տարի առաջ, իսկ այս տարվա ապրիլից հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից։ 

2001 - Արթիկի շրջանի երկու գյուղերում հորդառատ անձրևն ու կարկուտը հունից դուրս է բերել սելավատարը և լցվել տները։

  • Ավերումներից տուժել էր 35 ընտանիք։ Զոհերը անասուններն են, մրգատու այգիների հետքն էլ չի մնացել, ոչնչացվել է գյուղացիների ձմռան պաշարը:  

2000 - ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը դատարան չի դիմում Ղարաբաղի դատախազության տարածած այն լուրը հերքելու համար, ըստ որի Արցախի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը խոշոր գումարներ է փոխանցել այդ կուսակցությանը։

  • Ըստ ցուցմունքներից մեկի, Բաբայանի թիմակիցը ՍԻՄ-ին Հայաստանի խորհրդարանում տեղեր ապահովելու համար տվել է 345 հազար դոլար գումար «Մենք որևէ կարիք չունենք այդ հարցը մտցնելու այն իրավական դաշտը, որն այսօր ավելի կեղծ է, քան՝ քաղաքական դաշտը»։

1998 - Սկսվում են Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոմավառության սրահի և զանգակատան շինարարության աշխատանքները։ 

  • Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը մոմավառության սրահի կառուցումը բացատրում է նրանով, որ եկեղեցում անհնար է մնալը. մոմի ծուխը շնչահեղձ է անում մարդուն։ 
  • Ի դեպ, մոմավառության սրահի հիմքը փորելիս այնտեղ հայտնաբերվում են մարդու ոսկորներ։ Ենթադրվում է, որ մինչև եկեղեցու կառուցումն այդտեղ գերեզմանոց է եղել։

1997 Գարեգին Առաջին կաթողիկոսն այցելում է Հայաստանի պատմության թանգարան` ցուցահանդեսի բացման ժապավենը կտրելու։ 

  • Ցուցադրվում են Հայ եկեղեցու գանձերը եւ եկեղեցիների մոդելներ։ Կաթողիկոսն ասում է, որ ապագայում հովանավորների և բարեգործական ներդրումների շնորհիվ վերականգնվելու են մեր բոլոր եկեղեցիները։

1997 - Լրագրողների հետ առաջին անգամ հանդիպում է ՄԱԿ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մովսես Աբելյանը։ 

  • Նա ասում է, որ սեպտեմբերից Հայաստանը հրաժարվելու է ՄԱԿ-ի հումանիտար օգնություններից եւ անցնելու է զարգացման ծրագրերին։

1997 - Հայաստանի ռադիոսիրողների խումբը Երևանից շարժվում է Դիլիջան. մեկ շաբաթ նրանք այնտեղից կապվելու են աշխարհի տարբեր ռադիոսիրողների հետ։ 
1997 - Լրագրողների հետ հերթական անգամ հանդիպում է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Լևոն Զուրաբյանը։

  • Լրագրողները Լևոն Զուրաբյանից ուզում են ստանալ մեկ հարցի պատասխան՝ ե՞րբ է նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպելու լրագրողների հետ։ Լևոն Զուրաբյանը ժպտում է և հիշեցնում՝ հույսը վերջինն է մեռնում։

1983 - ASALA. Հարձակում Թեհրանում «Էյր-Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի Իրանի և Աֆղանստանի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Էլյուրայի վրա, երբ նա մեքենա էր վարում։

  • Էլյուրան վիրավորվում է։ Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1964 - Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն ընդունում է ապրիլյան Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ կոնդակը։

  • Կոնդակում նշվում էր, որ հայ ժողովուրդը կարողացել է իր նախնյաց հողի վրա երջանիկ ապագա կերտել, իսկ «ի սփյուռս աշխարհի ցրված պանդուխտ հայերը կերազեն օր մը վերադառնալ հավերժական Արարատին, իրենց հայաստանցի քույրերուն եւ եղբայրներուն մոտ»։
  • Վեհափառը Հայաստանի բոլոր եկեղեցիներին հրահանգում էր 1965 թվականի ապրիլի 24-ին կրոնական արարողություններ անել՝ ի հիշատակ անմեղ նահատակների։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1968 - Սարգիս Հովհաննիսյան, հայ ֆուտբոլիստ
1968 - Իսրայել Միլիտոսյան, ծանրորդ
1937 - Նշան Հարությունյան, շինարար-ճարտարապետ
1937 - Արաքսի Սարյան, երաժշտագետ
1926 - Հովհաննես Շարամբեյան, նկարիչ