Դանիիլ Խարմս․ «Կա միայն մեկ հարց»


Ինձ հետաքրքրում է միայն անհեթեթությունը, միայն այն, ինչը ոչ մի գործնական իմաստ չունի: Կյանքն ինձ հետաքրքրում է միայն իր անհեթեթ դրսևորումներով: Բարոյահերոսությունը, բարոյախանդավառությունը, բարոյապատեհությունը, բարոյախոսությունը, առողջաբարեմոլությունը, բարոյականությունը, բարեսիրությունը եւ բարոյագրությունն ինձ համար ատելի բառեր և զգացմունքներ են: Սակայն ես լիովին հասկանում ու հարգում եմ հիացքն ու հիացմունքը, ոգևորությունն ու հիասթափությունը, կիրքն ու զսպվածությունը, ցոփությունն ու ողջախոհությունը, ցավն ու կսկիծը, խինդն ու ծիծաղը: 

Դանիիլ Խարմս

Տեսողական խաբկանք

Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։

Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։

Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։

Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։

Սեմյոն Սեմյոնովիչը նորից դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։

Սեմյոն Սեմյոնովիչը չի ցանկանում հավատալ այդ երեւույթին, դրա համար էլ այդ երեւույթը համարում է տեսողական խաբկանք։