Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 25

 Հայեր  25/09/2021   09:00    112
Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 25

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը

  • Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի` կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին:
  • Ադոկտոսը նահատակվել է 320 թվականին, հայկական Մելիտենեում, Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր, նրան փախցնում է արևելք: Քիստոնյա լինելու պատճառով, կայսեր հրահանգով զրկվում է կոչումից և ունեցվածքից և վտարվում Մելիտենե: Տեղի կուսակալին չի հաջողվում Ադոկտոսին հեթանոս դարձնել: Անսասան մնալով իր հավատին` գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը` Պելոպիան թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան, պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում:
  • Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Ս. Սոփիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Ս. Աստվածածինը հայտնվել է նրան երազում և տվել է մի թղթագլան` հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստացել է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 556 թվականին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-24, 2023-09-30, 2024-09-28, 2025-09-27, 2026-09-26, 2027-09-25, 2028-09-30, 2029-09-29, 2030-09-28։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ–ի միջնորդությունը։
2020 - Հեռավար ելույթ ունենալով Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  պնդել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներն իրենց հայտարարություններում շեշտել են, որ ստատուս քվոն անընդունելի է, մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, բայց դրանք բավարար չեն, մեզ պետք են գործողություններ»:
2020 - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

  • Գայանե Աբրահամյանը, մեկնաբանելով պատգամավորական մանդատը վայր դնելու պատճառները, գրել է․ «...չափազանց կարևոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս»։

2015 - Ղարաբաղում չորս զինծառայող է զոհվում, 16-ը` վիրավորվում`հրթիռահրետանային արկակոծման հետևանքով:

  • Վիրավորների մի մասը Ստեփանակերտից տեղափոխվել էին Երևան: «Ազատության» հետ զրույցում զինվորները պատմել էին`այն ինչ տեսել են այդ օրը, երբեք չեն մոռանա:

2015 - Միջնորդներին հաջողվում է տևական դադարից հետո հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։

  • Նալբանդյան֊Մամեդյարով հանդիպումը կայանում է Նյու Յորքում`ՄԱԿ֊ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Կողմերի դիրքորոշումները, ըստ պաշտոնական հաղորդագրություններին, մնում են անփոփոխ: Հանդիպումից առաջ Մինսկի խմբի միջնորդները հայտարարություն էին տարածել` «լուրջ մտահոգությունն արտահայտելով հայկական և ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական տարածքներում և դրանց շուրջ ականանետներ ու ծանր զենքեր օգտագործելու կապակցությամբ»:

2007 - Ռոբերտ Քոչարյանն ասում է իր հայտնի արտահայտություններից մեկը՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մտնի քաղաքական պայքարի մեջ, դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ։ 

  • Այնուհետև Քոչարյանն ասում է, որ ստիպված է լինելու շատ և շատ բաներ հիշեցնել առաջին նախագահին՝ թե քանի լուսավորված փողոց է եղել Երևանում օրինակ 96 թվին։

2001 - Հայաստան է ժամանում Սրբազան քահանայապետ, Վատիկանի առաջնորդ, Հռոմի 264-րդ պապ Հովհաննես Պողոս Երկրորդը։

  • Սա կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առաջին այցն է Հայաստան և Հովհաննես Պողոս 2-դի 96-րդ այցելությունը աշխարհի երկրներ։ Այցը քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների առիթով է։

1996 - Երևանի մարզահամերգային համալիրում ընթանում է շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան։
1996 - Ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում վիճարկում է երեք օր առաջ տեղի ունեցած նախագահի ընտրությունների արդյունքները, որի հաղթող է ճանաչվել գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

  • Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ «միասին գնում ենք Ազգային Ժողովում տեղակայված ԿԸՀ՝ պահանջելու արդյունքների վերանայում»։ 
  • Դեպքերի հետագա զարգացումը կանխորոշում է Մանուկյանի մի նախադասությունը՝ «Եթե 20 րոպեից դուրս չգամ, եկեք իմ հետևից»: Արդեն Ազգային Ժողով մտած Մանուկյանը 20-30 րոպեից դուրս չի գալիս։ Ժողովուրդն անցնում է գրոհի՝ տապալելով խորհրդարանի երկաթյա ճաղերը։
  • Հարձակման թիրախ են դառնում խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանն ու նրա տեղակալ Արա Սահակյանը։ Հայտարարվում է արտակարգ դրություն։

1993 - Մոսկվա. Հ. Ալիևը գաղտնի հանդիպում է Ղարաբաղի Պաշտպանության կոմիտեի նախագահ Ռ. Քոչարյանի հետ:

  • Հանդիպումը նախաձեռնել էր Ռուսաստանի նախագահը, բանակցությունները կայանում են նախ եռակողմ ձևաչափով` Ելցին - Լ.Տեր֊Պետրոսյան - Ալիև, ապա երկկողմ`Ալիև - Քոչարյան:
  • «Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպեցին Ռուսաստանի արտգործնախարարության` Սպիրիդոնովկայի առանձնատանը, բանակցությունը շարունակվեց մոտ մեկ ժամ: Հյուրերին առաջնորդելով դահլիճ`ես նրանց թողեցի դեմ առ դեմ:Ավարտին նրանք առանձնապես մանրամասներ չպատմեցին,ամենահստակն այն էր, որ պայմանավորվել են շարունակել ուղիղ հանդիպումները: Սա Քոչարյանի և Ալիևի միջև առաջին անձնական շփումն էր, որն ավելի ուշ դառնալու էր նրանց հանդիպումների մի ամբողջ շարքի նախաերգանքը, բայց արդեն` Հայաստանի՛ , ոչ թե Ղարաբաղի ղեկավարի կարգավիճակում»: Ռուսաստանցի նախկին համանախագահ Վ.Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքից։

1993 - Ստեփանակերտը առաջին անգամ գնդակոծվում է Ադրբեջանի տարածքից` «Ալազան» հրթիռներով։

  • Հայաստանը հայտարարում է, թե ադրբեջանական կողմը Ժելեզնովոդսկի հայտարարությունից երկու օր անց խախտել է պայմանավորվածությունը և հարձակումներ սկսել Ստեփանակերտի ուղղությամբ։

1991 - ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» ՀՀ սահմանադրական օրենքը:

  • ՀՀ ԳԽ-ն ընդունեց որոշում՝ դիմելու Միացյալ ազգերի կազմա­կերպությանը՝ անդամակցելու համար:
  • ՀՀ ԳԽ-ն ընդունեց որոշում՝ դիմելու աշխարհի երկրների խորհրդարաններին և կառավարություններին՝ ճանաչելու ՀՀ անկա­խությունը և նրա հետ հաստատելու դիվանագիտական հարաբերու­թյուններ:
  • ՀՀ ԳԽ-ն դիմեց ԽՍՀՄ պետական խորհրդին՝ ճանաչելու Հա­յաստանի անկախությունը և բոլոր հարցերը լուծելու բանակցություն­ների միջոցով:

1989 - Ադրբեջանի Գերագույն Խորհուրդն ընդունում է անկախության հռչակագիր։
1979 - ASALA. Չորս պայթյուն Մադրիդում՝ իտալական «Ալ Իտալիա», Ամերիկյան «Փան Ամ», «Թի Դաբլ Էյ» և բրիտանական «Բրիթիշ Էյրվեյս» օդանավային գրասենյակների առջև։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակն։
  • Իտալական գաղտնի ծառայության նախկին սպա Ստեֆանո Ջիովանոն պնդում է, որ Իտալիան հետագայում բանավոր պայմանավորվածություն է կնքել Հ.Ա.Հ.Գ.Բ-ի հետ, ըստ որի վերջինս պիտի դադարեցներ գործողությունները իտալական հողերի վրա, իսկ իտալական իշխանությունը խոստացել էր զորավիգ չկանգնել այն գործակալություններին, որոնք կազմակերպում էին Խորհրդային Միությունից արևմտյան երկրներ գաղթող հայերի տեղահանումը։

1947 - Հայֆիլհարմոնիայի դահլիճում իր աշխատանքն է սկսում Անդրկովկասի վիրաբույժների 3-րդ համագումարը, որին մասնակցում էին երեք հանրապետության 160 պատվիրակ։

  • Հանդիսավոր արարողությունը բացում է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ պրոֆեսոր Ռուբեն Յոլյանը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Գարի Բաղդասարյան (ծնվ. Լենինգրադ), հարվածային գործիքների կատարող
1957 - Վահան Թամարյան, արձակագիր
1944 - Բաբկեն Արարքցյան, հայ քաղաքական, պետական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ
1943 - Արամ Սարոյան (ծնվ. Նյու Յորք, ԱՄՆ), ավանգարդ բանաստեղծ, հրապարակախոս, արձակագիր, կենսագիր, հուշագիր և դրամատուրգ, արվեստի ազգային հիմնադրամի (National Endowment for the Arts poetry awards) մրցանակի դափնեկիր
1943 - Ջորջ Բուռնության (ծնվ. Սպահան, Իրան), պատմաբան, հայագետ

  • Պրոֆեսոր Բուռնությանը թարգմանելև մեկնաբանեք է «Պատմությունների գիրք»-ը։ Սա Մեծ Պատմական աշխատության առաջին թարգմանությունն էր անգլերեն, որը հրապարակվել է Mazda Publishers.

1940 - Ռոնալդ Սյունի (ծն. Ֆիլադելֆիա, ԱՄՆ), պատմաբան, խորհրդային և հետխորհրդային պատմության մասնագետ, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր

  • Չիկագոյի համալսարանում (1981-1995) Ալեք Մանուկյանի անվան հայոց նոր պատմության ֆակուլտետի առաջին ղեկավարն էր, որտեղ հիմնադրել և ղեկավարել է հայկական հետազոտությունների ծրագիրը:
  • Հայ կոմպոզիտոր Գրիգոր Միրզոյանի թոռն է Սյունին։

1939 - Արթուր Չիլինգարով, ականավոր հայ բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981)
1929 - Արտյոմ Տոտոլյան, միկրոկենսաբան, ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ
1927 - Գեորգի Չեպչյան, թատրոնի և կինոյի դերասան, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1925 - Խաչատուր Ավագյան, դրամատուրգ, թատերագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
1922 - Գեորգի Խաչիկյան, ֆուտբոլի համամիութենական կարգի մրցավար
1914 - Արշավիր Ղազարյան, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)
1908 - Յակով Զարոբյան (ծնվ. Արտվին, Ռուսաստան), Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար (1960-1966)

  • Զարոբյանի օրոք Սփյուռքի հետ բազմաբնույթ կապերի ակտիվացման, հայրենադարձության, Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների անցկացման, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողի կառուցման շնորհիվ բարձրացել է Հայաստանի հեղինակությունը: 
  • Զարոբյանը սիրում և խրախուսում էր սպորտը, թեև բացի շախմատից, ոչինչ չէր խաղում։ Հայաստանում ֆուտբոլասերները մինչ օրս էլ հիշում են, թե ինչպես էր Զարոբյանը բանակ զորակոչված և ԲԿՄԱ-ում խաղացող կենտրոնական հարձակվող Սարգիս Հովիվյանին վերադարձրել հանրապետական թիմ։

1908 - Ալեքսանդր Մանուչարյան, հայ խորհրդային անասնաբույժ-սելեկցիոներ
1891 - Օլգա Բարաշյան, քանդակագործ, Ա. Ս. Պուշկինի դիմանկարների հեղինակ, խորհրդային դարաշրջանի հասարակական գործիչներ
1881 - Հայկ Ազատյան, տնտեսագետ, Վրաստանի ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)
1833 - Ալեքսանդր Ավշարով (Աղասի Ավշարյանց, ծն. Շեմախա), հեծելազորի գեներալ, ազնվական, Ղրիմի պատերազմի հերոս

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 2
Օգտատերեր 0