Պատմության հայկական օրը. մարտի 15


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ 

Միջինք (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
  • Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-03-15, 2024-03-06, 2025-03-26, 2026-03-11, 2027-03-03, 2028-03-22, 2029-03-07, 2030-03-27: 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց ներկա քաղաքական սրված իրավիճակի ելքը։

  • «...թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»։ 

2021 - Հրապարակվեց հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 96 զինծառայողների անուններ։
2021 - Որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի` թշնամու վերահսկողության տակ անցած հարավարևելյան թևից տարհանվեց ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: 
1996 - Ռուսաստանի Պետդուման ընդունեց որոշում, որով փորձ էր արվում վերականգնել Խորհրդային Միությունը` չեղյալ համարելով 1991թ. դեկտեմբերի Բելովեժյան համաձայնությունները:

  • Նույն օրն իսկ՝ 1996-ի մարտի 15-ին, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հատուկ հայտարարություն տարածեց Բելովեժյան համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին.
  • «Ռուսաստանի Պետդումայի որոշումը պետք է գնահատել ոչ այլ կերպ, քան որպես սադրիչ մի գործողություն՝ ուղղված ԱՊՀ մասնակից երկրների ինքնիշխանության դեմ: Լոկ կոնյուկտուրային շահերով թելադրված`այն նպատակ ունի ապակողմնորոշելու հասարակությանը և թաքցնելու ճշմարտությունը ԽՍՀՄ փլուզման իսկական մեղավորների մասին, որոնք են իրականում ԽՄԿԿ-ն` իր 70-ամյա հակաժողովրդական բռնատիրական վարչակարգով, և 1991թ. օգոստոսյան դավադրության հեղինակները: Ելցինը, Կրավչուկը և Շուշկևիչը ընդամենը արձագանքեցին հանցավոր կայսրության փլուզման արդեն իսկ կայացած փաստը և դրանով էլ, ըստ էության փրկեցին ԽՍՀՄ ժողովուրդներին կործանարար հարավսլավական տարբերակով դեպքերի զարգացումից: Դումայի որոշումը ես դիտում եմ որպես կոմունիստական ռևանշի բացահայտ մի փորձ, որը կարող է ստեղծել անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ ոչ միայն Ռուսաստանում, այլ ԱՊՀ բոլոր երկրներում»:
  • Ռուսաստանի Պետդումայի ընդունած որոշմանը արձագանքեցին նաև Հայաստանի Ազգային ժողովը: ՀՀ ԱԺ 120 պատգամավորների հայտարարության մեջ ասվում էր.
  • «…փորձ է արվում վերականգնել Խորհրդային Միությունը…, ոտնահարվում է միջազգային իրավունքը, պետությունների ինքնիշխանությունը, ժողովուրդների ազատությունը… Դումայի արկածախնդրական որոշումները… չեն կարող որևէ իրավական հետևանք ունենալ հատկապես Հայաստանի համար, որը չմասնակցեց ԽՍՀՄ պահպանման մասին 1991թ. մարտի 17-ի հանրաքվեին և սեպտեմբերի 21-ին անցկացրեց իր հանրաքվեն` հռչակելով Հայաստանի անկախությունը...»:

1959 - Խորհրդային Հայաստանում անցկացվում են Գերագույն խորհրդի և տեղական խորհուրդների ընտրություններ, որոնց մասնակցում է ընտրողների 99.99 տոկոսը։

  • 1959-ի մարտին ընտրված պատգամավորների թվում էին Մարտիրոս Սարյանը, Գոհար Գասպարյանը, Սերգեյ Մերգելյանը, Էդվարդ Միրզոյանը։

1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը։
1921 - Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը, «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարեց Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, «Երիտասարդ Թուրքեր» կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

  • 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանում Սողոմոնի դատապաշտպան դոկտոր Նիմայեր Կիրը իր պաշտոնական ճառում ասաց. «Սողոմոն Թեհլերյանն ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, նրա հետ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա իր ձեռքով կտաներ իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշակը, դրոշակը` ողջ խոշտանգվածների, դրոշակը` իր լլկված ընտանիքի»: «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, որովհետև խիղճս հանգիստ է»,- սա էր Թեհլերյանի կարճ ու խոսուն պատասխանը: Դատական նիստը տևում է երկու օր: Արդյունքում Սողոմոնն արդարացվում է: 

1880 - Լույս տեսավ «Պսակ» թերթը՝ Երևանի առաջին պարբերականը (ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թ․ ապրիլի 7-ը):

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1972 - Էնն Բեդյան (ծնվ. Մոնրեալ), սերիալների ամերիկյան դերասանուհի
1971 - Արտյոմ Երկանյան (ծնվ. Երևան), «Շանթ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, հեռուստահաղորդավար
1959 - Ռուբեն Դիշդիշյան (ծնվ. Կազան), ռուսական հեռուստա-և կինոպրոդյուսեր
1955 - Սերգեյ Մանուկյան (ծնվ. Գրոզնի), ջազ և սոուլ վոկալիստ, կոմպոզիտոր և երաժիշտ

  • Համագործակցություն առաջին աստղային մեծության երաժիշտների հետ, ինչպիսիք են Ֆրենկ Զապպան, Սինդի Լոպերը, Մայքլ Բոլթոնը, Արտ Ֆարմերը, Դիզզի Գիլեսպին, Կառլոս Սանտանան, Ջորջ Բենսոնը և այլն:

1954 - Ջոզեֆ Կեչիչիան (ծնվ. Բեյրութ), քաղաքագետ և իսլամական հետազոտությունների կենտրոնի (KFCRIS), Լոս Անջելեսում Օմանի սուլթանատի պատվավոր հյուպատոս (2006-2011)
1940 - Ջերալդ Բեժանով (ծնվ. Թբիլիսի), դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1952 - Գարուն Աղաջանյան (ծնվ. Երևան), գրող
1948 - Սպարտակ Գևորգյան (ծնվ. Շվեդիա), միկրոալիքային էլեկտրոնիկայի մասնագետ
1935 - Լեոնիդ Ենգիբարյան (ծնվ. Մոսկվա, մ. 1972), կրկեսի, էստրադայի և կինոյի դերասան, գրող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)

Մի՛ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի և նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ...

1927 - Բեատրիս Հովհաննիսյան (ծնվ. Բաղդադ, մ. 2008), Իրաքի առաջին կին դաշնակահարը և կոմպոզիտորը

  • Նրա հայրը, ծնվել է Պարսկաստանում, հետո հաստատվել Բաղդադում ։ Նրա մայրը և երկու հորեղբայրները Հայոց ցեղասպանությունը վերապրած որբեր էին։ Ընտանիքն ապրում էր բարգավաճման մեջ և ամեն կերպ խրախուսում էր երեխաներին արվեստով զբաղվել ։
  • Ելույթ է ունեցել Լոնդոնի հայկական եկեղեցում, Բաղդադի հայկական եկեղեցում, Ժնևի հայկական եկեղեցում և Սենտ Պոլ քաղաքի հայկական եկեղեցում:

1924 - Գեորգի Ասատուրյան (մ. 2013) ՀՀ արվեստի և սպորտի վաստակավոր գործիչ
1922 - Վասիլի Սարգսյան (ծնվ. Օդեսա, մ. 1968), տանկիստ, Խորհրդային Միության հերոս
1920 - Մարտիրոս Նաղուլյան (ծնվ. Ադլեր, մ. 1945), օդաչու-գրոհային, Խորհրդային Միության հերոս

  • Հերոսի անունով փողոց կա Ադլերի շրջանում:

1919 - Ջորջ Ավագյան (ծնվ. Արմավիր, Ռուսաստան, մ. 2017), ամերիկացի պրոդյուսեր, ջազի ականավոր գործիչներից մեկը
1918 - Սուրեն Ղալթախչան (մ. 1992), փիլիսոփա, ազգային հարաբերությունների տեսության մասնագետ, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
1918 - Զարուհի Դոլուխանյան (ծնվ. Մոսկվա, մ. 2007), հայ երգչուհի, մեցցո-սոպրանո, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1955), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1956), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990)

  • Դոլուխանյանը լրջորեն զբաղվում էր նաև գեղանկարչությամբ։ 

1913 - Մկրտիչ Եսայան, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
1912 - Տիգրան Մելկումյան (ծնվ. Մաշհեդ, Իրան, մ. 1974), ռեակտիվ ավիացիոն և հրթիռային շարժիչների բնագավառի մասնագետ, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
1912 - Էրազմ Մելիք-Քարամյան (ծնվ. Փարիզ, մ. 1985), կինոռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)
1907 - Զարեհ Մութաֆյան (ծնվ. Սամսոն, Թուրքիա, մ. 1980), նկարիչ, արվեստաբան

  • Դիմանկարի և բնանկարի վարպետ: Ֆովիզմի քարոզիչներից մեկը։
  • Բացի նկարչությունից, Մութաֆյանը նաև արվեստագիտության ամենահետաքրքիր աշխատությունների հեղինակն է։

1900 - Սարգիս Գևորգյան (ծնվ. Երևան, մ. 1971), կինոօպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

  • Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի համար:

1884 - Գուսան Վերդի (Գեղամ Թարվերդյան, ծնվ. Ազատավան, Երևանի գավառ, մ. 1959), հայ բանահավաք-աշուղագետ, գուսան
1851 - Վիլյամ Միտչել Ռամզի (ծնվ. Բորնմուտ, մ. 1939), շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ
1830 - Էլիզե Ռեքլյու (ծնվ. Սենտ Ֆուա Լա Գրանդե, Ֆրանսիա, մ. 1905), ֆրանսիացի աշխարհագրագետ և պատմաբան, Փարիզի աշխարհագրական ընկերության անդամ, համոզված բուսակերների և անարխիստ