Պատմության հայկական օրը. հունիսի 16


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ 

Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Աթանագինեն Ս. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, ով հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, ամփոփում Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետև վկայարաններ կառուցում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-06-16, 2023-06-08, 2024-05-30, 2025-06-19, 2026-06-04, 2027-05-27, 2028-06-15, 2029-05-31, 2030-06-20։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2009 - Հայաստանում Իրանի դեսպանատան առջև հանրահավաք անցկացնող Իրանի քաղաքացիները բողոքում են իրենց երկրում օրեր առաջ կայացած նախագահի ընտրության պաշտոնական արդյունքների դեմ, ըստ որոնց, վերընտրվել էր Մահմուդ Ահմադինեժադը։
2003
- Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների զորավարժությունները:
1999 - Վարչապետ Վազգեն Սարգսյանը, ներկայացնելով ֆինանսների նախարարի պաշտոնում արդեն 2-րդ անգամ նշանակված Լևոն Բարխուդարյանին, կարծիք հայտնեց, որ կառավարության համար ֆինանսների նախարարի պաշտոնը նույնն է, ինչ բանակի համար գլխավոր շտաբի պետինը։
1999 - Միասնական վճարային համակարգ ստեղծելու՝ Կենտրոնական բանկի ծրագիրն արժանացել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հավանությանը։ 
Ստորագրված հուշագրով ամերիկյան կողմը պարտավորվեց ֆինանսական, տեխնիկական և մասնագիտական աջակցություն ցուցաբերել։
1993 Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՀՅԴ Բյուրոյի և ԿԿ անդամներ Ռուբեն Հակոբյանի, Վարդան Հակոբյանի, Տիգրան Ճինպաշյանի և Ոստանիկ Մարուխյանի հետ:

  • «Այսօր ձեզ ուղղում եմ նույն կոչը` մի խանգարեք, միևնույնն է` դա իրականանալու է, և դրա արդյունքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դուրս են գալու շահած: Եվ դուք, լինելով 103-ամյա կուսակցություն, ոչ միայն դուրս կմանք այդ հաջողությանը մասնակից լինելու պատվից, այլ նաև կկրեք այդ հաջողությունը տապալել փորձելու խարանը: ...  Ես կոչ եմ անում դադարեցնել ձեր այդ անբարոյական կամպանիան, որ վարում եք ձեր թերթերում: Անբարոյական, որովհետև դուք շատ լավ գիտեք ճշմարտությունը։ ...
  • Այսօր ձեզ հրաշալի հնարավորություն է ընձեռված (ես ասում եմ վերջապես, որովհետև այս հինգ տարում` 88-ի փետրվարի 20-ից սկսած դուք չեք արել դա), որ դուք մասնակիցն եք Հայաստանի անկախության ձեռքբերմանը, ԼՂ ազատագրական պայքարին և հայոց պետականության կայացմանը: Միևնույնն է` առանց ձեր մասնակցության մենք այդ անկախությունը ձեռք բերեցինք:
  • Մենք մտնում ենք շատ վճռական փուլ` դժվարին, ծանր, բայց էապես տարբերվող նախորդ փուլից: Ես համոզված եմ, որ պատերազմի փուլն ավարտված է, սկսվում է խաղաղության փուլը…»:

1983 - ASALA. Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Լևոն Էքմեքճեան Խմբակ»-ը իրականացնում է «Հակոբ Հակոբեան Գործողութիւն»-ը՝ հարձակում գործելով Ստամբուլի աշխարհահռչակ Ծածկած շուկայի մեջ, ուր անձնասպանական գործողությամբ, վերջին ռումբը ձեռքում պայթեցնելով նահատակվում է Հայ Գաղտնի Բանակի մարտիկ Մկրտիչ Մատարեանը։

  • Գործողության ընթացքում սպանվում է 3, վիրավորվում 22 հոգի։

1945 - Հունիսի 16-22-ը Էջմիածնում գումարվում է համազգային եկեղեցական ժողովը, որի գլխավոր նպատակը Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն էր։

  • Հունիսի 22-ի նիստում, ժամը 4։45-ին ս. Էջմիածնի Մայր տաճարում միաձայն Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում Գևորգ սրբազան արքեպիսկոպոսը։
  • Հունիսի 24-ին Մայր տաճարում տեղի է ունենում Ամենայն հայոց կաթողիկոս Տ.Տ. Գևորգ Զ-ի օծման արարողությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1969 - Ռիչի Առաքելյան (ծնվ. Երևան), Գինեսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր

  • 2006-ի դեկտեմբերի 16-ին սահմանել է Գինեսի իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ կքանստած բարձրացնելով 27.450 ֆունտ։
  • 2008-ի հունիսի 15-ին Գլենդելում ծանրամարտիկն արդեն 95.600 ֆունտ է բարձրացրել, ինչը 50.000-ով ավելի է նախորդ համաշխարհային ռեկորդից:
  • 2012-ի հունվարի 7-ին Ռիչի Առաքելյանը կրկին հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ րոպեում բարձրացնելով 5.175 ֆունտ։

1958 - Վլադիմիր Մոդոսյան (ծնվ. Գորի, Վրաստան), ազատ ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն (1986)
1955 - Լիլիթ Պիպոյան (ծնվ. Երևան), երգչուհի
1954 - Անահիտ Ներսեսյան (ծնվ. Դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ (2007)
1923 - Ղուկաս Չուբարյան (ծնվ. Երևան, մ. 2009), քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1972)
1911 - Ալեքսանդր Արաքսմանյան (Ալեքսանդր Մանուկյան, մ. 1982), դրամատուրգ
1900 - Դանիել Բեդրոսյան (ծնվ. Ռուսաստան, մ. 1973), երգիչ (բաս)

  • Նրա այցեքարտը համերգային ելույթներում առանց խոսափողի երգելն էր, որը նա պարզապես մի կողմ էր պահում. նրա ձայնը բավարար էր։ Նրա կատարումները պահպանվել են միայն ներկայացումների ուշ տարիների ձայնագրություններում։

1894 - Արմեն Թոքաթյան (ծնվ. Պլովդիվ, Բուլղարիա, մ. 1960), օպերային երգիչ (տենոր)

  • 1940-ին մասնակցել է առաջին հեռուստատեսային հաղորդման Մետրոպոլիտեն օպերա-գալա համերգ, որտեղ կատարել է Կանիո "Vesti la giubba" արիան «Պայացներ» օպերայից։

1875 - Հովհաննես Կարապետյան (ծնվ. Ախալքալաք, մ. 1943), հայ խորհրդային երկրաբան, ԽՍՀՄ գիտության վաստակավոր գործիչ