Իրական ընդդիմություն առանց կոմպրոմատների


Համատարած գաղջի պայմաններում երեկ հանրությանը միանգամից երկու լավ բան հայտնի դարձավ։ Առաջին՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն իր Քաղաքական խորհրդի նիստում որոշում է կայացրել ստեղծել նոր ընդդիմադիր հարթակ և երկրում նոր իշխանությունների ձևավորման ծրագիր։ Երկրորդ՝ Քոչարյանն իր թիմի հետ վերջին հանդիպման ժամանակ ասել է, որ որոշել է պասիվանալ, քանի որ աջուձախից իրեն մեղադրում են, թե դաշտը զբաղեցրել է, չի թողնում, որ նոր ընդդիմություն ձևավորվի։ Թիմին էլ ասել է,որ իրենց անելիքները կազմակերպելու հարցում ազատ լինեն։ Առաջին լուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի էջից է։ Իսկ երկրորդ լուրի մասին տեղեկացնում է «Հրապարակը»։

Սկսենք առաջին լավ լուրից։ Ահա այսպես։ Վերջապես ստեղծվում է երկար սպասված ընդդիմադիր հարթակ, որն ունի ծրագիր և ստանձնում է երկիրը ճահճից հանելու պատասխանատվություն։ Նոր ստեղծվող ընդդիմադիր հարթակը պիտի կազմված լինի քաղաքական առողջ ուժերից, որոնք չունեն արատավոր անցյալ այսինքն՝ իշխանություններին զրկեն կոմպրոմատների լեզվով խոսելու հաճույքից, ինչը որ իշխանությունները հիմա անում են, նեղն ընկնելու պես հայտարարում են, որ թալանչի պատգամավորներին զրկելու են անձեռնմխելիությունից կամ էլ ընդդիմադիրներից ինչ- որ մեկի «ապօրինի գույքի» վրա կալանք են դնում։ Մեր անաստված ընդդիմադիրներն էլ կոմպրոմատի պակաս չունեն։ Լրահոսը ողողված է էդ լուրերով։ Իսկ կոմպրոմատները խանգարում են իրենց տերերին և թույլ չեն տալիս անկաշկանդ գործելու, ինչը և երկարացնում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը։ 

Փաշինյանը ձևը գտել է սեփական ընտրազանգվածին զբաղեցնելու ու պաշտոնավարելը երկարաձգելու համար։ Եթե այդպես չլիներ, ինչպես իրենք են ասում՝ թալանչիներից մեկը պատասխանատվության ենթարկված կլիներ։ Աշխարհի տարբեր անկյուններում են կասկածյալները և ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ Իսկ ինստիտուցիոնալ  ընդդիմություն էլ կարողանում է պահպանել կուտակած կապիտալը։ Փոխշահավետ համագործակցություն է։ Կարճ կապենք։ Մի խոսքով այս ինստիտուցիոնալ ընդդիմությունը պարզաես նվեր է Փաշինյանին։ Իսկ նորաստեղծ ընդդիմադիր հարթակը կլինի իրական ընդդիմություն առանց կոմպրոմատների։ 

Իսկ հիմա երկրորդ լավ լուրի մասին։ Տեսնելով Քոչարյանի իշխանատենչությունը, մի քիչ դժվար է հավատալը, բայց դե մարդն ասել է։ Իհարկե, եթե Քոչարյանը դեռ 2021թ․ համաձայն լիներ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին և իշխանության վերադարձի հայտ չներկայացներ և ընդդիմությունը միասնական հանդես գար, Փաշինյանն էլ ընտրվելու հնարավորություն չէր ունենա և պատերազմից հետո նորից տարածքներ չէինք կորցնի, 2022թ․ սեպտեմբերի 13-ին 214 զոհեր չէինք ունենա, ամենայն հավանականությամբ առանց մարտական գործողությունների չէինք ունենա նաև 2-րդ բանակային կորպուսի 15 զոհերը։ 

Երկու տարի էր պետք Քոչարյանին հասկանալու համար, որ նույնիսկ իր անսահմանափակ ռեսուրսներն էլ իրեն չեն կարող իշխանության բերել։ Մի լավ բան էլ կա։ Վերջապես Քոչարյանը հասկացավ, որ այլևս երբեք Հայաստանում ինքն օրինական ճանապարհով իշխանություն չի ունենա։ 

Իսկ հիմա ո՛չ իշխանությունն ունի օրակարգ, ո՛չ ընդդիմությունը, միայն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ Իշխանությունն ընդիմադիրներին է հիշեցնում թալանի մասին, ընդդիմադիրներն էլ նրանց են մեղադրում դավաճանության մեջ, իսկ թշնամին զինվում է։ Պետականության լինել-չլինելու հարցն է, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պիտի համախմբի առողջ ուժերը և լինի իրական ընդդիմություն , այլապես ուշ կլինի։ 

Բարի երթ մաղթենք «Դեմոկրատական այլընտրանք»-ին և հուսանք, որ կունենանք իշխանություն, որը հեռու կլինի պոպուլիզմից և կստանձնի պատասխանատվություն երկիրը ճահճից հանելու։

Ջավահիր Այվազյան