Ո՞նց ես, ո՞նց

Հումոր 10.03.2020   20:30   1127

«Ո՞նց ես» հարցի նկարազարդ պատասխաններ և ուսումնական էքսկուրս

Այս հարցը ունի մոտ 12 շաբլոն պատասխան։ Փորձենք բացահայտել դրանցից յուրաքանչյուրը։

ԼԱՎ ԵՄ - Լավատեսական պատասխան, որ հանգեցնում է որոշակի մտորումների՝ հիմա ո՞վ ա լավ։ Լավ լինողները պետք է զգուշանան, որովհետև Լավերին բանակ են տանում։ Ուստի Լավ լինելու փաստը պետք է թաքցնել, ասենք, դաշնամուրի մեջ։ 

ԼԱՎ ԼԱՎ ԵՄ - Սա թլիկության կամ կակազության պատճառ չէ։ Այս զգացողությունը ավելի շուտ կարելի է նույնացնել Դոբրի Կայֆի հետ։ Հիմնականում նման զգացողությունը հանգեցնում է խախանդ իրավիճակի։

ՑԵՆՏՐ ԵՄ - Զոռբայության դրսևորում է։ Ցենտր լինում են անհոգ մարդիկ, ովքեր գլուխ չունեն աջ ձգողականների կամ ձախ թռնողականների հետ և իրենք իրենց անվանում են ցենտրիստներ։

ԿԱՅՖ ԵՄ - Կայֆ դառնում են որոշակի կայֆեր ընդունած կամ ուրիշների վրա կայֆեր վառող անհատները։ Նրանք ֆիզիկապես վտանգավոր չեն, սակայն կարող են հեշտությամբ նստել թարմ ականջներին։

ՑԵԽ ԵՄ -  Հասկանում ենք ոչ կեղտաջրի, ոչ էլ ձեռնարկության իմաստով։ Ցեխը զգացողության գագաթնակետն է, որից հետո սկսվում է անդունդը։

ՉԿԱՄ - Այս զգացողությունը շատերը նույնացնում են Ջնջված եմ զգացողության հետ, սակայն ոետինե իրերի սղության պատճառով նախընտրում են վերոհիշյալ անվանումը։

ՈՉԻՆՉ - Սա ամենաբեզաբիդնի տեսակն է, որին հանդիպում ենք ամեն քայլափոխի։ Ոչինչի փոխարեն ընդունված է նաև «սենց էլ որ մնա լավ ա» արտահայտությունը, որն իր մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում։

ԸՆԵՆՑ ԷԼԻ - Ցրողական պատասխան, որը հանգեցնում է «Ո՞նց ապե» կոնկրետացնող հարցին և հանդիսանում է պարապ-սարապ բալամուտների սկիզբ։

ԽԱՌԸ - Ինչպես և կաճաչին, ինքնազգացողությունը նույնպես կարող է խառը լինել։ Նման ձևով հիմնականում պատասխանում են ներքին օրգաններում խառնվածություններ ունեցող կամ խառնակիչ մարդիկ։

ԵՍԻՄ - Մանթրաժ իրավիճակ, որի մասին հիշելիս անհատն ընկնում է Եսիմ ռակիրովկի մեջ և երկար ժամանակ փորձում է սեփական վարատնիկով չազդել դիմացինի բարոյական խառնվածքի և տեսողական օրգանների պոտենցիալ գրգռվածության վրա։

ԼՈՄԿԱ - Լոմային երևույթ, որը հանդիպում ենք ջարդվածքներ, կոտրվածքներ և լոմկվածություններ ունեցող անձանց մոտ, որոնց Լոմկայի կարելի է հասցնել մի կծու, թթու, դառը, աղի կամ թեկուզ անալի խոսքով։

ՎԱԴ ԵՄ - Ամենավերջին զգացողությունն է, որը կարող է առաջանալ ցանկացած զգացողությունից անմիջապես հետո։ Այդ իսկ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս քնից արթնանալուց հետո բացել մեջքի մկանները և բարիտոնային ձայնով երգել Պավարոտտիի որևէ երգի որևէ կրկներգը։

Տեքստը՝ Գամմա Արիյանի

Նկարիչ՝ Նաիրա Ահարոնյան

«Ֆօնֆօնի»-ի արխիվից

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Նաիրա Ահարոնյան, Գամմա Արիյան, ռաբիս, ֆօնֆօն


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon