Պատմության հայկական օրը. հունիսի 30


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ 

Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սուրբ Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները և այլն: Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա և Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոնի մորաքույրը, Թեոդիտոնն այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու թաղել: Սակայն կատարվածը հայտնի է դառնում, և հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոնը հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Ս. Թեոդիտոնի և յոթ կույսերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը:
  • Նույն օրը Ս. Թալիելյա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-30, 2023-06-22, 2024-06-13, 2025-07-03, 2026-06-18, 2027-06-10, 2028-06-29, 2029-06-14, 2030-07-04։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Հայկական կողմը հաղորդեց Տավուշում և Ղարաբաղում վիրավորված երկու զինվորների մասին։

  • Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը «Ազատության» հետ զրույցում նշել էր՝ նախորդ ամիսների համեմատ սահմանին կրակոցների թիվն ավելացել է, հակառակ կողմից նաև ինժիներաշինարարական աշխատանքներ են նկատվում: Վարչապետ Փաշինյանը պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարել էր՝ Ադրբեջանի նախագահի հետ հաստատված ուղիղ կապի միջոցով փորձելու է հասկանալ՝ինչ է կատարվում:

2011 - Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է իշխանությանը, որ երկխոսություն սկսելու ողջամիտ ժամկետն ավարտվում է։   
2011 - Արվեստագետների «Արտլաբորատորիա» խումբը նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը շնորհավորում էր տորթով, որի վրա մեկ բառ էր գրված՝ Հեռացիր։
2001 - Արամ Սարգսյանը թերահավատությամբ է խոսում հոկտեմբերի 27-ի հանցագործության բացահայտման հավանականության մասին։  
1999 - «Օրագիր» օրաթերթի խմբագրապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հրավիրվում է դատախազություն։ 

  • Այս անգամ նրա նկատմամբ հայց ներկայացրած քաղաքացին Արտաշես Գեղամյանի տիկինն էր։ Թերթի մի հրապարակմամբ պնդվել էր, թե տիկինը փորձել է մաքսանենգ ճանապարհով ոսկի դուրս բերել Հայաստանից:

1995 - Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում կայացավ հայ էստրադայի աստղերի «Իրապես ցավակցել կարող է նա, ով վերապրել է» խորագրով բարեգործական համերգը, որի ողջ հասույթը հատկացվեց Սախալինի երկրաշարժից տուժածների հիմնադրամին։ 

  • 7,5 բալանոց այդ երկրաշարժին զոհ էր գնացել 1841 մարդ։ Հարյուրավոր հայաստանցիներ մասնակցեցին բարեգործական համերգին՝ ձեռք բերելով տոմսերը մեկուկես դոլար գնով։ 
  • Բացի տոմսերի վաճառքից՝ տեղում կազմակերպված հանգանակությամբ հավաքվեց ավելի քան 5 մլն դրամ։​​​

1993 - Հեյդար Ալիևը Սուրեթ Հուսեյնովին նշանակեց վարչապետի պաշտոնում։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Անջելա Սարաֆյան (ծնվ. Հայաստան), ամերիկահայ դերասանուհի
1954 - Սերժ Սարգսյան (ծնվ. Ստեփանակերտ), ՀՀ 3-րդ նախագահը
1922 - Ժակ Իխմալյան (ծնվ. Ստամբուլ, մ. 1978), հայ նկարիչ, լրագրող

  • Հայ միջնադարյան մանրանկարչության և դիմանկարային գեղանկարչության, ուղղափառ և կաթոլիկ սրբազան արվեստի ավանդույթների կողքին նկարչի ստեղծագործության վրա ազդեցություն են ունեցել նաև ֆրանսիացի իմպրեսիոնիստների և ֆովիստների նորարարական ձեռքբերումները: Առանձնանում է սերը Պիկասոյի և հատկապես Մատիսի նկատմամբ։

1839 - Դավիթ Աբրահամովիչ (ծնվ. Տորգովիցա, մ. 1926), Ավստրո-հունգար և լեհ հայազգի քաղաքական գործիչ, բարերար

  • 1898-ին Աբրահամովիչը ընտրվել է ռեյխսրատի փոխնախագահ, 1897-ին՝ նախագահ։
  • Լեհ դրամատուրգ Ադոլֆ Աբրահամովիչի ավագ եղբայրն է:

1831 - Անրի Ռոշֆոր (ծնվ. Փարիզ, մ. 1913), քաղաքական գործիչ և լրագրող, արմենոֆիլ