Քրեական գործ կարելու առանձնահատուկ արվեստը


Երևան քաղաքում աղաղակող անարդարությունների շարքում երկրորդական չենք կարող համարել քաղաքացի Վահագն Բունիաթյանի գործը, որին մինչ այս անդրադարձել են «Առավոտ» օրաթերթը,  «Նյուզլայն» լրատվական կայքը, մտավորականներ, քաղաքական գործիչներ։ Այս հոդվածի շարժառիթը Վճռաբեկ դատարանի վճիռն է, համաձայն որի` քաղ. Վահագն Բունիաթյանը մեղավոր ճանաչվեց և նրա նկատմամբ կիրառվեց պատիժ` 300.000 ՀՀ դրամի չափով։ Ըստ էության, գիրս խոսք է, որ բացահայտում է օրինապահ քաղաքացուն հանցագործ դարձնելու առանձնահատուկ արվեստը։ Նախ`վերհիշենք եղելությունը։

2021թ. օգոստոսի 25-ին Վահագն Բունիաթյանը գնացել է «Վերնիսաժ» տոնավաճառ, գնել ռուսական գործարանային արտադրության «Волк сталь» որսորդական դանակ: Հետո գնացել է աշխատավայր, ապա` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի «Բարեկամություն» կայարան: Մետրոյի «Բարեկամություն» կայարանում ոստիկանները նրան կանգնեցրել են, հրավիրել մետրոպոլիտենի պահպանության բաժին: Ոստիկաններն ապօրինի խուզարկել են Վահագնի ուսապարկը, հանել են որսորդական դանակն ու հոգեբանական ճնշում գործադրելով՝ ահաբեկել են, սպառնալով, թե՝ դանակ տեղափոխելը քրեորեն հետապնդելի արարք է, և նրան սպառնում է ազատազրկման ձևով պատիժ: Վահագնը հասկացել է, որ հրապարակային գործող, բացօթյա, վերահսկվող տարածքի վաճառքում դրված դանակ-հուշանվեր գնելը չի կարող իր՝ գնորդի համար դառնալ քրեորեն հետապնդելի արարք, սակայն ոստիկանները նրան հորդորել են. «Այ, եթե դանակը թողնես այստեղ, ստորագրես արձանագրությունը, դու ազատ ես»: Վահագնը դանակը թողնելու պատրաստակամություն է հայտնել, ստորագրել արձանագրությունը: Հետագայում Վահագնը իմացել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով, այն է՝ (մեջբերում) «Վահագն Բունիաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի օգոստոսի 25-ին «Բարեկամություն» կայարանում իր մոտ գտնվող ուսապարկի մեջ ապօրինի կերպով կրել է «Волк» ապրանքանիշի, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ»: Նաև տեղեկացել է, որ, այսպես կոչված, խախտել է ՀՀ «Զենքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի Ե կետի պահանջները: Մեղադրական եզրակացության մեջ գրված է. «Վահագն Բունիաթյանը ամբողջությամբ ընդունել է մեղքը և զղջացել կատարվածի համար»։ Փաստ է նաև, որ  Վահագն Բունիաթյանը կամավոր հրաժարվել է դանակից։ ՀՀ քրեական օրենսգքի նույն` 235-րդ հոդվածի 5-րդ կետում գրված է. «Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Այս կետի համաձայն, Վահագն Բունիաթյանը պետք է ազատ արձակվեր հենց մետրոպոլիտենի պահպանության բաժնից։ Սա չի արվել, ինչը, առնվազն, տարակուսանք է հարուցում։

Մեղադրանք է առաջադրվել առաջին մասով, ուր գրված է. «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրացանից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսավոր հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է»: Բնավ պարզ չէ, թե ինչ կարող է ենթադրել «ապօրինի» բառն այն դեպքում, երբ «Վերնիսաժ» տոնավաճռում, «Լիստ.ամ» կայքում ազատ վաճառվում են գործարանային արտադրության որսորդական դանակներ, իսկ վաճառողները ՀԴՄ են խփում «սառը զենք» վաճառելիս: Ընդ որում, ամեն օր այդ «սառը զենքերը» վաճառվում են ոստիկանների, իրավապահների, այլ անձանց ներկայությամբ: Մեղադրական եզրակացությունը սեպտեմբերի քսանյոթին ուղարկվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Շենգավիթ նստավայր: Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ լսվեց գործը, հրապարակվեց դատավճիռը: Մեղադրանքը պաշտպանել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության դատախազ Գ. Փայտյանը: Վահագնի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ֆերդինանդ Սարգսյանը: Նա դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ որսորդական դանակն իր պատյանով գտնվել է Վահագնի ուսապարկի հատակում, դանակի վրա կային այլ իրեր, ուսապարկը նրա մեջքին էր՝ երկու ուսագոտիով: Դանակ-հուշանվերը չէր կարող վտանգ ներկայացնել, իսկ տերը չէր կարող «հանցավոր մտադրություն» ունենալ: Այսինքն, դանակը ձեռքին հասանելի չի եղել: Դատարանը ըստ արժանվույն չգնահատեց ոստիկանների ապօրինի` առանց համապատասխան օրդերի խուզարկությունը, երիտասարդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելը, սպառնալը, ոստիկանների՝ իրենց լիազորությունների սահմաններից դուրս գալու հանգամանքը: 

Դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած դատավճռի դեմ փաստաբան Ֆերդինանդ Սարգսյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Մեղադրանքը պաշտպանել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության դատախազ Գ. Փայտյանը: Պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանը իր բողոքով խնդրել է արդարացնել Վահագնին և կայացնել նոր դատական ակտ, ճանաչել և հռչակել նրա անմեղությունը: Քրեական վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։  

Ընդհանուր իրավասության դատարանում անբասիր նկարագիր ունեցող երիտասարդը հայտարարել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունք տվել, ասելով, որ՝ դանակը գնել է «Վերնիսաժ» տոնավաճառից, որ դանակն ազատ վաճառքում է եղել, ինքը չի մտածել, թե այն կարող է համարվել սառը զենք: Քաղաքացի Վահագն Բունիաթյանը նախկինում դատապարտված չի եղել, զբաղվում է մտավոր գործունեությամբ, ունի անբասիր կենսագրություն: Քրեական վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ընդհանուր իրավասության դատարանի իրավական գնահատականները նույնպես, այն է. «Մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատելիս դատարանն արձանագրում է, որ այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին: Գնահատելով Վահագն Բունիաթյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորությունը՝ դրա կատարման հանգամանքների տեսանկյունից, դատարանը հաշվի է առնում այն, որ դրա առարկան որսորդական դանակ է (ըստ փորձագետի եզրակացության), որն օժտված է վնաս պատճառելու առավել բարձր ունակությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի դիսպոզիցիայով նախատեսված զենքի այլ տեսակների համեմատ, ինչը բարձրացնում է արարքի հանրային վտանգավորությունը»: Հարց է առաջանում. տոնավաճառներում նման դանակներ վաճառողները դրանք ինչպե՞ս են տեղափոխում։ Փաստորեն, ըստ մեղադրող կողմի տրամաբանության, , վաճառողները մինչ տոնավաճռներ հասնելը, ամեն օր կրում են սառը զենքեր, որովհետև դրանք տեղափոխում են։ Ու քանի որ ամեն օր կրում են սառը զենքեր, որովհետև ամեն օր տեղափոխում են, նրանք բոլորը ամեն օր քրեորեն պատժելի արարք են կատարում։ Այդպե՞ս է։ Սույնը առավել հասկանալի դարձնելու համար մեջբերեմ մի հատված մեղադրող Վ. Փայտյանի և  նախագահող դատավոր Ն. Հովակիմյանի երկխոսությունից` իմ անձնական ձայնագրությունից (ձայնագրության առարկան` ՀՀ Քրեական վերաքննիչ դատարան, 01.04.2022թ., ամբաստանյալ Վահագն Բունիաթյանի դռնբաց դատական նիստ)։

Մեղադրող Վ. Փայտյան - Միայն այն հանգամանքը, որ նշված դանակը ազատ վաճառքի դրված է տոնավաճառներում, դեռևս չի նշանակում, որ այն թույլատրելի է, և մենք կարող ենք այն ունենալ մեզ մոտ, պահել մեզ մոտ, կրել մեզ մոտ։ Եթե նույնիսկ ազատ վաճառք տեսնելով Վահագն Բունիաթյանը մտածել է, որ ազատ վաճառք է և հնարավոր է որ թույլատրելի է, սա ևս արարքի որակման վրա որևէ նշանակություն ունենալ չի կարող, քանի որ արարքի առկա իրականությունը չգիտակցելը չի կարող դիտարկվել որպես դիտավորության բացակայություն։
Նախագահող դատավոր Ն. Հովակիմյան - Իրապես ընդունենք, որ Վահագն Բունիաթյանը այդ օրը ձեռք է բերել, գնացել աշխատանքի ու հետո գնում էր տուն, ճանապարհին հայտնաբերվեց։ Էսպիսի հարց. վաճառքն արգելվա՞ծ է։
Մեղադրող Վ. Փայտյան - Վաճառքը արգելված չի, սառը զենք կրելն է արգելված։
Նախագահող դատավոր Ն. Հովակիմյան - Չէ, հասկանալի է, որ սառը զենք կրելն արգելված է։ Լավ։ Եթե վաճառքը արգելված չի, ենթադրվում է, որ քաղաքացին դա կարող է ձեռք բերել, չէ՞։
Մեղադրող Վ. Փայտյան - Այո։
Նախագահող դատավոր Ն. Հովակիմյան - Եթե վաճառքը արգելված չի, բացահայտ է վաճառքը, ինչ-որ մեկը կարող է տեսականորեն ձեռք բերել։ Եթե ձեռք է բերել, ուրեմն պետք է տեղափոխի ինչ-որ տեղ, չէ՞։ Եթե վաճառքը արգելված չի, անձը ինչ-որ տեղից բերեց, դրեց սեղանին ու վաճառեց, չէ՞, այսինքն` նա´ է տեղափոխել, այդ անձը պատասխանատվության չի՞ ենթարկվում կրելու համար... Բայց անձը, որը  ձեռք է բերել որ տանի տուն որպես սուվինիր, ենթակա է պատասխանատվության։ Այ սա եմ ուզում հասկանալ։
Մեղադրող Վ. Փայտյան - Այդ դեպքում, հարգելի դատավոր, վաճառողը որպես կանոն մեծ քանակությամբ է բերում, առանձին փաթեթավորված է նա բերում, և առանձին փաթեթավորվածը մեքենայով տեղափոխելը չենք կարող դիտարկել որ այդ անձը ևս կրել է։
Նախագահող դատավոր Ն. Հովակիմյան - Թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնել։ Օրինակ` վերցնենք, որ էդ մարդը տեղափոխեց, մեծ քանակությամբ տեղափոխեց, չգիտեմ, մեքենայով տեղափոխեց...
Մեղադրող Վ. Փայտյան - Դա գործի առանձին հանգամանքներով պիտի պարզենք։ Կոնկրետ այս դեպքում, եթե մենք այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, բոլոր դեպքերում.... ոչ մի անձ դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։
Նախագահող դատավոր Ն. Հովակիմյան - Հիմա´։ Եթե արարքը իրավական դաշտ է տեղաոխվում, չէ՞, նպատակը ո՞րն է. կանխել հանցագործությունը, ոչ թե` կատարվում է հանցագործությունը, հետո... Քանի որ ներկայացնում եք իրավական մարմինները, գուցե մտածեք այն մասին, որ էս վաճառքը ազատ պայմաններում, «Վերնիսաժում» արգելվի, որ մարդիկ չգնան անգիտակցաբար գնեն։ Տեսե´ք. հիմա էս մարը ասում է` առել եմ, տուն եմ տանում։
Մեղադրող Վ. Փայտյան - Հարգելի դատարան, դա մի փոքր դժվարություն է ներկայացնում իրենից` ազատ վաճառք արգելելը, քանի որ նույնիսկ տվյալ գործի շրջանակներում սառը զենք կրելու հանգամանքը հաստատվում է համապատասխան փորձաքննության արդյունքում։ Այսինքն, բոլոր դեպքերում, բոլորը պետք է այդ իրերը տանեն փորձաքննության, պարզվի` սառը զենք է-սառը զենք չի, նոր վաճառքի դրվի։ 
Նախագահող դատավոր Ն. Հովակիմյան - Քաղաքացին միս կտրելու դանակ է առնում պարզապես։ Տանում է տուն որ միս կտրի։ Մինչև տուն հասնելը ոստիկանը նկատում է, սա չի՞ դիտարկվում, որ ինքը կրում է այդ սառը զենքը...

Նախագահող դատավոր Ն. Հովակիմյանի վերջին այս հարցադրումը հռետորական բնույթ էր կրում, քանզի հույժ խորիմաստ այս երկխոսությունից հետո հնչեցին նախկին դատավարության ժամանակ հնչած փաստարկներ և´ մեղադրողի և´ պաշտպանի կողմից, ինչի արդյունքում բնավ չհասկացվեց, թե «տեղափոխել»-ն ինչպես կարող է դառնալ «կրել», և թե դանակ գնող շարքային քաղաքացին ինչպես կարող է գիտակցել այն հանգամանքը, որ դանակի հետ շփվելու առաջին իսկ ակնթարթից ինքը քրեորեն պատժելի արարք է կատարում։ Ի լրումն կարող եմ ավելացնել, որ քրեական վերաքննիչ դատարանի ողջ դատական պրոցեսն ընթացավ դատավորների դրական մոտեցումներով։ Նրանց ապշեցրել էր գործի անհեթեթությունն ու աբսուրդը։ Ապշեցնող և ծիծաղելի, թերի մասնագիտական էին մեղադրող դատախազ Վանուհի Փայտյանի մեղադրանքները, որոնց մի մասը դատավորները գրեթե հերքեցին։ Ոչ կարճատև ընդմիջումից հետո նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հռչակեց վճիռը, համաձայն որի` քրեական վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` Վահագն Բունիաթյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ կիրառել պատիժ`տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300 000 ՀՀ դրամի չափով։ Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հռչակեց վճիռը գլուխը կախ, ինքն իրեն դեմ գնալով, կարծես չուզենալով, կարծես ափսոսալով, որ դատավարության ընթացքում իր խոսքն ու դիրքորոշումը այդքան դրական էին։ Այո´. դատավարության ընթացքում նա իսկապես պաշտպանում էր արդարությունն ու ցանկանում էր այն վերականգնել։ Բայց ժամ ու կես ընդմիջում եղավ և... Ի՞նչ էր տեղի ունեցել այդ ժամ ու կեսվա ընթացքում։ Մեկ պատասխան կա. զորավոր մեկը, գուցե` հեռախոսազանգով, գուցե` առերես, թելադրել էր, թե ինչպիսին պիտի լինի դատավարության ելքը։ Այստեղ, ըստ իս, ակնհայտ է մեղադրող դատախազ Վանուհի Փայտյանի դերակատարումը։

Նրա փաստարկները, խոսքի տակից դուրս գալու ջանքերը, օրենքն ըստ իր ուզած ուղղության շեղելը պարզ ծիծաղ էին հարուցում, բայց այստեղ առավել ողբերգականը ՀՀ քրեական օրենսգրքի` 235 հոդվածի 4-րդ մասի իսկապես կաղ ու անկատար օրենքը խաղաքարտ դարձնելն է։ Փաստորեն, տվյալ հոդվածի 4-րդ մասի համաձայն, պետական արտադրության (և ո´չ պետական) դանակներ վաճառողները պոտենցիալ հանցագործներ են։ Հարցն այն է, թե ում գլխին գործ կսարքեն, թե նրանցից ով կընկնի ոստիկանության դռբի տակ։ 

Մեղադրող Վ. Փայտյանը դատարանում ի լուր ամենքի հայտարարեց. «...Վաճառողը որպես կանոն մեծ քանակությամբ է բերում, առանձին փաթեթավորված է նա բերում, և առանձին փաթեթավորվածը մեքենայով տեղափոխելը չենք կարող դիտարկել որ այդ անձը ևս կրել է»։ Բայց չէ՞ որ փաստաբան Ֆերդինանդ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրել էր հենց այն հանգամանքի վրա, որ որսորդական դանակն իր պատյանով  եղել է Վահագն Բունիաթյանի ուսապարկի հատակում, դանակի վրա եղել են այլ իրեր և նոթբուք։ Ըստ մեղադրող Վ. Փայտյանի, եթե դանակները գտնվում են մեքենայի թափքում, այն է` ձեռքի համար անհասանելի են, ապա, նույն տրամաբանությամբ, ուսապարկը Վ. Բունիաթյանի մեջքին էր՝ երկու ուսագոտիով: Ակնհայտն այն է, որ մեղադրող Վ. Փայտյանը ասելով`առանձին փաթեթավորվածը մեքենայով տեղափոխելը չենք կարող դիտարկել որ այդ անձը ևս կրել է, հենց ինքն էլ, չհասկանալով, արդարացրեց Վահագն Բունիաթյանին։

Շարունակենք խոսել արդարության և արդարադատության մասի՞ն, թե՞ Վահագն Բունիաթյանին «կարված» 235 հոդվածի 4-րդ մասի կողքին դնենք ՀՀ քրեական օրենսգրքի 308` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը հոդվածը, որն ի թիվս այլոց անդրադառնում է առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձանց։

Այն բանից հետո, երբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը` Վահագն Բունիաթյանին մեղավոր ճանաչելով, պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանը հարցին առնչվող բողոքով դիմեց ՀՀ վռաբեկ դատարան, ինչը նույնպես եղավ անարդյունք։ Վռաբեկ դատարանը մերժեց Ֆերդինանդ Սարգսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։  

Փաստորեն, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քաղաքացին չի կարող քաջ վստահություն ունենալ առ այն, թե ինքը վաղվա հանցագործը չի դառնալու այն պարզ պատճառով, որ իր իրավունքների երաշխավոր օրենքը վաղը կարող են և շրջել իր դեմ։  Այսպիսով, հարգելի քաղաքացիներ, եթե վաղը խանութ գնաք, որպեսզի գնեք դեզադոր, եթե վաղը գնաք «Վերնիսաժ», որպեսզի գնեք, օրինակ` խորհրդային ժամանակներից մնացած կշռաքար, ապա զգույշ եղեք, որովհետև ոստիկանները կարող են ձեզ ապօրինի խուզարկել, ահաբեկել ու մոլորեցնել, որպեսզի ընդունեք ձեր արարքն իբրև մեղք, իսկ դատարանը ձեզ մեղավոր կճանաչի` դեզադորը դարձնելով գազային զենք, իսկ կշռաքարը` նետողական զենք։

Սմբատ Բունիաթյան