Ո՞վ է մեղավոր. Հարցազրույց Տիգրան Սեդրակյանի հետ


ՓՄՁ ասոցիացիայի անդամ «ԱՅ ԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հիմանդիր տնօրեն Տիգրան Սեդրակյանի հետ հարցազրույցը արվել էր դեռևս 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդած իրադարձությունների նախաշեմին։ Կարծում ենք՝ դրանում հնչեցրած մտքերն այսօր էլ արդիական են։ 

- Երբ ի մի ենք բերում Հայաստանի քաղաքական, հանրային կյանքը, ստացվում է, որ մենք անընդհատ հայտնվում ենք նույնաբովանդակ ցիկլերում։ Պարբերաբար ունենում ենք լարված իրավիճակ՝ չլուծվող սոցիալ-տնտեսական առաջնային նշանակություն ունեցող խնդիրներով։ Բնականաբար, դա չի կարող չանդրադառնալ փոքր և միջին բիզնեսի զարգացման  վրա։

Ու չնայած ժողովրդի պահանջով տեղի ունեցած իշխանափոխությանը, կարծես կրկին գլուխ են բարձրացնում դժգոհություններն ու  «Ո՞վ է մեղավոր» հարցը նորից մղվում է առաջին պլան։

- Ինչպես և մնացած ոլորտների, այնպես էլ գործարար միջավայրի կայացման հարցում պետությունն ունի հստակ պարտավորություններ։ Պետությունն է տիրապետում այն լծակներին ու մեխանիզմներին, որոնցով հնարավոր է կարգավորել դաշտը։ Ի վերջո հավասար մրցակցային պայմանները, տարբեր բիզնեսների համար նպաստավոր մթնոլորտի առկայությունը առաջին հերթին կարգավորում են բնակչության վճարունակության խնդիրը․․․

Այո, սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակը ուղիղ ազդեցություն ունի փոքր և միջին բիզնեսի զարգացման վրա, սակայն իմ մոտեցումն այն է, որ հաջողության հասնելու գլխավոր գրավականն իմ աշխատանքն է։ Որպես ղեկավար, իմ աշխատանքից, ինչպես նաև թիմային հարաբերություններից է կախված հաջողության հասնելը։ 

Սակայն, իմ սկզբունքներն ամենևին չեն նշանակում, որ եկրորդական եմ համարում պետության դերը գործարար միջավայրի աջակցման ու խթանման հարցում։

- Որպես փոքր և միջին բիզնեսը ներկայացնող գործարար, կխնդրեմ հակիրճ ներկայացնել, թե «ԱՅ ԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ինչպես է ձևավորվել և ինչպիսի խնդիրների է հանդիպում զարգացման փուլում։

- «ԱՅ ԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2015թ-ին։ Ի սկզբանե կազմակերպությունը զբաղվել է քարթրիջների լիցքավորմամբ և վերանորոգմամբ։ Ժամանակի ընթացքում անցած շատ դժվարությունների, մեծ մրցակցության պայմաններում, ընկերությունը կարողացավ ավելացնել մատուցվող ծառայությունների ցանկը՝ տպիչ սարքերի վերանորոգում, սպասարկում։ 

Այժմ էլ ավելացրել ենք համակարգիչների սպասարկման մատուցվող ծառայությունները՝ ընդլայնելով գործընկերների շրջանակը։ Հաջողված բիզնես նախագիծը պահանջում է մեծ աշխատասիրություն և ջանք։ Ուստի ձախողումևերի և խոչընդոտների համար մեղավորներ փնտրել հարկավոր չէ։  

Մյուս կողմից, եթե ձախողվելու կամ մեղավորներ փնտրելու հարցը դիտարկենք ավելի լայն տեսանկյունից, ապա պետության ձախողումների կամ թերացումների համար բոլորս ենք մեղավոր։

- Իսկ խոչընդոտները, որոնք պարզապես հնարավորություն չեն տալիս զարգանալո՞ւ․․․

- Օրինակ։

- Ասենք՝ Ձեր բիզնեսը ընդլայնելու համար դիմել եք բանկերին։ Սակայն, անհրաժեշտ վարկ ստանալու դիմումները մերժվել են։ Չստացվե՞ց, որ զարգանալու Ձեր ծրագրերն արգելակվում են ոչ Ձեր պատճառով։

- Իհարկե պայմանները պետք է այնպիսին լինեն, որ բոլոր նախաձեռնություններին կյանքի կոչվելու հնարավորություն տրվի։ Արհեստական խոչընդոտներն ու տարբեր մակարդակներում հովանավորչությունը պետք է նվազագույնի հասցվի։ 

Սակայն, դա նույնպես չի նշանակում անընդհատ մեղավորներ փնտրել։ Նախ կայացիր այնքան, որ վստահելի գործընկեր լինես բոլորի, այդ թվում՝ բանկերի համար։ Անելանելի իրավիճակներ չկան։ Պետք է կարողանալ լուծումներ գտնել, եթե իհարկե ցանկություն կա։

- Այսինքն, բոլոր դեպքերում ելք կա։

- Ելք միշտ էլ կա (խմբ․- ժպտում է)։ Ո՞նց կարող է չլինել։

Տեսեք, ես զբաղվում եմ ծառայությունների մատուցմամբ։ Եվ կախված նրանից, թե որքան կկարողանամ ընդլայնել իմ գործընկերային հարաբերությունները, այնքան ավելի կհստակեցվեն իմ զարգանալու հեռանկարները։

Եվ այս պարագայում բանկերից կամ այլ գործոններից կախվածությունը մղվում է հետին պլան։ Արդյունք ստանալու համար ե՛ս պետք է աշխատեմ, ե՛ս պետք է լուծումներ գտնեմ։ Ասացվածք կա՝ ով ուզում է աշխատել, գտնում է միջոց, ով չի ուզում աշխատել՝ պատճառ։

- Ստացվում է եթե մղումը կա՝ ոչինչ չի կարող խանգարել կայանալո՞ւն։

- Կայանալու, գործարար համբավ ձեռք բերելու համար նախ ինքդ քեզ վրա պետք է աշխատես։ Այսօր շատ ոլորտներում որակյալ և արհեստավարժ կադրերի լուրջ պակաս ունենք։ Դա նաև նրանից է, որ պրոֆեսիոնալները ինքնադրսևորվելու հարցում բարդությունների առաջ են կանգնում։ Իսկ ճգնաժամային պայմաններում փոխվում է նաև մոտիվացիան։

- Վերադառնանք «մեղավորների փնտրտուքի» հարցին։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ է այն հանրության տարբեր շրջանակների կողմից տարիներ շարունակ բարձրացվում։

- Պատճառները տարբեր են։ Կան օբյեկտիվ գործոններ, այդ թվում՝ նույն պետության անելիքների խնդիրը։ Բնականաբար, քաղաքական իրավիճակն էլ իր ազդեցությունն է թողնում, հատկապես տարվող քարոզչությունն ու հակաքարոզչությունը։

Մեր զանգվածային լրատվամիջոցների գերակշիռ մասն այսօր ինչի՞ց է խոսում։ Կամ սոցիալական ցանցերում ի՞նչն է ամենից շատ քննարկվում։ Փոխադարձ մեղադրանքներ, մեղավորների փնտրտուք։

Տեսեք, թե միայն Ֆեյսբուքը որքան ժամանակ է խլում, էլ չեմ ասում, թե ինչ նստվածք է թողնում։ Իսկ դա չի կարող չանդրադառնալ աշխատանքիդ վրա։ Այսօրվա ինֆորմացիոն հեղեղը անհետևանք չի անցնում։ Արդյունքում իրական աշխատանքը թողած, ակամա ընկնում ես մեղավորներ փնտրելու հետևից։

Քաղաքականությունը՝ դրանով զբաղվող մարդկանց համար է։ Եթե ես զբաղվում եմ գործարարությամբ, նշանակում է բացառապես պետք է կենտրոնացած լինեմ իմ անելիքների վրա։

- Ձեր այս դիրքորոշումը արդյո՞ք կիսում են «ԱՅ ԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ -ի աշխատակիցները։

- Այստեղ դիրքորոշման կամ մոտեցումների խնդիրը չէ։

Մեր ընկերության աշխատակիցներն  ու «ԱՅ ԹԻ ԳՐՈՒՊ»-ի գործընկերները նախ և առաջ վստահում են ինձ։ Մեզանում գործում է գործընկերային համերաշխության սկզբունքը։ Ինչ-որ բան ես եմ սովորում իմ աշխատակիցներիցս, ինչ-որ բան նրանք՝ ինձանից։ Արդյունքում միասին առաջ ենք շարժվում։

- Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, կանխատեսվում են ծանր ժամանակներ։ Անհանգստություն չունե՞ք։

- Անհանգստություն կա։

Սակայն, ես չեմ կարող չգործել, իհարկե պահպանելով արտակարգ դրության բոլոր կանոնները։ Ունեմ խնդիրներ, որոնք պետության  լուծելիքը չեն։ Իսկ իմ խնդիրներին ես պետք է լուծում տամ։ 

Այո,՛ համաճարակ է, բայց վստահ եմ, որ նույնիսկ ստեղծված իրավիճակում զարգանալու լուծումները կան։

Եթե համաճարակով պայմանավորված հնարավորությունները սահմանափակվում են, նշանակում է համապատասխան  ուղիներ պետք է փնտրել։

Իսկ դրանք հաստատ կան։

- Ուզում եք ասել՝ այսօրվա պայմաններում էլ է հնարավոր եղածը զարգացնե՞լ։

- Ցանկացած պայմաններում էլ հնարավոր է։ 

Օրինակ՝ ընկեր ունեմ, որը զբաղվում է  ապակե  իրեր պատրաստելով։ Կորոնավիրուսի հետևանքով նրա արտադրանքն առաջվա սպառումն այլևս չունի։ Բայց դժգոհելու փոխարեն նա սկսեց դիմակներ կարել։ Ընդ որում, անընդհատ կատարելագործելով իր արտադրանքը։

Նոր իրավիճակները բերում են նաև նոր լուծումներ։ Ինձ շատ ոգևորում է, երբ այդ ձգտումը երիտասարդների մոտ եմ տեսնում։ 

- Իսկ եղե՞լ են հիասթափության պահեր՝ «երկիրը երկիր չի» բողոքով։

- Ես սիրում եմ իմ երկիրը։ Ու ընդհանրապես ո՞նց կարելի է նման կերպ արտահայտվել։ Հիասթափություններն էլ են բնական։ 

Սակայն, ցանկացած հիասթափություն բացառապես պետք է լինի վերլուծելու և առաջ գնալու խթան։ 

- Ունեք կայացող ընկերություն։ Հայտարարված տնտեսական հեղափոխությանը հավատո՞ւմ եք։

- Ես հավատում եմ Հայաստանի տնտեսապես հզորանալուն։ Հավատում եմ, որ մեր ժողովուրդն իրականում լավ է ապրելու։ Եվ այսօր ավելի շատ եմ հավատում դրան։ Կարևորը առաջ շարժվելն ու մտածողության փոփոխությունն է։

- Ու կրկին հանգում ենք նրան, որ յուրաքանչյուրս ենք մեր արածի կամ չարածի պատասխանատուն։ 

- Այո։ Եվ դա միայն բիզնեսին չի վերաբերում։ Ամեն քայլիդ ու խոսքիդ պատասխանատուն նախ և առաջ դու ես։ 

Եթե մարդը փողոցը հատում է արգելված տեղով, և մեքենան  հարվածում է նրան՝ ո՞վ է մեղավոր։

Ասեմ նաև, որ չեմ ընդունում տեսակետը, թե մենք անվերջ բողոքող ժողովուրդ ենք։ Մենք ոչ թե բողոքող, այլ պահանջող ենք։ Եվ սա շատ կարևոր է։

Պետք է հավատանք մեր ուժերին։ Իսկ մեղավորներ փնտրելը ամենահեշտ ճանապարհն է։





ԳՈՎԱԶԴ