ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարությունը

Փաստագրելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

  • 2018 թվականին, հեղափոխության ալիքի վրա գալով իշխանության, տապալել է հեղափոխության նպատակներն ու արդարության վերականգման ժողովրդական սպասումները,
  • Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում դրսևորել է երկրի ղեկավարին ոչ հարիր անհեռատեսություն, որը հանգեցրել է աղետալի պատերազմի,

ինչի հետևանքով.

♦ ունեցել ենք հազարավոր անդառնալի մարդկային զոհեր,
♦ կորցրել ենք ոչ միայն Արցախի հանրապետության շուրջ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները, այլև տարածքներ բուն Արցախի հանրապետությունից, այդ թվում նաև պատմական Շուշի քաղաքը,
♦  պետությանը հասցվել են ռազմական և նյութական ահռելի վնասներ,

  • Հետպատերազմյան ժամանակահատվածում շարունակել է իր նույն՝ անխոհեմ քաղաքականությունը.

♦ պատասխանատվությունից խույս տալու նպատակով, իրենից բացի բոլորին պարտության մեղավորներ կարգելու նրա մոլուցքն առաջացրել է ներքաղաքական ճգնաժամ, որը չի լուծվել անգամ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններով.
♦ «նախկիններ» հորջորջած քաղաքական ուժերի հետ փոխկապակցված գործողություններով և սին խոստումներով, ըստ էության, մոլորեցրել է ընտրողներին և վերարտադրվել՝ դրանով զգալի վնաս հացրել և՛ պետության, և՛ հայ ժողովրդի միջազգային վարկանիշին (նույն համատեքտում է իր քարոզչամեքենայով 1988 թվականի համազգային զարթոնքի և հայ ժողովրդի պատմական ձեռքբերումների նվաստացումը),
♦ կառավարման համակարգը կանգնեցրել է կոլապսի առաջ:

Ընդ որում,

  • Չի համարձակվում ստանձնել բանակցային կարգավորման հասնելու քաղաքական պատասխանատվություն և չարդարացված պատճառաբանություններով խուսափում է բանակցություններից, ինչի հետևանքով այս ընթացքում.

♦ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածքային կորուստ,
♦ մոտ 300 հետպատերազմյան նոր զոհեր,
♦ հակառակորդը շրջափակվել է Արցախի 120 հազար բնակչությանը,
♦ հայկական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը դարձել են սակարկման առարկա,
♦ տապալվել է իր իսկ հայտարարած «Խաղաղության դարաշրջանի» օրակարգը,
♦ ճգնաժամի են հասցվել ռազմավարական դաշնակցի հետ փոխհարաբերությունները,
♦ Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականությունն, ըստ էության, հայտնվել է մեկուսացման մեջ,
♦ Հայաստանը դարձել է անվստահելի պետություն բոլոր գործընկերների համար,
♦ իրական է դարձել նոր պատերազմի սպառնալիքը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատվությամբ նպաստում է ԼՂ հայաթափման և բանակցության սեղանին դրված խնդիրները նոր պատերազմով լուծելու Ադրբեջանի նկրտումներին։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով է պայմանավորված, որ Հայաստանի հանրապետությունը հասել է վտանգավոր՝ նոր պատերազմի շեմին, որը հղի է տարածքային, ինքնիշխանության կամ պետականության կորուստով և հայ ժողովրդի նորանոր զրկանքներով։

Ուստի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ նպատակ ունենալով. 

♦ կանխել նոր պատերազմը,
♦ վերջակետ դնել 44-օրյա պատերազմին,
♦ պետությունը վերադարձնել բնականոն կենսագործունեության և զարգացման հուն, 

անհրաժեշտ է համարում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Այս նպատակով՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն առաջարկում է գործողությունների հետևյալ ծրագիրը:

Քայլ Ա

Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչև ս/թ փետրվարի 20-ը նախաձեռնի Նիկոլ Փաշինյանին փոխելու հարցը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ՔՊ-ին կաջակցի այդ գործընթացում։ 

Խորհրդարանական ընդդիմությանը հորդորում ենք նույնպես սատարել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ՔՊ հնարավոր որոշմանը:

Քայլ Բ

Մինչև նշված ժամկետը ՔՊ կողմից որևէ արձագանք չլինելու դեպքում, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, ս/թ փետրվարի 20-ից օրակարգային կդարձնի ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը՝ մինչ այդ քաղաքական քննարկումներ անցկացնելով քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստ է համախոհ քաղաքական ուժերի և գործիչների հետ ձևավորել միասնական հարթակ և օրակարգ։

Փետրվարի 20-ին՝ հայկական զարթոնքի 35-ամյակի օրը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կամփոփի քաղաքական քննարկումների և գործողությունների ծրագրի առաջին փուլը և հանդես կգա հետագա գործողությունների մասին հայտարարությամբ: