Տխուր է, երբ տրամաբանությունն է բացակայում


Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը, որտեղ պարզ երևում էր, թե ովքեր են դեմ եղել Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը և գերտերությունները ցանկություն են ունեցել հիմնախնդրի կարգավորումից հետո Հայաստանը մասնակից դարձնել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին, նույնիսկ «Նաիրիտ» գործարանի հետագա գործունեությունն են պայմանավորել Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումով։ 

Թվում էր, թե Պետդեպի փաստաթղթերի գաղտնազերծումից հետո բոլորի համար էլ պարզ կլինի, թե ում պատճառով և ինչու ենք այսօր կանգնած կործանման եզրին։ Բայց չէ։ Փաշինյանական պատմաբան, Հանրային խորհրդի անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը լուրջ դեմքով 1in.TV եթերից «մեկնաբանում» էր Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը։ Նպատակը մեկն էր՝ արդարացնել Նիկոլ Փաշինյանին և նրա ձախողած արտաքին քաղաքականությունը ու հավանական արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը։ Փորձում էր էդ ողջ աբսուրդին լրջություն հաղորդել ու չարչրկում էր տրամաբանություն բառը։ 

Պարզաբանենք։ Ինչպես ինքն է ասում՝ «Ազատության» նյութը փաստաթղթային է և կասկածի տակ չի առնում, բայց հարցեր առաջանում են։ Պատմաբանը ենթադրում է, որ Մեծ տերությունների որոշմանը դեմ չի եղել նաև Ադրբեջանը, կողմ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ վերնախավի մի մասը, դեմ է եղել ՀՀ-ի մի փոքր մասը (չի ասում, որ դեմ է եղել Քոչարյանը և ուժային կառույցները) և Ղարաբաղը, ինչը ենթադրում է, որ այլևս հարց չպետք է առաջանար։ Բայց չէ, պատմաբանը շարունակում է սեփական «վերլուծությունը»։ 

Ինչպես ինքն է ասում, որ պատմաբան է ու գիտի, որ փոքր ժողովուրդները, որ համախմբվում են կարող են դիմակայել արտաքին ուժերի ճնշումներին, բայց այս դեպքում ժողովրդի համախմբում չէ, վերնախավի մի մասն է (պալատական հեղաշրջման մասին էլ բառ չի ասում), ուրեմն հենվում է արտաքին ուժի վրա, ու պատմաբանի մոտ լեգիտիմ կասկած է առաջանում, որ այդ ուժը ռուսներն են և ռուսները երկկակի խաղ են խաղացել (ինչպես ինքն է ասում, եթե նույնիսկ երկկակի խաղ խաղացել են ռուսները, բայց ինչ կապ է տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ գաղտնազերծված փաստաթղթերում նման աբսուրդ չեք գտնի), բայց «վերլուծաբանին» տրամաբանությունն է հուշում։ 

Այնուհետև պատմաբանի մոտ դարձյալ հարց է առաջանում, թե ում ուժերն էին լինելու ԼՂ սահմանին։ Հեյդար Ալիևի ցանկությունն է եղել ԼՂ սահմանին տեղակայել միջազգային ուժերը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանինը՝ ռուսական, այստեղից էլ պատմաբանը «տրամաբանում» է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ռուսական ուժերի ազդեցության տակ (փաստաթղթում այս մասին նույնպես ոչինչ չկա)։ «Ղարաբաղյան խնդրի կարգավորման 1997թ. Թե՛ Փաթեթային, թե՛ Փուլային տարբերակներում, որոնց, ի դեմս նախագահ Տեր-Պետրոսյանի, պաշտոնապես համաձայնություն է տվել Հայաստանը, հստակորեն արձանագրված է, որ զորքերի ետքաշումներից հետո հակամարտության բաժանարար գոտում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր՝ սկզբունք, որն ի դեպ, ժամանակին հաստատվել է 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի բանաձևում (ֆեյսբուքի Արման Մուսինյանի էջից): 

Իսկ մենք մեջբերենք գաղտնազերծված փաստաթղթերից այն հատվածը, որտեղ ասվում է, թե Լևոն Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ ԼՂ սահմանին ում ուժերն էին տեղակայվելու ․ «Այդ օրերին սեղանին դրված տարբերակն առաջարկում էր դուրս բերել հայկական ուժերը գրավյալ տարածքներից` բացառությամբ Լաչինի, կողմերի միջև ստեղծել բաժանարար գիծ` բուֆերային գոտի, որն ամբողջությամբ պետք է մնար չբնակեցված և ԵԱՀԿ ուժերի հսկողության տակ: Լաչինի միջանցքը պետք է լիներ ոչ թե այսօրվա պես՝ 5, այլ` 22 կմ, և Ադրբեջանը այն պետք է վարձակալության տար ԵԱՀԿ-ին, որն իր հերթին պետք է օգտագործման հանձներ Արցախի իշխանություններին: Լեռնային Ղարաբաղը պետք է ունենար իր սեփական դրոշը, զինանշանը, օրհներգը և Սահմանադրությունը: Քաղաքացիները կարող էին զինվորական ծառայությունն անցնել Ղարաբաղի տարածքում, իսկ Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունը իրավունք չէին ունենալու մտնել Լեռնային Ղարաբաղ առանց տեղական իշխանությունների թույլտվության: Ստեփանակերտը նաև իրավունք էր ստանում արտաքին կապեր հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի և մարդասիրական հարցերի ոլորտներում: Այս քայլերից հետո արդեն` հաջորդ փուլում, առաջարկվում էր անցնել կարգավիճակի հստակեցմանը: Մինչ այդ միջազգային համայնքը խոստանում էր խաղաղապահ ուժեր տեղակայել` դառնալով անվտանգության երաշխավոր»: 

Պատմաբանը վերջում էլ «տրամաբանորեն» եզրակացնում է, որ գաղտնազերծված փաստաթղթերը բացահայտում են՝ տապալման մեղավորը Մոսկվան է, բայց արել է Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով, որովհետև հակասություն է եղել, թե որ ուժերն են տեղակայվելու ԼՂ սահմանին։ 

Իսկ հիմա մենք փորձենք տրամաբանություն գտնել։ Ինչպես ինքն է ասում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով Մոսկվան տապալում էր խաղաղ կարգավորումը, բա ինչո՞ւ հրաժարական տվեց, թող մնար ու տապալեր։ Էստեղ տրամաբանությունը ո՞րն է։ Տխուր է, երբ տրամաբանությունն է բացակայում։

Ջավահիր Այվազյան