Պատմության հայկական օրը. մարտի 18


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ 

Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • 4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով  մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է հավատով և նետվելով լիճը, պսակակից է դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40-գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը: 40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ հավատարիմ մնալ Քրիստոսին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-03-18, 2024-03-09, 2025-03-29, 2026-03-14, 2027-03-06, 2028-03-25, 2029-03-10, 2030-03-30։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական սրված իրավիճակից ելքը ներկայացնելուց 3 օր անց Նիկոլ Փաշինյանն ու քաղաքական ուժերը հայտնեցին, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 

  • Այդ առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն տարածեց, որում հույս էր հայտնում, որ «խորհրդարանական քաղաքական ուժերը կառաջնորդվեն ոչ թե իրավիճակային նկատառումներով, այլ հավատարիմ մնալով նախկինում հայտնած սեփական դիրքորոշումներին, կդրսևորեն այս պահին Հայաստանին այդքան անհրաժեշտ հետևողականություն և սկզբունքայնություն, արագ կընդունեն Ըտրական նոր օրենսգիրքը, ինչը թույլ կտա երկրում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել արդար ընտրությունների միջոցով»։

2021 - Ջաբրայիլի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց ևս մեկ աճյուն:
2011 - Հայ ազգային կոնգրեսի ակտիվիսները դատախազությունից պահանջում են պատժել մարտի 1-ի մարդասպաններին և ազատ արձակել քաղբանտարկյալներին։ 
2005 - Ռոբերտ Քոչարյանը գլխավոր դատախազի պաշտոնին է վերադարձնում Աղվան Հովսեփյանին, որին պաշտոնանկ էր արել 1999 թ. հոկտեմբերի 27-ից 20 օր հետո։ 

  • Քոչարյանն իր վերանշանակումը պատճառաբանեց նրանով, որ Աղվան Հովսեփյանին ճանաչում է 1981 թվականից Լեռնային Ղարաբաղից։

2002 - «Նաիրիտ» գործարանը ՀՀ կառավարության տնօրինությունից անցնում է անգլիական ընկերությանը։ 
1998 - Նախագահի արտահերթ ընտրությունների առաջին փուլի առիթով եվրոպացի 200 դիտորդներն արձանագրում են բազմաթիվ լուրջ խախտումներ, սակայն հայտարարում են, որ դրանք չեն ազդել ընտրության արդյունքների վրա։ 
1985 - Մոսկվայի միությունների տան սյունազարդ դահլիճում տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի ծննդյան 175-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին մասնակցում էին ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամներ Ալիևը, Դեմիչևը, Զիմյանինը։
1949
 - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։
1944
 - Մարտաշարք մտավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանի հայերի հավաքած միջոցներով:
1940 - Երևանի կարբիտի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը` ներկայիս «Նաիրիտը»:
1931
 - Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
1922 -
ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ ընդունված դեկրետով Խորհրդային Հայաստանում սկսվում է հայերենի ուղղագրության փոփոխությունը։ 

  • Նոր ուղղագրության ընդունման գործը վստահված էր լեզվաբան Մանուկ Աբեղյանին։

1839 - Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ.Պոլսում ընտրվեց պատրիարք:

  • Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարով: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին: 

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Հովհաննես Գոհարյան (ծնվ. Կամո), հայ ֆուտբոլիստ, հարձակվող
1964 - Տիգրան Հայրապետյան (ծնվ. Երևան, մ. 1999), քաղաքագետ, լրագրող, Ղարաբաղյան շարժման ուսանողական առաջնորդներից 

  • Իր հրապարակումներում կանխատեսում էր իշխանափոխություն, սարսափով տեսնում էր ղարաբաղյան կլանի արմատավորումը և դա համարում էր Հայաստանի վերջը։ Ողբերգական կերպով զոհվել է ճանապարհային պատահարի հետևանքով։

1953 - Գրիգորի Բալաքյան (ծնվ. Երևան), երաժիշտ, թմբկահար

  • 1967 թվականից սկսել է թմբուկների վրա նվագել լեգենդար Արմեն «Չիկոն» Թութունջյանի  հետ։ 1986 թվականից եղել է Դավիթ Ազարյանի ջազ-տրիոյի թմբկահարը։

1948 - Գևորգ Գյոզալյան, հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ
1924 - Լևոն Խաչերյան (ծնվ. Նիկոսիա, մ. 2007), լեզվաբան, հայագետ
1915 - Լև Մամիկոնյանց (մ. 2009), գիտնական-էներգետիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
1912 - Տոտո Կարաջա (Թոթո Գարաջա, ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1992), դերասանուհի, երգչուհի, պարուհի
1879 - Վարազդատ Գալանչյան (ծնվ. Էրզինջան, Էրզրում, մ 1974), գեղագիտական վիրաբուժության հայրերից
1864 - Թորոս Թորամանյան (ծնվ. Շապին-Գարահիսար, Թուրքիա, մ. 1934), հայ ականավոր ճարտարապետ և հնագետ, հայկական ճարտարապետության ուսումնասիրության գիտական ուղղության հիմնադիր, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933)

  • Թորամանյանը Վառնա և Ռուսա բուլղարական քաղաքների ճարտարապետական կերպարի ստեղծողներից է։

1800 - Գժեգոժ Շիմոնովիչ (ծնվ. Լվով, մ. 1875), Լվովի հայ կաթոլիկ արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս (1858-1875)