Պատմության հայկական օրը. հունվար 13


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Քրիստոսի Անվանակոչության տոնը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:  Այդ մասին վկայում է Ս. Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): «Հիսուս» եբրայերեն բառ է, որ նշանակում է փրկիչ:
  • Ս. Գաբրիել հրեշտակը, Սուրբ Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, պատվիրեց Մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):  «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա»-ին: Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:
  • Տոնը նշվում է ամեն տարի հուվարի 13-ին։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2004 - Ադրբեջանը հրաժարվում է մուտքի վիզաներ տրամադրել հայկական պատվիրակությանը Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին մասնակցելու համար։
2002 - Հայաստանում պահպանված թուրքմենական դամբարանի տարածքում հուշաքար է բացվում:

  • Այս դամբարանը վկայություն է, որ 5 դար առաջ Հայաստանի տարածքում եղել են թուրքմենական Կարա Կոյունլու ցեղերը: 

1991 - Երբ Վիլնյուսում խորհրդային զորքերը գրոհեցին հեռուստաաշտարակը և քաղաքում սպասվում էր նոր՝ ավելի մասշտաբային հարձակում, Լիտվա է ժամանում Հայաստանի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը։

  • Տեր-Պետրոսյանը, ով Արցախյան շարժման տարիներից արդեն մեծ փորձ ուներ խորհրդային բանակի ու զինվորականների հետ բանակցելու, իր վրա է վերցնում նախաձեռնությունը․ նա անձամբ կազմակերպում է Լանդսբերգիսի և Վիլնյուսի կայազորի հրամանատար, գեներալ Ուսխոպչիկի առաջին հանդիպումը։
  • Հենց այդ քայլերից հետո է հնարավոր լինում կապ հաստատել Գորբաչովի հետ, ստանալ վիրավորներին օգնելու համաձայնությունը և, ամենակարևորը, կանխել հաջորդ գիշերվա նախատեսված նոր հարձակումը։
  • Ճգնաժամային պահին քաղաքական հասունությունը, իրավական գիտելիքները և խորհրդային զինվորական մեքենային քաջածանոթ լինելը թույլ տվեցին Տեր-Պետրոսյանին բեկում մտցնել Վիլնյուսի իրադարձություններում։
  • Վիտաուտաս Լանդսբերգիսը` Տեր-Պետրոսյանին, 1992թ.՝ «Դուք եղաք Լիտվայի ազնվաբարո պաշտպանը և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատվիրակության գործողությունների վկան և մասնակիցը»։

1990 - Բաքվում սկսվեցին հայ խաղաղ բնակչության 7 օրյա (հունվարի 13-19-ը) ջարդերը և բռնագաղթը:

  • Հունվարի վերջին փախստականների ընդհանուր թիվը հա­սավ 240.000-ի, Բաքվում սպանվեց 60 հայ:

1989 - ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը «Լեռնային Ղարաբաղի մարզում կառավարման Հատուկ կարգի մտցնելու հետ կապված գործողությունների մասին» որոշում կայացրեց։

  • Առաջին կետով պարտադրեց ԼՂՀ Ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները նշել հատուկ տողով (Ադրբեջանի ԽՍՀ-ից առանձին)։

1981 - ASALA. Փարիզում պայթյունից օդ է բարձրանում Թուրքիայի դեսպանատան տուրիզմի գծով խորհրդական Ահմեդ Էրդեյլիի մեքենան։

  • Հայ Գաղտնի Բանակ «Ալեք Ենիգոմշյան Քոմանտօն» ստանձնում է պատասխանատվությունը, կոչ ուղղելով մարդասիրական կազմակերպություններին, որ մուտք գործեն Թուրքիայի բանտերը, ու բանտարկված են հայ, արաբ, քուրդ և թուրք հեղափոխականներ և հետաքննեն այնտեղ տիրող վիճակը։

1976 - ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությունը ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում է շնորհում Երվանդ Քոչարին։
1923 - Ավարտվում է Անդրկովկասյան ֆեդերացիայի զինանշանի ստեղծման հայտարարված մրցույթը:

  • Առաջին մրցանակը տրվում է Մարտիրոս Սարյանի և Հակոբ Կոջոյանի ներկայացրած նախագծին:

1866 - Սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Տաթև Աբրահամյան, հայ շախմատիստուհի
1977 - Ֆերնանդո Զախարյան (ծնվ. Արգենտինա), ֆուտբոլիստ
1975 - Խորխե Դյուրան (Խորխե Գևորգ Գուլդալյան, Կարակաս, Վենեսուելա), հեռուստահաղորդավար, շեֆ խոհարար, արտիստ

  • Հանդիսանում է Հանթի լոլիկի ընկերության գովազդի դեմքը։
  • Նա ազատ խոսում է իսպաներեն, ֆրանսերեն և հայերեն։ Ներկայումս ապրում է Նյու Յորքում։

1952 - Միշել Մարիան (ծնվ. Փարիզ), ֆրանսահայ փիլիսոփա և գրող: Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարարության գրքի ազգային կենտրոնի գլխավոր քարտուղար
1946 - Հրաչյա Գասպարյան (ծնվ. Ալավերդի), ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)
1936 - Սվետլանա Միրզոյան, ականավոր խորհրդային և ռուս արդյունաբերական դիզայներ: Հեղինակ լեգենդար մեքենայի ՌԱՖ-977. Արվեստագիտության թեկնածու, ՀՊՄՀ պրոֆեսոր Շտիգլիցա. ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ (1972), Ռուսաստանի դիզայներների միության անդամ
1935 - Իոսիֆ Կուրոյան, խորհրդային և հայ ռեժիսոր, մուլտիպլիկացիոն ֆիլմերի սցենարիստ և նկարիչ, Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատների չեմպիոն (1955, 1956), Հյուսիսային նավատորմի բռնցքամարտի առաջնության մրցանակակիր (1956)
1923 - Խաչատուր Իսկանդարյան, քանդակագործ
1916 - Արիստակես Կասպարով (ծնվ. Դոնի Ռոստով, մ. 1989), դիրիժոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1913 - Նինա Ալթունյան (ծնվ. Կրասնոդար, մ. 2001), դերասանուհի, ռեժիսոր
1908 - Գարեգին Արամյան (ծնվ. Սեբաստիա, Թուրքիա, մ. 1975), օպերատոր և ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)
1905 - Խորեն Թորջյան (ծնվ. Արաբկիր, մ. 1991), երաժշտագետ
1901 - Նաիրի Զարյան (Հայաստան Եղիազարյան, Հարակոնիս, Թուրքիա, մ. 1969), գրող
1896 - Դոլորես Զոհրաբ Լիբման (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1991), բարերար, «Դոլորես Զոհրաբ Լիբման» հիմնադրամի հիմնադիր

  • Գրիգորի Զոհրաբի դուստրն է:

1872 - Գեորգի Գյուրջիև, հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա 

  • Գեորգի Գյուրջիև - ճանապարհորդ, կոմպոզիտոր և միստիկ-փիլիսոփա, ներքին իրացման «չորրորդ ուղու» մասին ուսմունքի հեղինակ: Գյուրջիևի հայրը ծագումով հույն էր՝ գուսան ուստա Ադաշը, իսկ մայրը գյումրեցի հայուհի։ Գյուրջիևը ողջ կյանքի ընթացքում իր աղջկան համառոտ բայց իմաստուն խորհուրդներ է տվել, որոնց համահավաքը ներկայացնում ենք ստորև՝
  • Ուշադրությունդ կենտրոնացրու ինքդ քեզ վրա:
  • Ցանկացած պահի գիտակցիր այն, ինչ մտածում, զգում, ցանկանում կամ անում ես:
  • Միշտ ավարտին հասցրու սկսածդ:
  • Ինչ որ անում ես՝ հնարավորինս լավ արա:
  • Մի կապվիր այն բանին, ինչն արդյունքում կարող է ավիրել քեզ:
  • Շռայլությունդ առանց վկաների ցուցաբերիր:
  • Ցանկացած մարդու վերաբերվիր ինչպես ամենամոտ բարեկամիդ:
  • Շտկիր փչացրածդ ամեն ինչը:
  • Սովորիր ստանալ և շնորհակալ լինել ամեն մի պարգևի համար:
  • Ինքնապաշտպանական վարքդ զսպիր:
  • Մի խաբիր, մի գողացիր. այդպես վարվելով դու կխաբես ու կգողանաս ինքդ քեզնից:
  • Օգնիր նրանց, ովքեր քո կողքին են, բայց նրանց կախվածության մեջ մի գցիր:
  • Չափազանց շատ տարածք մի զբաղեցրու:
  • Մի աղմկիր ու ավելորդ ժեստեր մի արա:
  • Եթե դեռ հավատ չկա մեջդ՝ ձևացրու այն:
  • Ուժեղ անհատների ազդեցությունից հեշտորեն մի տպավորվիր:
  • Մի փորձիր պահպանել ոչինչ ու ոչոքի:
  • Արդար բաշխիր:
  • Մի գայթակղիր:
  • Կեր և խմիր այնքան, որքան պետք է:
  • Քո անձնական խնդիրներից մի խոսիր:
  • Մի դատիր և մի տարբերակիր, քանի դեռ չգիտես բոլոր հիմնական փաստերը:
  • Անիմաստ ընկերություն մի արա:
  • Մի հետևիր ընդհանուր միտումներին:
  • Մի ծախիր քեզ:
  • Հարգիր քո ստորագրած համաձայնությունները:
  • Ճշտապահ եղիր:
  • Ուրիշի սեփականությանն ու ձեռքբերումներին մի նախանձիր:
  • Խոսիր միայն անհրաժեշտի մասին:
  • Մի մտածիր այն շահի մասին, որ կարող են բերել քեզ քո գործողությունները:
  • Մի սպառնա:
  • Պահիր խոստումներդ:
  • Վեճի մեջ քեզ միշտ ուրիշների տեղը դիր:
  • Խոստովանիր, երբ մեկը գերազանցում է քեզ:
  • Հաղթահարիր վախերդ:
  • Օգնիր ուրիշներին ունակ դառնալ ինքնօգնության:
  • Հաղթահարիր տհաճության զգացողությունդ և նրանց կողքին եղիր ում ուզում ես մերժել:
  • Հպարտությունդ փոխարինիր արժանապատվությամբ:
  • Չարությունդ փոխարինիր ստեղծագործականությամբ:
  • Ժլատությունդ փոխարինիր գեղեցկության պաշտանմունքով:
  • Նախանձդ փոխարինր ուրիշների արժանիքների հիացմունքով:
  • Ատելությունդ փոխարինիր գթասրտությամբ:
  • Մի գովերգիր, բայց և մի վիրավորիր ինքդ քեզ:
  • Քեզ չպատկանող ամեն ինչի մասին հոգա, ինչպես քո սեփականի:
  • Մի փնթփնթա, մի բողոքվիր ինքդ քեզ:
  • Զարգացրու երևակայությունդ:
  • Ուրիշներին հրահանգներ մի տուր միայն հանուն ենթարկելու հաճույքի:
  • Վճարիր այն աշխատանքի և ծառայությունների համար, որ քեզ մատուցում են:
  • Մի քարոզիր քո աշխատանքն ու գաղափարները:
  • Մի փորձիր ուրիշների մեջ քո հանդեպ արթնացնել այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են՝ խղճահարությունը, համակրանքը, հիացմունքը, մեղսակցությունը:
  • Մի փորձիր առանձնանալ արտաքին տեսքով:
  • Երբեք մի ընդդիմացիր, ուղղակի լռություն պահպանիր:
  • Պարտքի տակ մի ընկիր, գնիր և վճարիր անմիջապես:
  • Հրապարակային վիրավորելով՝ հրապարակային ներողություն հայցիր:
  • Խոսակցության մեջ սխալդ նկատելով, մի պնդիր սեփական ճշմատացիությունը հանուն հպարտության և անմիջապես հրաժարվիր նախկին մտադրություններիցդ:
  • Մի պաշտպանիր նախկին գաղափարներդ միայն հանուն նրա, որ արդեն հայտարարել ես դրանք:
  • Մի պահիր անպետք իրերը:
  • Մի զարդարիր քեզ ուրիշի գաղափարներով:
  • Մի լուսանկարվիր հայտնիների հետ:
  • Ինքդ քո դատավորը եղիր:
  • Քեզ մի բնորոշիր նրանով, ինչ ունես:
  • Գիտակցիր, որ ամեն ինչ քեզ է պատկանում:
  • Երբ մեդիտացիայի ժամանակ քեզ այցելում է Սատանան, ստիպիր, որ նա էլ մեդիտացիա անի:

Թարգմանությունը՝ Կարեն Անտաշյանի

1866 - Գասպար Մալլարյան, գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, մանկավարժ
1856 - Երվանդ Շահազիզ (ծնվ. Աշտարակ, միտք. 1951), բանասեր, հայագետ, Դոնի հայերի պատմության և ազգագրության մի շարք աշխատանքների հեղինակ, հասարակական գործիչ, Լուսավորիչ, հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1946)

  • Երվանդ Շահազիզն առաջինն էր, որ սկսեց ուսումնասիրել Միքայել Նալբանդյանի ստեղծագործական ժառանգությունը, որի անունն այն ժամանակ արգելված էր։ 1897-ին նրան հաջողվեց մենագրություն հրատարակել այդ հեղափոխականի և հայ գրականության ականավոր գործչի մասին։ Ավելի ուշ նա Նալբանդյանի մասին մի շարք հոդվածներ է հրապարակում, որոնք լրացնում են հայտնի նորնախիչվանցուն նվիրված մենագրությունը։
  • Նրան կարելի է իրավամբ անվանել Նոր Նախիջևանի տարեգիր։ Նրա աշխատանքներում արժեքավոր տեղեկություններ էին պարունակվում Նախիջևանի գաղութի պատմության, տնտեսության, ազգագրության և բանահյուսության վերաբերյալ, որն արդարացիորեն համարվում էր ամենախոշորը Ռուսաստանում։

1822 - Խորեն Մխիթարյան (ծնվ. Ավանց Վասպուրական, Թուրքիա, մ. 1903), աստվածաբան, փիլիսոփա, գրող
410 - Մովսես Խորենացի, Ոսկե Դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան 

  • Ոսկեդարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր Մովսես Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ: Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, հունվարի 13-ին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թ, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թ հետո՝ հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։
  • Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։
  • Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ փետրվարից հետո։ 
  • Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան։
  • Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ։




ԳՈՎԱԶԴ