Պատմության հայկական օրը. հուլիսի 12


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Զաքարիա մարգարեն աստվածաշնչյան 12 փոքր մարգարեներից է: Աստվածաշունչ մատյանում 14 գլուխներից բաղկացած նրա գիրքն ամենամեծն է փոքր մարգարեների գրքերից: Այն կոչվում է նաև հույսի գիրք, որ պատկերում է Աստծո թագավորության տարածումն Իսրայելում՝ Սողոմոնի տաճարի վերաշինման միջոցով: Զաքարիայի մարգարեությունը գրվել է Ն. Ք. 520-517 թվականներին, երբ Զորաբաբելն ու Հեսուն վերականգնում էին Աստծո տաճարը Երուսաղեմում: Հենց այստեղ է, որ Զաքարիան, իբրև Տիրոջ մարգարե, սկսում է իր առաքելությունը հրեից մեջ և գործուն կերպով աջակցում տաճարի վերակառուցմանը:
  • Զաքարիայի մարգարեությունն արժեքավոր է ոչ միայն իր տեսիլքներով, այլև Քրիստոսի` Մեսիայի գալստյան մասին մարգարեություններով (Զաք. 9:9-10, 11:12-13, 12:10, 13:7): Նա մարգարեացել է Մեսիայի (Հիսուսի) գալուստը, Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ, խաչելությունը, գեղարդով խոցվելը, երեսուն արծաթով վաճառվելը և այլն: Հետագայում ավետարանիչները, պատմելով Հիսուսի կյանքի վերոհիշյալ դեպքերը, հիշատակել են Զաքարիայի մարգարեությունները: Համաձայն Ս. Մատթեոս ավետարանչի՝ Ս. Զաքարիա մարգարեն սպանվել է տաճարում (Մատթ. 23:35):
  • Զաքարիա մարգարեի ոգին ու կեցվածքն ուսուցողական և կենդանի պատգամ են ամենքին` ջանք և միջոց չխնայել տաճարների՝ իբրև հավատի վկայարանների վերականգնման և կառուցման համար, քանզի դրանք են, որ վկայում են հույսի ու հավատի մասին, դրանք են, որ երաշխիք են ազգային միախմբման ու հարատևման:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-12, 2023-07-04, 2024-06-25, 2025-07-15, 2026-06-30, 2027-06-22, 2028-07-11, 2029-06-26, 2030-07-16։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Ադրբեջանցի զինծառայողները Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեցին:

  • Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձան իրենց դիրք:
  • Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

2005 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը փոխանցում է`«արդեն համաձայնեցվել են շատ հարցեր»։

  • Բանակցություններին մոտ կանգնած դիվանագետը նշել էր` հակամարտությունը կարող է լուծվել մինչև տարեվերջ, կամ` գալիք տարվա սկզբին։

2004 - Մինսկի խմբի միջնորդները հայտարարում են` այլևս նոր առաջարկներ չեն ներկայացնելու։

  • Տարածաշրջան կատարած հերթական այցի ընթացքում եռանախագահները հրապարակավ քննադատել էին Հայաստանին եւ Ադրբեջանին` բանակցություններում առաջընթաց չարձանագրելու համար: Միջնորդները նշել էին, որ նոր առաջարկներ չեն ներկայացնելու, փոխարենը հորդորելու են, որ հակամարտության կողմերը պատասխանատվություն ստանձնեն համաձայնությունների և լուծումների համար:
  • «Ո՞վ է իրեն սպառել` ԵԱՀԿ-ն թե՞ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք չեն կամենում օգտվել Մինսկի խմբի աջակցությունից», - Երևանյան ասուլիսում հայտարարել էր ֆրանսիացի համանախագահը:

1995 - Մինսկի խումբը այցելում է Երևան, Բաքու, Ստեփանակերտ, բանակցում նախագահներ Ալիևի, Տեր-Պետրոսյանի և Ղարաբաղի առաջնորդ Ռ. Քոչարյանի հետ։

  • Միջնորդները կողմերի հետ քննարկում էին հրադադարի ամրապնդման ու տեղում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը: ԵԱՀԿ֊ն որոշել էր Վիեննայում ստեղծել Բարձր մակարդակի ծրագրավորման խումբ, որը պետք է զբաղվեր խաղաղապահ ուժերի կազմավորման և ղեկավարման հարցերով: Փաստացի խումբը ԵԱՀԿ֊ին մի քանի տարբերակ է առաջարկում, որոնք նախատեսում են տեղում 1500-4000 խաղաղապահներ տեղակայել: Առաջարկը, սակայն, թեժ բանավեճերի առիթ էր դառնում, և ոչ միայն կողմերի միջև. Ղարաբաղն առաջին դեպքն էր, երբ արևմուտքը ծրագրում էր սեփական ուժերը ուղարկել Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող գոտի։

1988 - Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարում է Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1983 - Հանդիսավոր արարողությամբ բացվում է Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը։

  • Թերթերը գրում էին, որ այն լիովին համապատասխանում է «ամեն ինչ սովետական մարդու համար, ամեն ինչ աշխատանքի մարդու բարօրության համար» կուսակցական նշանաբանին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1965 - Վիկտորիա Գեորգիյանց, դեղագործական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

  • Ղեկավարել է Խարկովի ԻՊԿՍՖ-ի դեղերի որակի, ստանդարտացման և սերտիֆիկացման ամբիոնը, 2010 թվականից ՝ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ։

1945 - Ռուբեն Մելքոնյան, ՌԴ Պետական Դումայի էկոլոգիայի կոմիտեի սեկտորի վարիչ (1994-1997)
1938 - Ֆելիքս Քեֆչիյան, կինոօպերատոր

  • 1993 թվականից եղել է Հեռուստատեսության և ռադիոյի հումանիտար ինստիտուտի Կինոօպերատորական ֆակուլտետի անփոփոխ դեկան: 

1936 - Ռոլանդ Ղազարյան, հնչյունային ռեժիսոր, AES ձայնատեխնիկական ասոցիացիայի անդամ (ԱՄՆ)
1922 - Ստեփան Անաստասի Միկոյան, ավիացիայի գեներալ-լեյտենանտ, փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս
1919 - Հրանտ Վանցյան, Հայաստանում հանքահումքային երկրաֆիզիկայի հիմնադիրը
1886 - Կաետան Ստեֆանովիչ, նկարիչ

  • Ծնվել է նկարիչ Անտոնի Ստեֆանովիչի հայ մտավորական ընտանիքում։

1867 - Նիկոլայ Մելիքով, իշխան, գեներալ-մայոր

  • Գաղթել է Ֆրանսիա, որտեղ արժանացել է երկրի բարձրագույն պարգևին ՝ Պատվո լեգեոնի շքանշանի սպայական հրամանատարական խաչին։

1864 - Հարություն Ալպիար (Յարութիւն Ալբիար), լրագրող, երգիծաբան

  • Գրել է երգիծական ստեղծագործություններ և հեղինակն է Fantazio (1913) աշխատության։ Իր գրվածքները ցրված  են ամսագրերում.

1855 - Միխաիլ Աբելյանց, ինֆանտերիայի գեներալ, Օդեսայի ՎՊ գլխավոր պետ, Օդեսայի գեներալ-նահանգապետ

  • Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ձերբակալվեց բոլշևիկների կողմից և որպես «հակահեղափոխական ու միապետական» գնդակահարվեց 1919թ. հուլիսի 13-ին Օդեսայում։