Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 8


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Եգիպտացի անապատական հայրերը ներկայացուցիչներն էին հոգևոր կատարելության ձգտող այն շարժման, որը ծնունդ առավ 3-րդ դարի վերջերին և իր ոսկեդարն ապրեց 4-րդ և 5-րդ դարերում: Քրիստոնեության սկզբնական դարերի խառը կացության մեջ, երբ Եկեղեցու անդորրը հաճախ խռովվում էր զանազան հեթանոսական և հերձվածողական անցուդարձերով, որոշ հոգեզգոն քրիստոնյաներ այս կացությունից դուրս գալու միակ ելքը գտան հասարակությունից հեռանալու և առանձին ապրելու մեջ: Որպեսզի մշտապես ունենան Աստծո ներկայությունն իրենց կյանքում, նրանք նվիրվեցին աղոթքի, իսկ իրենց գործած կամա թե ակամա մեղքերի քավության համար ապաշխարություն ստանալու համար դիմեցին ճգնության: Անապատական կամ ճգնողական կյանքը սկսվեց Եգիպտոսից, որն ուներ բոլոր պայմանները քաղաքների աշխույժ և աղմկոտ կյանքից առանձնանալու համար: Անապատների օազիսներում մեկուսացած հայրերը մարմինը ճնշելու և ցանկությունները մեռցնելու գաղափարը վերցրել էին Նոր Կտակարանից. «Մարմինը հոգու հակառակն է ցանկանում» (Գաղ. 5:17): Սակայն նպատակը մարմինը ճնշելով հոգին կատարելագործելն էր, միտքը լուսավորելը, որպեսզի Աստծո հետ մշտական հաղորդակցության մեջ գտնվեին: Հարատև աղոթքները, պահեցողությունն ու ինքնազրկումը ուղեկցվում էր Սուրբ Գրքի ընթերցանությամբ և խոսքի ժուժկալությամբ, որն էլ բերում էր հոգեկան և հոգևոր հանդարտության, երջանկության և ներդաշնակության: Հաճախ աննկարագրելի պայքար ունեցան ճգնավոր հայրերն իրենց ներաշխարհում, սակայն Աստծու օգնությամբ շարունակողը եղան անապատում Քրիստոսի սկսած պատերազմի (Մատթ. 3: 1-11)` իրենց աղոթքներով միշտ Աստծո առջև բարեխոս ու միջնորդ դառնալով մեզ համար:
  • Հայ Առաքելական եկեղեցին տոնում է եգիպտացի սուր հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի և այլոց հիշատակության օրը Հիսնակի առաջին հինգշաբթի օրը:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-08, 2023-12-07, 2024-12-05, 2025-12-04, 2026-12-03, 2027-12-07, 2028-12-07, 2029-12-06, 2030-12-05։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ընդունած հայտարարությունը հրապարակվեց կազմակերպության կայքում։

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:

2016 - Հայաստանի նախագահը Ղարաբաղում հայտարարում է, թե զորքին ու բնակչությանը սպասվում է «դժվարին ժամանակահատված»։

  • Ստեփանակերտում, հանդիպելով մտավորականներին, Սերժ Սարգսյանն ասել էր` «Հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»։ Նախագահը չէր մանրամասնել ինչ նկատի ունի:
  • ՀՀԿ խմբակցության խոսնակը «Ազատության» հետ զրույցում պնդել էր` Սարգսյանը զգոնության կոչ է անում։

2014 - Հայկական կողմը հաղորդում է սահմանին զոհված ևս մեկ զինվորի մասին, մահվան հանգամանքները չեն հրապարակվում:

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել էր`հայկական դիվերսիոն խմբերը փորձել են անցնել սահմանագիծը :Հայաստանի պաշտպանության նախարարը դեպքի մասին մանրամասներ չի հաղորդում, բայց, փաստում է, որ հայկական կողմը ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ գործողությունների է դիմում, որոնք «շատ դեպքերում իրականացվում են մեր տարածքից դուրս»։

1992 - Սուդանը և Հայաստանի Հանրապետությունը հաստատեցին դիվանագիտական ​​հարաբերություններ։

  • Սուդանում փոքրաթիվ հայկական համայնք կա, որի մեծ մասը կենտրոնացած է Սուդանի մայրաքաղաք Խարտումում։

1991 - Բելովեժսկի համաձայնությունը ԱՊՀ ստեղծման մասին։

  • 1991-ի մարտին Միխայիլ Գորբաչովը՝ ԽՍՀՄ նախագահը, առաջարկեց հանրաքվե անցկացնելու միջոցով ստեղծել դաշնություն՝ նպատակ ունենալով պահպանել միությունը որպես Անկախ պետությունների միություն։ Բայց այդ նոր պայմանագիրը այդպես էլ չստորագրվեց, քանի որ Կոմունիստական կուսակցության դաշնակիցները հեղաշրջման փորձ իրականացրեցին հենց նույն տարվա օգոստոսին։
  • Օգոստոսյան դեպքերից հետո հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը՝ վախենալով մեկ այլ հեղաշրջումից։ 
  • Ուկրաինայի անկախության հանրաքվեից 1 շաբաթ անց, որը նվազեցրեց ԽՍՀՄ-ի միասնական մնալու հնարավորությունները, Բելառուսի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության, Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության, Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կողմից հիմնադրվեց ԱՊՀ-ն 
  • 1991-ի դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպեցին Բելովեժյան անտառ-արգելանոցում և ստորագրեցին ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիր, որը հայտնի է որպես Հիմնադրման պայմանագիր, որով լուծարվեց Խորհրդային Միությունը և ստեղծվեց ԱՊՀ-ն որպես նրա տարածքային իրավահաջորդ։ 

1982 - ASALA. Աթենքում Հայ Գաղտնի Բանակի համակիր Հայկական Ժողովրդային Հեղափոխական Շարժման անդամ Գառնիկ Վահրատեանը իր բարեկամ Վահիկ Խուտավերտեանի հետ մոտոցիկլետով աշխատանքից տուն վերադարձի ճանապարհին նռնակով հարձակման է ենթարկվում։

  • Գառնիկը մահանում է, Վահիկը ձերբակալվում է, ապա ազատ արձակվում։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն ամբաստանում է թրքական գաղտնի ծառայություններին իր համակիրներին աշխարհի տարբեր ծայրերում սպանելու մեջ։
  • Մինչ այդ, 1982-ի Նոյեմբերի 5-ին, սպանվել էր Հոլանդիայի Ալմելո քաղաքում լույս տեսնող «Պայքար» ամսագրի խմբագիր Նուպար Եալըմեանը (թրքահպատակ, հայտնի նաև Ռեշօ Յալըմ անունով)։
  • Բեյրութում 1982-ի Դեկտեմբերի 24-ին սպանում են Մինաս Սիմոնեանին, իսկ 1983-ի Մարտի 12-ին նորից Բեյրութում, սպանվում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի համակիր Հագօպ Տարագճեան Բարեսիրական Միութեան հիմնադիր Կարապետ Փաշապէզեանը։

1895 - Կովկասի փոխարքան կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։
1810 - Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Լևոն Խեչոյան, հայ արձակագիր (մ․ 2014)
1919 - Հրաչյա Հովհաննիսյան, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ
1496 - Ամիրդովլաթ Ամասիացի, հայ բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր

  • Ամիրդովլաթ Ամասիացին ամենանշանավոր հայ բժիշկն է և ամենաբեղմնավոր ու հեղինակավոր մատենագիրը, որ ընդար­ձակ երկեր է թողել հայերեն լեզվով բժշկության բոլոր ճյուղերում։ 
  • Երբ ճեղքվում է մազը և անժամանակ սպիտակում մազն ու մորուքը
  • Զաքարիայի որդին ասում է, թե սրա պատ­ճառն այն է, որ մարմնում ավելացել է չորությու­նը, կամ շատ է կերել աղի կերակուր՝ ապուխտ, չորացրած ձուկ և սրանց նման այլ աղի բաներ։
  • Մազը երկճյուղվում է խոշորությունից։ Դեղն այն է, որ պետք է լվանալ պորայի (ոսկեսինձ, Crysocolle borax) ջրով, որպեսզի մազը լինի բարակ ու փափուկ։
  • Ամեն դեպքում պետք է կիրառել հետևյալ բուժումը, չոր կերակուր ուտելուց հետո պետք է գլուխն օծել մանուշակի յուղով ու լվանալ տաք ջրով, օգտակար է նաև ջրի ու ձեթի խառնուրդը։ Լավն այն է, որ մարմինդ հանգիստ պահես, սնվես լավագույն կերակուրներով, խմես գինի ու շուտ-շուտ մտնես բաղնիք, գլուխդ օծելով մանուշակի յուղով, նունուֆարի և ճակնդեղի հյութով։
  • Աահակն (բժիշկ է.- խմբ.) ասում է, թե երբ սկսի մազը նոսրանալ, առ ծովի փրփուր ու բարձ­վենիկի մոխիր, ձիթապտղի ձեթ, որը հին լինի, շաղախիր և օծիր, շատ է օգտակար։ Եվ առհասա­րակ ամեն բան, որ մարմինը տաքացնում է, կարելի է օգտագործել. եթե դափնու տերևը տրորես քացախով և դրանով օծես մազերդ, դրանք կդառ­նան պայծառ ու գեղեցիկ։ Իսկ եթե իրար խառնես յուղն ու մոմը և դրանով օծես մշտապես, սա շատ կօգնի, որ մազ աճի։ Անպայման խիստ օգտակար է լատանի ձեթով մշտապես օծելը։
  • Ինչպես ասում է Գեղիանոսը, սև մազ բուսնելու պատճառը տաք ու փափուկ գոլորշիներից է, որը բնությունն ինքն է կաշուց հանել տալիս, և երբ սա թուլանում է, մազն սպիտակում է ու բարակում։
  • Սրա առաջն առնելու համար անհրաժեշտ է, որ մարդը զգույշ մնա բոլոր հով ու գեջ կերակուրնե­րից, ինչպիսիք են կաթն ու մածունը, ձուկը, պախ­րայի միսը և որ սրանց նման են։ Սպիտակելուն ամենաշատն օգնում է գինի խմելը։
  • Լավ է ամեն օր սոված փորին հինգ գրամ պղպեղ ուտելը։ Պետք չէ շուտ-շուտ լողանալ, շատ մերձավորություն անել։