Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 13


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Կոռնելիոսը ծնվել էր Կեսարիայում: Նա իտալական գնդում հարյուրապետ էր, որ հավատացել էր Քրիստոսին և դարձել ճշմարիտ քրիստոնյա: Նրան և նրա ընտանիքի անդամներին մկրտել էր Ս. Պետրոս Առաքյալը: Արդար լինելու համար նրան անվանել են «Երկրորդ Աբրահամ»: Երուսաղեմում շատ է քարոզել, հրաշքներ գործել: Զառամյալ տարիքում ենթարկվել է հալածանքների և նահատակվել: Սրբի գերեզմանին հիվանդներ են այցելում և բժշկվում:
  • Ս. Շմավոնը հայր Հովսեփի եղբոր որդին էր: Հակոբոսի մահից հետո 65 թվականին դարձել է Երուսաղեմի պատրիարք: Տրայանոսի կողմից հալածանքների է ենթարկվել և 120 տարեկանում խաչվել Երուսաղեմում: 
  • Պողիկարպոս հունարեն նշանակում է բազմապտուղ: Ս. Պողիկարպոս Հայրապետը ծնվել էր 70 թվականին և Հովհաննես Ավետարանչի աշակերտն էր: Հովհաննես Ավետարանիչը Պողիկարպոսին 96 թվականի ձեռնադրել է Զմյուռնիայի եպիսկոպոս: Անզիջում պայքարել է հերետիկոսների դեմ: Բյուզանդիայի կայսրը նրան ձերբակալել է և ստիպել ուրանալ Քրիստոսին: Նա պատասխանել է. «80 տարի ծառայել եմ Քրիստոսին և շատ բարիքների արժանացել և չեմ կարող ուրանալ իր Փրկչին»: 166 թվականին նրա ձեռքերն ու ոտքերը կապել ու այրել են:  Պողիկարպոսից մեզ է հասել փռյուգացիներին գրված մի թուղթ, որը նահատակված քրիստոնյաների առաջին վավերագիրն է: 
  • Նրա կենդանության ժամանակ Զմյուռնիա էին եկել 12 փիրատելփացիներ, որոնք կոչվել են Արևելյան վկաներ: Նրանք նույն ժամանակահատվածում նահատակվել են: Կայսրը վկաներին գազանների առջև է նետել:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-13, 2023-12-12, 2024-12-10, 2025-12-02, 2026-12-08, 2027-12-14, 2028-12-12, 2029-12-11, 2030-12-10:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2005 - Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գևորգ Վարդանյանը հայտարարեց, որ եթե նույնիսկ Ռուսաստանը թանկացնի Հայաստան մտնող գազի սակագինը, կառավարությունը երբեք թույլ չի տա երկրի ներսում կտրուկ տատանում, «Հայռուսգազարդում» ունեցած բաժնեմասի հաշվին փուլայինի կվերածի թանկացումը։

  • Խոսելով Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մասին, որը 1500 մմ խողովակից դարձավ 700 մմ, նշեց. «Լավ գիտեք, որ Ռուսաստանը չէր ցանկանա` մենք ունենայինք այլընտրանքային խողովակ»։

1917 - Ստեղծվել է Հայոց ազգային կորպուս, հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ գեներալ Վիշինսկին, հատուկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը (Դրո)։

  • Հայոց ազգային կորպուսին աջակցել է նաև Հայկական զինվորական միությունը՝ Արսեն Շահմազյանի գլխավորությամբ։ Հայոց ազգային կորպուսի կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան՝ հետևակի զաուրյադ գեներալ–մայոր Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1883 - Հակոբ Կոջոյան, հայ նկարիչ
1873 - Վալերի Բրյուսով, ռուս բանաստեղծ, արձակագիր, գրականագետ 

  • 1910-ական թվականներին հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանել հայերենից, կազմել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակնորից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։ Աջակցել է Մեծ Եղեռնից տուժածներին։