Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 9


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հղություն Ս. Աստվածածնի (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիությունը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում: Այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ: 
  • Սուրբ Կույսի ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքներն ու գթաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Ս. Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար: Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում և ծնվում է դուստր, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրիս վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Բանն Աստծո մայրը: Որպես մայր նա անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը:
  • Հայ եկեղեցին Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը, հաստատուն կերպով նշում է դեկտեմբերի 9-ին:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 4 հայ ռազմագերի։ 
2018 - Հայաստանում տեղի ունեցան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ:
2016 - Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ են անում Ալիևին և Սարգսյանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

  • Համբուրգում`ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը, Ռուսաստանի, ԱՄՆ֊ի ու Ֆրանսիայի արտգործնախարարները հայտարարում են`պատրաստ են կողմերին ընդունել իրենց երկրներում, երբ վերջիններս պատրաստ կլինեն դրան: Գերտերությունների արտգործնախարարներն ընդգծում են`անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման , միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու ուղղությամբ»:
  • Կոչն այդպես էլ մնում է թղթի վրա:

2015 - Ղարաբաղը հայտարարում է, թե հրադադարից հետո առաջին անգամ Ադրբեջանը հայկական դիրքերը արկակոծում է տանկերով. զոհվում է ևս մեկ զինվոր։

  • Շփման գծի բախումները սկսվել էին Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունից մեկ օր անց և շարունակվել մինչև տարեվերջ: Ղարաբաղի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե «Ադրբեջանը իրավիճակը մոտեցնում է պատերազմականին»:

1991 - Հայաստանում ընդունվեց «Զինապարտության մասին» օրենքը:
1991 - Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2014 թ.)):
1948 - ՄԱԿ-ի գլխավոր ժողովը որոշում ընդունեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժներ սահմանելու, ինչպես նաև այն մասին, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի։

  • Կոնվենցիայով պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 1946թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ցեղասպանությունը հանցագործություն է և հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն, ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, և համոզված լինելով, որ մարդկությունը այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, սույնով համաձայնում են ներքոհիշյալի շուրջ:

1942 - Լենինգրադում առաջին ան­գամ բե­մադր­վում է Արամ Խա­չատր­յա­նի «Գա­յա­նե» բա­լե­տը:
1918 - Հայ-վրացական զինված ընդհարում, որը տևեց մինչև դեկտեմբերի 31-ը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1904 - Արուս Ասրյան, թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասանուհի, անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը
1883 - Հակոբ Օշական, արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ (մ. 1921)