Պատմության հայկական օրը. հունիսի 21


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Բուժաշխատողի օրը

  • Հունիսի 21-ը Հայաստանում բուժաշխատողի օրն է: Դեռ 2001թ. կառավարության որոշմամբ՝ հունիսի 21-ն ընդունվեց որպես Բժշկական աշխատողի օր, հետագայում՝ 2009-ին որոշումը խմբագրվում է բժշկական աշխատողի օր եզրույթը փոխարինելով՝ բուժաշխատողի օր ձևակերպումով:

Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Նունեն և Ս. Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»: Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որը պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323 թ.): Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում  են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծո զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով Ս. Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-21, 2023-06-13, 2024-06-04, 2025-06-24, 2026-06-09, 2027-06-01, 2028-06-20, 2029-06-05, 2030-06-25։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 -  Որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն:
2002 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Անհասկանալի պատճառներով ինքնասպանություն է գոր­ծում ՀՀ նախկին դատախազ, Հայաստանի սահ­մա­նա­դրության կերտող Վլադիմիր Նազարյանը։

  • 70-ամյա Վլադիմիր Նազարյանին իր տանը գտել են մահացած. դատախազության  աղբյուրներով Նազարյանն ինքնասպան էր եղել՝ կախվելով: Ըստ նույն աղբյուրի, Վլադիմիր Նազարյանը երկտող է թողել. «Կորցրել եմ խորաթափանցությունս (գիտական): Իմ մահվան համար ոչ մեկի չմեղադրեք»:
  • «Ես ցավում եմ: Բայց իմ անձնական համոզմամբ, Ռուբենիչը այն մարդը չէր, որ ինքնասպանություն գործեր»,- ասել էր պատգամավոր Արշակ Սադոյանը:

1997 - ASALA. Պայթյուն Բրյուսելում թուրքիայի դեսպանատան առջև՝ նյութական վնասներ պատճառելով։

  • Հայ Գաղտնի Բանակի «Գուրգեն Եանիկեան Մարտական Ջոկատ»-ը ստանձնում է պատասխանատվությունը և իր հաղորդագրության մեջ նշում. «Հայոց Ցեղասպանութենէն 82 տարիներ ետք, թուրքիան շարունակելով միջազգային պայմանագիրերու և մարդկային իրավունքներու ոտնահարման իր քաղաքականութիւնը՝ ծավալապաշտական և ահաբեկչական քաղաքականութիւն կը վարէ Պալքաններու, Կովկասի և Միջին Արևելքի բոլոր խաղաղասեր ժողովուրդներու նկատմամբ»։
  • Այս գործողությունից հետո Հայ Գաղտնի Բանակի կամ նրան մոտ կանգնած կազմակերպությունները որևէ զինյալ գործողության պատասխանատվություն չեն ստանձնել։
  • ԱՍԱԼԱ-ն իր առաջին գործողությունը կատարեց Գուրգեն Յանիկյանի պատվին և այս վերջին գործողությունը ևս նվիրված էր նրան, քանի որ կազմակերպությունը Գուրգեն Յանիկյանին համարում է իր հոգևոր հիմնադիրը։

1994 - Եթեր հեռարձակվեց «Շանթ» հեռուստատեսությունը։
1925 - Լենինականում մեծ շուքով նշվում է Շիրակի Լենինի անվան ջրանցքի բացման արարողությունը. նույն օրը գցվում է նաև հիդրոէլեկտրակայանի հիմքը։

  • Այս առիթով հայ ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղում ժողկոմխորհի նախագահ Լուկաշինը՝ ասելով, որ Հայաստանի բանվորներն ու գյուղացիները իրենց մեծ հաղթանակն են տոնում։ «Շիր-Լեն-ջրանցքը մի հսկա կոթող է, որ ընկճեցնում է մեր թշնամիներին ու հակառակորդներին, և որ գլխավորն է, բանվորագյուղացիական մասսաներին չտեսնված հավատ է ներշնչում դեպի իր ուժը, դեպի իր ապագան։ Շիր-Լեն-ջրանցքը սոցիալիզմի մի զգալի մասն է կազմում մեր բանվորագյուղացիական հայրենիքում»,- ասել էր Լուկաշինը։

1919 - Հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։

  • Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1933 - Լյուդվիգ Դուրյան (ծնվ. Չալտիր, մ. 2010), հայ բանաստեղծ

  • Լ. Դուրյանի բանաստեղծություններով շատ երգեր են գրված («Գալիս ես»)։

1932 - Արեգ Դեմիրխանով (ծնվ. Նովոսիբիրսկ), ՌՍՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1977)
1928 - Լևոն Չայլախյան (ծնվ. Երևան, մ. 2009), ֆիզիոլոգ, կենսաֆիզիկոս, պաթոգեն հյուսվածքների էլեկտրաֆիզիոլոգիայի և միջբջջային փոխազդեցությունների ֆիզիոլոգիայի մասնագետ
1925 - Եվգենի Սիմոնով (ծնվ. Մոսկվա, մ. 1994), թատերական ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1969), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1975)
1920 - Գրիգորի Մելիք-Ավագյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1994), կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1974)
1893 - Արմայիս Հարությունով (ծնվ. Թիֆլիս, մ. 1978), ռուս գյուտարար, ամերիկացի գործարար; էլեկտրոկենտրոնային պոմպի ստեղծողը (WECN)

  • 1916-ին Հարությունովը, դեռ ապրելով Ռուսաստանում, մշակել է պոմպ՝ նավթի արդյունահանման համար։ Փորձագետների պնդմամբ Հարությունովից գրեթե հարյուր տարի անց աշխարհում նավթարդյունահանման համար ոչ մի այլընտրանքային սարքավորում չի ստեղծվել, որը նույնքան բարձր արտադրողականություն, հեշտ շահագործման մեջ և բավական ոչ քրտնաջան կլիներ: