Պատմության հայկական օրը. հունիսի 13


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Ս. Խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Ս. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ էր արձակվել Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով կոչված էր Քրիստոսի լույսը տարածել հայոց աշխարհում: Հայ Առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյան և Ս. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-06-13, 2023-06-05, 2024-05-27, 2025-06-16, 2026-06-01, 2027-05-24, 2028-06-12, 2029-05-28, 2030-06-17:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

1992 - Խորհրդա-ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը:
1878 - Սկսվեց Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում:

  • Այդ կոնգրեսից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Արման Խաչատրյան, մյուզիքլի դերասան
1977 - Արմեն Բիջոսյան, սամբիստ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր
1963 - Գրեգ Բենդյան (ծնվ. Էնգլվուդ, ԱՄՆ Նյու Ջերսի), ջազային պերկուսիոնիստ և կոմպոզիտոր

  • Գրեգ Բենդյանը ներառվել է արդի 25 լավագույն թմբկահարների շարքում։
  • Նրա պապը՝ Գրիգորը, փախել է 1915-ին կոտորածներից։ Պապի պատմածնեը խորը տպավորություն են թողել Գրեգի վրա և հենց դրա շնորհիվ Բենդյանը հետագայում գրեց իր որոշ ստեղծագործություններ՝ «Արարատ» (նվիրում պապիկին ու տատիկին), «Հայ ծերերին», «Արշիլ Գորկու նկարները»։

1963 - Լուի Գառզու (ծնվ. Իսի-Լե-Մուլինո, Ֆրանսիա), լրագրող

  • Ժան Մարի Գարզուի որդին: Ժան Գառզուի Թոռը:

1962 - Ժան Դանիել, Ժան-Դանիել Խանգուլյան (ծնվ. Թիֆլիսում), խորհրդային և ռուսական կինո և թատերական դերասան, ռեժիսոր, խուլերի համար թատրոնի հիմնադիր Տալլինում

  • Ժան Դանիելն ունի ուժեղ վոկալ տվյալներ, որոնք նա ցուցադրում է կինոարտադրության մեջ և հատկապես ներկայացումներում։

1962 - Արտյոմ Ավատինյան, երգիչ (բարիտոն), փորձառու երաժիշտ, որը տիրապետում է լայն մասնագիտական մտահորիզոնի և բարձր մշակույթի
1956 - Յուրի Վարդանյան (ծնվ. Լենինական, մ. Ծանրորդ, ԽՍՀՄ քառակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 43-ակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
1951 - Փիթըր Բալաքյան (ծնվ. Թինեք, ԱՄՆ), ամերիկահայ գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր
1941 - Էվելինա Շահիրյան (ծնվ. Լենինական), դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1928 - Իննա Զարաֆյան, կինոօպերատոր; ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976)
1896 - Ջորջ Գաբրիել Կոուրի (ծնվ. Լիվերպուլ, մ. 1956), «Վիկտորիա խաչի» ասպետ

  • Հայրը ՝ Ռաֆայել Կոուրին, ծագումով Լիբանանից է, մայրը՝ ֆրանսուհի։ Նրա անունը բավականին հարգարժան է Բրիտանիայում:

1886 - Հայկ Շեքերջյան (ծնվ. Իզմիր, Օսմանյան կայսրություն, մ. 1966), ամերիկահայ ռազմական գործիչ, ԱՄՆ Զինված ուժերի հայազգի բրիգադի գեներալ

  • Նա ամերիկահայ առաջին զինծառայողն էր, ով ընդունվել էր Ուեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիա՝ դեռևս պատանի տարիներին ցուցաբերած բացառիկ քաղաքացիական խիզախության համար (տասնվեցամյա հասակում համարձակորեն նետվել է այրվող տուն և փրկել կնոջը և նրա երեխային)։
  • Շեքերջյանի անունով կոչվել են փողոցներ Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Բոստոնում, Գլենդելում, Նյու Յորքում, Վաշինգտոնում և Ֆլորիդայում:

1816 - Ֆելիքս Ժան Բատիստ Ժոզեֆ Նևե (ծնված. Բելգիա, մ. 1893), կաթոլիկ բանասեր

  • Լավ հասկանում էր հայերեն և  հայ գրականություն։ Նրա գրչին են պատկանում մի շարք արժեքավոր թարգմանություններ և հետազոտություններ հայագիտության վերաբերյալ։

1799 - Էռնստ Քիշշ, Էռնստ Պզդիկյան (ծնվ. Հունգարիա, մ. 1849), գեներալ-լեյտենանտ, հունգարական հեղափոխության հերոս և հրամանատար (1848-1849)
Հայ հինավուրց Ադոնց տոհմից է։

  • Հունգարիայում Քիշշի հուշարձանը կա, նրա անունով կոչվել են փողոցներ բազմաթիվ քաղաքներում: