Պատմության հայկական օրը. մարտի 20


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2019 -  ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրեց։

  • Ըստ մեղադրանքի, Լևոն Երանոսյանը 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ  առաջացրել են ծանր հետևանքներ:

2008 - Երևանում դադարեց գործել արտակարգ դրությունը, որը Մարտի 1-ի սպանություններից հետո հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

  • Արտակարգ դրության օրերին գրաքննության պատճառով թերթերի մի մասը հրաժարվեց տպագրվել։

2002 - Հոկտեմբերի 27-ի գլխավոր մեղադրյալ Նաիրի Հունանյանը նամակով դիմում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ «Մի խանգարեք արդարադատության իրականացմանը»։

  • Հունանյանը հայտարարում է, որ եթե իրեն որևէ բան պատահի, դա պատահականություն չի լինի։

2001 - Հայաստանի արտգործնախարարությունը և Ռուսաստանի դեսպանատունը համաձայնագիր ստորագրեցին , որով Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինվորներին թույլատրվում է զենք կիրառել ռազմաբազայի տարածքից դուրս։

  • Դեսպան Անատոլի Բիրյուկովն ասում է, որ անթույլատրելի է զենքի կիրառումը, բայց «եթե անհրաժեշտ է, ուրիշ տարբերակ չկա»։

1998 - Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ ՀՀՇ Վարչության 14 անդամներ հրաժարվում են շարունակել իրենց մասնակցությունը վարչության կազմում՝ Հայաստանից հարկադրաբար հեռացած Վանո Սիրադեղյանի կուսակցությունը հեռվից ղեկավարելու քննարկման ընթացքում։
1997 - Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
1992 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Ստեփանակերտ են ժամանում ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը և անվտանգության խորհրդի լիազոր Յանուշ Կուբիչը (Հունգարիա):
1986 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայում գտնվող «Փուան Շօ» մարդաշատ ծածկած շուկայում։ Երկու սպանված, 30 վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1972 - Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
1920
 - Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
1750 - Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս արքեպիսկոպոսի կողմից իրականացվեց «Նարեկի» ամբողջական առաջին տպագրությունը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Մարտ Բաբայան (ծնվ. Գրոզնի), երգիչ և կոմպոզիտոր
1963 - Մանուկ Ժաժոյան (ծնվ. Լենինական, մ. 1997), բանաստեղծ, թարգմանիչ, գրական քննադատ

  • 1992-ից Փարիզում «Русская мысль» թերթի գրական մեկնաբանը։

1962 - Կարինե Աշուղյան (ծնվ. Արտաշատ, մ. 2019), հայ բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս
1959 - Միխայիլ Վարդանյան (ծնվ. Գրոզնի), Բայկոնուր տիեզերակայանի պետ
1952 - Բաբկեն Սիմոնյան (ծնվ. Երևան), թարգմանիչ, գրող, բանաստեղծ
1949 - Վալերի Հարությունով (ծնվ. Երևան), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1973), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (1974, 1975)
1921 - Սաղաթել Հարությունյան (ծնվ. Բամբակաշատ, մ. 2005) հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ
1898 - Արամ Ֆրենկյան (ծնվ. Կոնստանցա, Ռումինիա, մ. 1964), փիլիսոփա, բանասեր, պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր
1887 - Հովսեփ Օրբելի (ծնվ. Քութայիսի, մ. 1961), ականավոր խորհրդային գիտնական, արևելագետ, հնագետ, կովկասագետ և հասարակական գործիչ

  • Ծաղկաձորում ներկայումս գործում է Օրբելի եղբայրների թանգարանը (1982)

1878 - Արազի (Մովսես Հարությունյան, ծնվ. Շուլավեր, մ. 1964), արձակագիր

  • «Այրվող հորիզոններ» ինքնակենսագրական վեպի (1940), հայ մտավորականության կյանքի մասին պատմող «Հաղթական ծիլեր» (1950) և «Իսրայել Օրի» (1959) ստեղծագործությունների հեղինակ է:

1876 - Հրաչյա Աճառյան (ծնվ. Ստամբուլ, մ. 1953), գրականագետ, լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933)

  • Արևելագետների XI համաշխարհային կոնգրեսի անդամ (1897): Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ (1897):
  • Նրա անունը շնորհվել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին (1964), Երևանի թիվ 72 միջնակարգ դպրոցին (1966):

1857 - Գուսան Շերամ (Գրիգոր Տալյան, ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1938), գուսան, կոմպոզիտոր, բանաստեղծ

  • Հայտնի աշուղ Քյամալին նրա պապն էր, իսկ աշուղ Ջամալին հորով զարմիկ էր։
  • 1905 թ. Էջմիածնում Շերամին լսեց Կոմիտասը և նոտագրեց նրա երգերից մեկը։