Պատմության հայկական օրը. հունիսի 12


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ կնոջ՝ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Ս. Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Ս. Եղիա մարգարեի անունը հիշատակում են նաև ավետարանիչները: Թագավորաց գրքում նկարագրվում է, թե ինչպես Եղիան, ապացուցելով կռապաշտների անզորությունը, աղոթքով վառում է ողջակեզի կրակը: Ս. Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն: Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-06-12, 2023-06-04, 2024-05-26, 2025-06-15, 2026-05-31, 2027-05-23, 2028-06-11, 2029-05-27, 2030-06-16:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հադրութի շրջանում իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով  ևս 8 աճյուն։ 

  • Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 հայի աճյուն։

2021 - Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի վարչապետի աջակցությամբ Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատման քարտեզներ:
2021 - «Երկրի հարցը»  հաղորդաշարի հյուրը ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած  Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Հայաստանի համար ամենաճակատագրական հարցում բոլորը սխալվեցին, բացի ՀԱԿ-ից»։
2009 - Հետընտրական հանրահավաքում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պարզաբանում է, թե ինչու են եվրոպացի դիտորդները Երևանի ավագանու ընտրությունները բնորոշել առաջընթաց։

  • «Եթե եվրոպական չափանիշներով մի քայլ առաջ էր նախագահական ընտրությունների համեմատ, ապա միայն նրանով, որ այս անգամ իշխանությունները 10 մարդ չգնդակահարեցին»։

2007 - Ռուսաստանի աջ ուժերի առաջնորդներից մեկը՝ Բորիս Նեմցովը, հայ ազատականներին խորհուրդ է տալիս միավորվել և չվհատվել այն մտքից, որ բարեփոխականները սովորաբար անիծված են։ 

  • «Ալեքսանդր երկրորդ ցարը ռուս ժողովրդին ազատեց ստրկությունից` վերացնելով ճորտատիրական իրավունքը. միլիոնավոր մարդիկ ստացան հող, ազատություն: Չնայած դրան, վեց անգամ մահափորձ է եղել Ալեքսանդր երկրորդի դեմ և ի վերջո սպանել են նրան: Գորբաչովը և Ելցինը, որոնք թեև իրար չէին սիրում, բայց միասին փորձեցին ազատագրել երկիրը, նույնպես անիծվել են: Նրանք, բարեբախտաբար, չեն սպանվել, բայց իբրև քաղաքական գործիչներ ոչնչացվել են»,- ասում է պարոն Նեմցովը։

2000 - Կոալիցիոն կառավարությունը լքած Դաշնակցությունն իր շարքերից հեռացնում է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանին։ 

  • Վերջինս գերադասել էր մնալ նախարար հակառակ պորտֆելներից հրաժարվելու կուսակցության որոշմանը։

1997 - «Զինապարտության մասին» կառավարության հեղինակած օրենքի ընդունման հաջորդ օրը օրենքին կողմ քվեարկած պատգամավոր Էդվարդ Եգորյանը, հայտարարում է, որ Ազգային Ժողովը պետք է ցրվի։
1993 - Աղդամի շրջանի Մազիրլի գյուղի մատույցներում զոհվում է արցախյան պատերազմի հրամանատար Մոնթե Մելքոնյանը։ 

  • Նա Արցախ էր եկել 1991-ի սեպտեմբերին, որտեղ ձեռք է բերում Ավո մարտական կեղծանունը։ 
  • 1992-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով Մոնթեն դառնում է Մարտունու շրջանի շտաբի պետ։ 

1992 - Ադրբեջանի ուժերը լայնածավալ հարձակում են սկսում՝ գրավելով Շահումյանի շրջանը, Մարտակերտի հյուսիսն ու Ասկերանի արևելյան գյուղերը։

  • Արևմտյան գործակալություններն այդ օրերին հաղորդում էին` եռօրյա կատաղի մարտերի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Ըստ ռուսական «Նովոստիի», Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը հայտարարել էր`«ես ինքս ինձ կգնդակահարեմ Բաքվում` խորհդարանի շենքի առջև, եթե իմ բանակը չկարողանա վերադարձնել Ղարաբաղը»:
  • Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը հորդորել էր համաշխարհային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռք առնել Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակումը կանգնեցնելու և նոր մարդկային զոհերից ու ավերածություններից խուսափելու համար: «Եթե Ադրբեջանին զսպելու միջազգային ճնշումն ուշանա, Հայաստանն այլընտրանք չի ունենա, քան ձեռնարկել վճռական գործողություններ և անհրաժեշտ օգնություն ու աջակցություն ցույց տալ պաշտպանելու ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,֊ հայտարարել էր Հայաստանի նախագահը:

1992 - Բելառուսի և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։

  • Հայաստանը դեսպանատուն ունի Մինսկում։ Բելառուսը դեսպանատուն ունի Երևանում։

1991 - Համաժողովրդական ընտրություններում Ռուսաստանի նախագահ ընտրվեց Բորիս Ելցինը:

  • Տեղի ունեցավ Բ. Ելցինի և Լ. Տեր-Պետրոսյանի առաջին պաշտոնական հանդիպումը:

1969 - Երևանում տեղի ունեցավ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:
1958 - Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) մի շարք գաղտնազերծված փաստաթղթերից կազմված տեղեկանքում կարդում ենք․

  • «1947-48թթ-ին՝ հետպատերազմյան շրջանում մոտ 8 000-10.000 հայեր Ֆրանսիայից, Հունաստանից և ԱՄՆ-ից հայրենադարձվել են ՀԽՍՀ: Կոմունիստական ռեժիմում անբարենպաստ կենսապայմաններում ապրելուց հետո նրանց ճնշող մեծամասնությունը կվերադառնային իրենց բնակության նախկին վայրերը, եթե կոմունիստական ղեկավարությունը թույլ տար նրանց»:

1938 - Տեղի ունեցան Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները։ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ ընտրվեց Մացակ Պապյանը:

  • Մացակ Պապյանը Կրեմլում ճաշկերույթի է լինում, դեսերտի ժամանակ խաղողը ճութով բերանն է դնում, կողքից Անաստաս Միկոյանը կամաց ասում է՝ «Խաղողի հատիկները մեկ-մեկ դիր բերանդ»: Մացակն էլ պատասխանում է՝ «Անաստաս, քո ասածը տանձն ա...»:

1920 - ՀՀ վերջին՝ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը կոչով դիմում է Սփյուռքին. «Եթե դուք Հայաստանի հետ եք ու Հայաստանի բարեկամ՝ եկե՛ք Հայաստան»։

  • «Ինչու՞ ռուսը, լեհը կարող են հիմա էլ ծառայել Հայաստանում, իսկ դուք չեք կարող. ո՞ր օրվա համար է ձեր հայրենասիրությունը։
  • Թե՞ կարծում եք, որ Թիֆլիսում, Պոլսում և Ամերիկայում նստած, գեղեցիկ ճառեր արտասանելով ու լավ-լավ խորհուրդներ տալով մեզ՝ արդեն իսկ կատարած եք լինում ձեր ազգասիրական պարտականությունները։
  • Եթե դուք Հայաստանի հետ եք ու Հայաստանի բարեկամ՝ եկե՛ք Հայաստան, եթե չեք գալիս, թողե՛ք Հայաստանը հանգիստ։ Հայաստանը ձեր ճառերին ու խորհուրդներին կարոտ չէ. Հայաստանին ձեր գործն է հարկավոր, ձեր հմտությունը, ձեր մասնագիտությունը, ձեր հայագիտությունը։
  • Եկե՛ք»։

1919 - Անգլիական զորքերը հեռացան Ղարաբաղ-Զանգեզուրից. այդ ընթացքում տեղի ունեցան արցախահայության ևս երկու համագումարներ։

  • Հունվարի 15-ին Ադրբեջանական կառավարությունը «անգլիական հրամանատարության գիտությամբ» Խոսրով բեկ Սուլթանովին նշանակել էր Ղարաբաղի գեներալ-նահանգապետ՝ միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով։
  • Փետրվարի 19-ին Շուշիում գումարվել էր արցախահայության չորրորդ համագումարը, որը մերժեց Ադրբեջանի վերջնագիրը և բողոքել Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու համար։
  • Բրիտանական առաքելությունը հանդես էր եկել պաշտոնական ծանուցմամբ, որտեղ հայտարարեց «...բրիտանական հրամանատարության համաձայնությամբ դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը ժամանակավոր նշանակվեց Զանգեզուրի, Շուշիի, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառների գեներալ-նահանգապետ։ Բրիտանական առաքելությունն անհրաժեշտ համարեց վերստին հավաստելու, որ նշված մարզերի պատկանելությունն այս կամ այն միավորին որոշվելու է խաղաղության կոնֆերանսում»։
  • Օգոստոսի 13-ին հրավիրված արցախահայերի յոթերորդ համագումարն օգոստոսի 22-ին ստորագրեց համաձայնագիր, ըստ որի՝ մինչև Փարիզի հաշտության խորհրդաժողովում հարցի վերջը, լուծումն Արցախն իրեն ժամանակավորապես համարում է Ադրբեջանի տարածք։

1903 - Ռուսական կայսրությունում Հայ եկեղեցուն պատկանող գույքի ու կալվածքների բռնագրավման հրաման տրվեց։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Վահե Սողոյան (ծնվ. Լենինական), ՌԴ վաստակավոր նկարիչ
1951 - Անդրանիկ Մարգարյան (ծնվ. Երևան, մ. 2007), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ (2000-2007)
1939 - Գևորգ Քիլիմջյան (ծնվ. Հունաստան), հայ պատմաբան,
1924 - Սիրեն Աճեմովա (ծնվ. Փարիզ), բալետի պարուհի, դերասանուհի
1920 - Լեոնիդ Դովլաթով (ծնվ. Թիֆլիս, մ. 2012), թատրոնի և կինոյի դերասան
1913 - Արա Բեքարյան (ծնվ. Ղարաքիսար, մ. 1986) հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ

  • Արա Բեքարյանի ծննդյան 100-րդ տարեդարձին նվիրված արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված է «Աշտարակ» նկարից մի հատված, իսկ ներքևում փորագրված է «100 դրամ» մետաղադրամի անվանական արժեքը:
  • Հուշադրամի վերևում և ներքևում հայերեն գրված է «Հայաստանի Հանրապետություն»։ Հուշադրամի դարձերեսին պատկերված է Բեքարյանի դիմանկարը և «Քաջ Նազար» հեքիաթից մի հատված, իսկ հուշադրամի եզրերին՝ «Արա Բեքարյան» և «Արա Բեքարյան 1913-1986» գրությունները։

1901 - Հայկ Թումանյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1971), գեներալ-լեյտենանտ

  • Հայկ Թումանյանը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տոհմից էր։

1872 - Ստեփան Դեմուրյան (մ. 1934), կոմպոզիտոր, խմբավար, բանահավաք, երգիչ
1846 - Ստեփանոս Հովակիմյան (ծնվ. Նիկոմեդիա, մ. 1934), արքեպիսկոպոս

  • Ստեփանոս արքեպիսկոպոս Հովակիմյանը եղել է Հայ Եկեղեցու ինքնատիպ ու ժողովրդին նվիրված գործիչներից՝ ավելի քան 60 տարի շարունակ անխոնջ ծառայելով իր հոտին։
  • Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանից հետո Ստեփանոս Սրբազանը նույնպես արժանացել է Հայրիկ կոչվելու բարձր պատվի:
  • 1881-ին հիմնադրել է Հայտնի պարտիզանական դպրոցը, որն ուներ 1.200 աշակերտ, նկուղային թատրոն՝ բոլոր հարմարություններով: Բութանիայի 45 քաղաքներում և գյուղերում կառուցել է դպրոցներ, եկեղեցիներ, բաղնիքներ, աղբյուրներ, ջրաղացներ, ճանապարհներ։ Հիմնել է մի շարք հայկական գյուղեր՝ Հայոց, Հովիվ, Արամ, Գեղամ, Մանիշակ, Զաքար, Նոր գյուղ, Կապուտիկ։

1840 - Գրիգորիս Ալեաթչյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1899), արքեպիսկոպոս

  • Գրիգորիս արքեպիսկոպոս Ալեաթչյանը 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ իրականության կրոնական դասի նշանավոր ներկայացուցիչներից էր։
  • Վեհափառ Հայրապետն աչքի էր ընկնում բարձր հասակով, հպարտ հայացքով, խրոխտ ձայնով, սև երկար մորուքով, վայելում էր իր հոտի մեծ սերն ու վստահությունը: Ժողովուրդը նրան կոչում էր «Թռչնիկ» մականունով։ Նա միշտ եռանդուն կերպով պաշտպանում էր հայերի շահերն ու իրավունքները, համարձակորեն դատապարտում էր թուրքական բարբարոսությունն ու նրանց հրահրած քուրդ ավազակներին։