Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 24


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Դավիթ մարգարեն Բոազի և Հռութի ծոռն էր: Նա Աստվածաշունչ մատյանի Սաղմոսաց գրքի հեղինակն է, նաև շնորհալի, քաջ, իմաստուն, ճարտասան, գեղեցիկ տեսքով մի մարդ: Եղել է հովիվ: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղի մահից հետո Իսրայելի թագավորն է եղել և հիմնադրել է Երուսաղեմ քաղաքը: Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է: Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է, որով էլ արժևորվում է: 
  • Ս. Հակոբոս Տյառնեղբայրն ավետարանական սրբերի և «Գործք Առաքելոց»-ի սրբերի միջև կապող օղակն է: Նա Նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան «արդար» է անվանել: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ ոմանք նրան պատվիրում են բարձրանալ աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսել: Սակայն նա խոսում է Հիսուս Մեսիայի մասին, Ով նստած է Աստծո Աջում և գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերն հավատի են գալիս, բայց չարակամները սրբին աշտարակից վայր են նետում: Ըստ ավանդության՝ թաղված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ս. Հակոբյանց Մայր Տաճարում: Նրա անունով մեզ է հասել ընդհանրական մի թուղթ:
  • Հայ Եկեղեցին Դավիթ մարգարեի հիշատակը տոնում է Հակոբոս Տյառնեղբոր հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի, ապա Հակոբոսը՝ նրա «եղբայրը» և ազգականը: Այս երկու սրբերի անուները միասին են տոնում` խորհրդանշելու Հին և Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ: 
  • Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-24, 2023-12-23, 2024-12-23, 2025-12-23, 2026-12-24, 2027-12-23, 2028-12-23, 2029-12-24, 2030-12-23:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

1991 - ՀՀ ԳԽ նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:
1991 - Ռուսաստանը ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Ան­վ­տանգության խոր­հր­դում զբաղեցրեց ԽՍՀՄ-ի տեղը:
1991 - Աբովյան փողոցում տեղադրվեց Կարաբալայի արձանը:
1991 - Աֆղանստանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1991 - Թուրքիան փաստացի ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1931 - Լևոն Ներսիսյան (ծնվ. Երևան, մ. 1999, նոյեմբերի 27), գրականագետ, գեղագետ, դերասան, համալսարանի դասախոս, հայկական մշակույթի ակնառու գործիչներից

  • Դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին է: 1960-80 թվականներին Լևոն Ներսիսյանը եղել է ուսանողների բազմաթիվ սերունդների կուռքը։ Նրա դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստական վարպետությամբ: Դրա հավաստիացումն է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում նրա անվան լսարանը: 
  • Ներսիսյանի հետաքրքրության ոլորտները եղել են անտիկ գրականությունը (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման), 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («Աբսուրդի» թատրոնը, ֆրանսիական վեպը, սյուրեալիզմի պոեզիան), որոնք դասախոսել է բարձր ոգևորությամբ` խոր գիտելիքների հետ միասին պատվաստելով գրական բարձր ճաշակ:
  • Լևոն Ներսիսյանը նաև նկարահավել է մի քանի գեղարվեստական կինոնկարներում՝ «Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ», «Երջանկության մեխանիկա»: 
  • 1998 թվականին արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 
  • Մահացել է Երևանում՝ 1999 թվականի նոյեմբերի 27-ին՝ ուղիղ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի սոսկալի ահաբեկչության  նույն ժամին՝ 17։05-ին:

1919 - Մեհենդակ Մելիքյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1993), հայ սովետական փիլիսոփա
1895 - Գուրգեն Յանիկյան (ծնվ. Կարին, Օսմանյան կայսրությունխ մ. 1984), հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս

  • Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։ 1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանը և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ., 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհետ կորած։
  • 77 տարեկանում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխ-հյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։
  • Դատապարտվել է ցմահ բանտարկության 1981 թվականին։ 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։
  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից է։ «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի»,- այդ առիթով ասել է ծերունի Յանիկյանը։