Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 27

 Հայեր  27/09/2021   10:00    173
Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 27

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Դավիթ Դվնեցին նահատակվել է 701 թվականին, Հայաստանում:  Իշխանական տոհմից էր, նախկին անունը` Սուրհան: Նրա հայրը մահմեդական էր, իսկ մայրը` քրիստոնյա: Նա ծառայում էր արաբական բանակում: Գալով Հայաստան` հավատում է Քրիստոսին և մկրտվում Անաստաս Կաթողիկոսի կողմից` վերանվանվելով Դավիթ: 30 տարի ապրել է Դվինում, այդ պատճառով կոչվել է Դվնեցի: Այդ ժամանակ արաբ ոստիկան Աբդուլահն հալածում էր քրիստոնյաներին և Դավթին իր մոտ է կանչում` հորդորելով վերադառնալ նախկին հավատին: Մերժելով ուրանալ Քրիստոսին` անասելի տանջանքների է ենթարկվում: Բռնակալ արաբ ոստիկանը որոշում է սրբին խաչել: Մահապատժի ժամանակ Դավիթը մոտենում է խաչափայտին և ինքնակամ պառկում վրան: Հավաքված բազմության մեջ էր նաև մահապարտի կինը, որը հորդորում էր ամուսնուն հաստատ մնալ Հիսուսի հավատին: Դավթին խաչում են և նիզակահարելով սպանում: Ամատունի եպիսկոպոսը, Մուշեղ Մամիկոնյանն ու նրա եղբայր Արտավազդը խաչից իջեցնում են նրա մարմինն ու թաղում Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու մոտ: Շարակնոցում հատուկ «Մանկունք» շարական կա` նվիրված Ս. Դավիթ Դվնեցուն:
  • Ղամբեոսը և Ղամբեուհին հարազատ քույր և եղբայր են: Գործել են Մաքսիմիանոս կայսեր օրոք, Նիկոմիդիա քաղաքում: Ձերբակալվել են կուռքերին զոհ չմատուցելու պատճառով և որպես քրիստոնյաներ տանջանքների ենթարկվելուց հետո 303 թվականին նահատակվել:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-26, 2023-10-02, 2024-09-30, 2025-09-29, 2026-09-28, 2027-09-27, 2028-10-02, 2029-10-01, 2030-09-30։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - Արցախյան 2-րդ պատերազմ՝ սկիզբ. Վաղ առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման անցավ արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ 

  • Հրետակոծվում էին նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: 
  • Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և համատարած զորահավաք։ 
  • ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում կայացվեց Հայաստանի ողջ տարածքում ռազմական դրություն հայտարարելու մասին:
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի հետ կռվում է նաև Թուրքիան, որը ներկայացված է մեծաքանակ ռազմական տեխնիկայով, օդուժով և վարձկան զինվորներով։

2020 - Ըստ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter-ը։
2020 - Արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսված ռազմական գործողություններին անմիջապես արձագանքեց միջազգային հանրությունն՝ կոչեր և հայտարարություններ հղելով կողմերին։

  • Ռուսաստանը կոչ արեց  անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։
  • ՀԱՊԿ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, դրա համար անհրաժեշտ է ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ էր ունենում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն:
  • Ֆրանսիան կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես եկավ Կովկասում խաղաղության հաստատման կոչով:

2019 - Մարտի 1-ի գործով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրվեց թիկնապահ։ 

  • Նախորդ օրը մի խումբ անձինք հետապնդել էին դատավորին՝ փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը:
  • Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ էր պահել Բարձրագույն դատական խորհրդին և հաղորդում ներկայացրել Ոստիկանությանը:

2018 - Ղարաբաղում հայտարարում են հակառակորդի կրակից զոհված զինվորի մասին։

  • Հրադադարը խախտվել էր Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների` Նյու Յորքում`ՄԱԿ֊ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպման շեմին:

1994 - Վաշինգտոնում հանդիպում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները: Դռնփակ բանակցություններից հետո Բ. Քլինթոնը խոստովանում է` առաջին անգամ հնարավորություն են ունեցել հանգամանալից քննարկել ղարաբաղյան խնդիրը:

  • «Մենք այսօր Բորիսի հետ վերջապես հնարավորություն ունեցանք բավական երկար ու անձնապես քննարկել այդ խնդիրն ու Ռուսաստանի միջնորդական առաքելությունը: Ինչ քայլեր էլ Ռուսաստանը ձեռնարկի, դրանք պետք է համախատասխանեն ՄԱԿ֊ի բանաձևի պահանջներին»,- հայտարարում է ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնը:

1984 - Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը ԽՍՀՄ ամենահայտնի աստղը՝ Ալլա Պուգաչովան, 3 համերգ տվեց լեփ-լեցուն «Հրազդան» մարզադաշտում:

  • Այդ համերգի հատվածներն ընդգրկվել են 1985 թվականին թողարկված «Пришла и говорю» ֆիլմում։

ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Արթուր Բաղդասարով (ծնվ. Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան), կենդանիներ վարժեցնող, ՌԴ վաստակավոր արտիստ
1965 - Արմեն Ադիլխանյան, ռուսաստանյան կինոպրոդյուսեր, ռեժիսոր, դերասան և սցենարիստ
Կինոյում աշխատելու տարիների ընթացքում շեշտակի կարիերա է արել՝ անցնելով տեսախցիկի մեխանիկից մինչև պրոդյուսեր ճանապարհը։
1954 - Սամվել Պետրոսյան, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ
1950 - Գայանե Մարտիրոսյան, ռեժիսոր, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008)
1938 - Իգոր Զայցև (ծնվ. Մոսկվայի մարզ), շախմատիստ, գրոսմայստեր, շախմատային տեսաբան, գրականագետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1978), ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2006)

  • Եղել է Տիգրան Պետրոսյանի մարզիչը։ Հայրը հայ է՝ Արկադի Աղայանը։
  • Վառ կոմբինացիոն ոճի շախմատիստն առանձին պարտիաներում հաղթել է աշխարհի չեմպիոններ Մ. Տալին և Բ. Սպասկուն: Ականավոր շախմատային վերլուծաբան է, շախմատը միշտ ընկալել է որպես փիլիսոփայական մեկնաբանության ենթակա արվեստի ոլորտ։ Մի շարք դեբյուտային մշակումների հեղինակ է իսպանական պարտիայում, սիցիլիական և հին հնդկական պաշտպանություններում:

1931 - Ալբերտ Մուշեղյան, գրականագետ, թարգմանիչ, բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1998)

  • Տեսողությունից զրկվել է վեց տարեկանում՝ պայթուցիկով խաղալիս։ Իր գիտական հետազոտությունները Ա. Մուշեղյանը կատարել է կնոջ՝ բանասեր և թարգմանիչ Ռիմա Հարությունյանի օգնությամբ:
  • Շուրջ հարյուր գրականագիտական և հայագիտական աշխատանքների հեղինակ է՝ նվիրված հիմնականում հայ գրականագիտական սակավ հայտնի էջերին:

1930 - Ստեփան Սիտարյան (մ. 2009), խորհրդային և ռուս տնտեսագետ, պետական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
1904 - Դարյա Բաբայան (ծնվ. Լենինգրադ, Ռուսաստան, մ. 1988), բուսաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)

  • Ն. Ա. Նաումովի լավագույն աշակերտներից է: Արագ տիրապետելով հայերենին 1933 թվականից դասախոսություններ կարդացել է հայերեն։

1896 - Արման Կոթիկյան (ծնվ. Տրապիզոն, Թուրքիա, մ. 1968), դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

  • 1925 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը, աշխատել է Փարիզի հայկական դրամատիկական թատրոնում։
  • 1932 թվականին Փարիզում հիմնադրել է «Հայկական Ժողովրդական Թատրոն»- ը։
  • 1961 թ. նկարահանվել է արևմտահայ գրող Ատրպետի «Տժվժիկ» համանուն պատմվածքի հիման վրա Արման Մանարյանի դիպլոմային աշխատանքում՝ նրա եղբոր՝ Երվանդ Մանարյանի սցենարով։ Ֆիլմում իր վերջին դերն է խաղացել հայտնի դերասան Հրաչյա Ներսիսյանը։ 

1894 - Գուրգեն Շահինյան, ճարտարապետ, ինժեներ-շինարար, Հայաստանի վաստակավոր շինարար
1892 - Գարաբետ Միրան Հեքնայան (ծնվ. Փարիզ, մ. 1985), գեղանկարչության կոլեկցիոներ և գործարար, մուլտիմիլիոնատեր, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

  • Հեքնայանը մոլորակի ալմաստի բիզնեսի առաջատարներից է։
  • 19-րդ դարի գեղանկարչության ֆրանսիական խոշորագույն կոլեկցիոներներց է։ Նրա հավաքածուում տեղ են գտել Դեգայի, Մոնեի, Մանեի, ինչպես նաև Ռեմբրանդտի ավելի քան 100 կտավներ և Ռոդենի տասնյակ քանդակագործական կոմպոզիցիաներ:

1871 - Հովհաննես Նալբանդյան (ծնվ. Սիմֆերոպոլ, Ղրիմ, մ. 1942), նշանավոր ջութակահար և երաժշտական մանկավարժ, Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սանկտ Պետերբուրգում հայկական խմբակի նախագահը
1820 - Գրիգորի Բուդաղով (ծն. Ռիգա, մ. 1882), ծովակալ, Սևաստոպոլի պաշտպանության հերոս

  • Սերում է 18-րդ դարի Աստրախանի ռուսացած հայկական տոհմից, որը կրում էր «Բուդաղով-Բուդաղյան» ազգանունը։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 1
armenlur