Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 27


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա եղավ ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր այլ դեպքերի: Ձկնորս էր, ում թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. 1:42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի: Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության վրա, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. 16:15-19): Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները: 
  • Ս. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի, եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև Երուսաղեմում աշակերտել Գամաղիել օրենուսույցին: Նրա վկայության համաձայն` եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևացել է նրան, որից հետո Սողոսը` հետագայում Ս. Պողոս առաքյալը, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Նրան մկրտել է Ս. Անանիա առաքյալը: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ` քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թղթերը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում, 67 թվականին, Ներոնի հալածանքների ժամանակ և գլխատվել: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակի օրը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-27, 2023-12-26, 2024-12-26, 2025-12-27, 2026-12-28, 2027-12-27, 2028-12-26, 2029-12-27, 2030-12-26:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը: 
2017 - Turkmenistan Airlines ավիաընկերությունը առաջին կանոնավոր չվերթն իրականացրեց Աշխաբադից Երևան, որտեղից էլ թռիչքը պետք է շարունակվի երրորդ երկրի՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք:
2017 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը գտավ իր գնորդին:

  • Աճուրդում ավտոմեքենայի մեկնարկային գինը կազմել է 5 մլն 570 հազար 560 դրամ։

2015 - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Սերգեյ Տարասկինի միջազգային 23-րդ հուշամրցաշարում։
2012 - Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ չի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին։ 

  • «Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները և արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ հետևողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որևէ հնարավորության ոչնչացմամբ»,- ասված էր հայտարարուկթյան մեջ:

1409 - Մահացավ Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ, Աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, դասախոս, րաբունապետ Գրիգոր Տաթևացին։

  • Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը։
  • Գրիգոր Տաթևացին ծնվել է 1346 թվականին Սյունիք աշխարհի Վայոց ձորում։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1910 - Օլգա Գուլազյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1970), հայ ժողովրդական դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1935), Ստալինի երրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952)
1908 - Հարություն Սարկիսով (ծնվ. Բաքուխ մ. 2001), հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան, անասնաբուժության, սնկաբանության և միկոտոքսիկոզների մասին ուսմունքի հիմնադիրներից, ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1969)
1906 - Մկրտիչ Արմեն (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1972), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ,  ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)

  • 1937 թվականին շատ հայ մտավորականների նման Մկրտիչ Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ տարի։
  • 1945 թվականին արդարացվում է և վերադառնում ստեղծագործական աշխատանքի։
  • 1971 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը։

1906 - Արշալույս Բաբայան (ծնվ. Խդրանց, մ. 1990), հայ գրականագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)

  • Բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մորական տատն է։

1904 - Սողոմոն Տարոնցի (ծնվ. Մուշ, Թուրքիա , մ. 1971), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ